Ս. թ. ապրիլի 28-30-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Խաչիկ Հարությունյանը մասնակցել է Բազելի համալսարանում կայացած կոռուպցիային առնչվող հետազոտական մեթոդների և դրանց կիրառման վերաբերյալ եռօրյա ինտերակտիվ սեմինարին: Սեմինարը նախատեսում էր մասնագետներին և հետաքրքրված շահագրգիռ կողմերին ապահովել անհրաժեշտ հայեցակարգային և մեթոդաբանական գործիքներով՝ կոռուպցիայի վերաբերյալ հետազոտությունը բազմազան թեմաների, համատեքստերի և նպատակների համար կիրառելի դարձնելու նպատակով:

Սեմինարին մասնակցում էին ողջ աշխարհի գիտական ու կրթական ոլորտի, կառավարական և ոչ կառավարական հաստատությունների մասնագետներ, ինչպես նաև մասնավոր հատվածի պաշտոնատար անձինք: Սեմինարի շրջանակում անցկացվել են հետազոտական նախագծերի և մեթոդաբանությունների վերաբերյալ դասախոսություններ՝ կոռուպցիայի հետազոտման հիմնախնդիրները լուծելու նպատակով, ինչպես նաև խմբային աշխատանք և քննարկումներ, կիրառելու իրենց սովորած հայեցակարգերն ու տեսությունները: