Ս.թ. մայիսի 31-ին Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցել «Կոռուպցիան Հայաստանում. լուծման ուղիները և սփյուռքի դերը» խորագրով համաժողով, որը կազմակերպվել էր «Հայկական վերածնունդ» շարժման Կանադայի մասնաճյուղի նախաձեռնությամբ: Համաժողովը նշանավորել է Հայաստանի ներքին խնդիրների նկատմամբ սփյուռքի ավանդական մոտեցումներից կտրուկ շրջադարձ՝ առանձնանալով որպես ներկայիս հայաստանյան իրականություն ամենացավոտ խնդրի՝ կոռուպցիայի, դրա հետևանքների և դրանից ազատման ուղիների շուրջ քննադատական մոտեցման անկաշկանդ և բաց քննարկումով: Համաժողովի ընթացքում առաջին անգամ ցուցադրվել է կինոռեժիսիոր Ատոմ Էգոյանի նոր՝ «Լուսավորիչը» կարճամետրաժ ֆիլմը, որում ցույց է տրված, թե ինչպես է կոռուպցիան ձևախեղում մարդկանց հոգեբանությունը Հայաստանում։

Միջոցառման բանախոսներից Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կանադայի ներկայացուցչության ավագ խորհրդական Բրոնուին Բեստն իր զեկույցում խոսել է ԹԻ գործունեության, ինչպես նաև Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի և դրսևորումների մասին: Հայաստանի վերաբերյալ նյութերը տիկին Բեստին տրանադրել էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ով հրավիրված էր բանախոսելու, սակայն տեխնիկական պատճառով չի կարողացել մասնակցել համաժողովին:

ԱՄՆ-ից Policy Forum Armenia-ից բանախոսել է Վլադիմիր Շեկոյանը: Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև Քարոլին Նաջարյանը (Բոստոն, ԱՄՆ), Զարեհ Ուզունյանը, Պերճ Մինասյանը (Կանադա), Արտակ Զեյնալյանը և Գարեգին Չուգասզյանը (Հայաստան), Կամո Մայիլյանը (Depop Armenia, Կանադա), Վահան Քոլոլյանը (Քոլոլյան Հիմնադրամ, Կանադա) և այլոք: Համաժողովի մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում տնտեսական վիճակի հիմնական պատճառը կոռուպցիայի առկա վիճակն է, որի հիմնական պատասխանատուները գործող համակարգի ներկայացուցիչներն են ու նրանց վարած անթույատրելի կառավարման ձևերը։