2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումը, կայացրել է որոշում: Դրա 1-5-րդ կետերով ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված՝ 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, 49-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածի 6-րդ կետը, 44-րդ հոդվածի 1-ին մասը, 76-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր:

Հիմք ընդունելով աշխատակիցների դիմումները և ղեկավարվելով ՀՀ Սահմանդրական դատարանի 2014 թ. ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշմամբ, ինչպես նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, Կազմակերպության կանոնադրության դրույթներով, առաջնորդվելով մարդու իրավունքների և ազատությունների գերակայության սկզբունքով, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ոգով, դիտարկելով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն իր ամբողջության մեջ, ելնելով իր անդամների և աշխատակիցների իրավունքների և օրինական պահանջների իրականացման անհրաժեշտությունից՝ «Թրանսփարեսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն որոշել է չհաշվարկել և չվճարել կազմակերպության վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող այլ անձանց համար կուտակային վճարները մինչ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխան նոր օրենսդրական կարգավորումների ուժի մեջ մտնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը չի ներկայացրել համապատասխան դիմում: