Tert.am-ի հետ զրույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը դրական է համարել ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատված՝ Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, սակայն նշել է, որ կարևորը դրա կիրարկումն է: Նա ընդգծել է, որ ամեն ինչ անիմաստ կդառնա, եթե «թղթից՝ գործ» քայլը չիրականացվի:

«Նման ռիսկ իրականում կա: Գիտեք, որ եղել են շատ ու շատ փաստաթղթեր ու հիմնադրույթներ, որոնք այդպես էլ մնացել են թղթի վրա: Մեր կազմակերպությունը, լինելով հակակոռուպցիոն, պետք է մասնակցեր այս աշխատանքներին, ուստի մենք ընդունել ենք հրավերը: Եթե հետագայում նախագիծը գործնականում չկիրարկվի, ապա կկիսենք պատասխանատվությունը»,- ասաց նա:

Հարկ է նշել, որ հայեցակարգի նախագիծը նախապատրաստվել է Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիթորինգի հանձնաժողովի շրջանակում ձևավորված աշխատանքային խմբի կողմից: Աշխատանքային խմբում ընդգրկվել են ՀՀ Կառավարության, այլ պետական մարմինների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև՝ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչներ:

Անդրադառնալով հարցին, թե այն խումբը, որը պետք է մշակի Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, ինչ հիմնական խնդիրներ պետք է հաշվի առնի, Վարուժան Հոկտանյանը պատասխանել է. «Առաջին հերթին՝ պետք է պարզել, թե որոնք են ռազմավարության խնդիրները և նպատակները: Ռազմավարության մշակման գործում հանրային մասնակցությունը չպետք է լինի իմիտացիոն: Մյուս հարցը, որ մենք կարևորում ենք, մոնիթորինգային գործուն համակարգի ստեղծումն է, այսինքն՝ ինստիտուցիոնալ կառույցների ստեղծումը: Այս երեք բաղադրիչների առկայությունը մշտապես գտնվելու է մեր ուշադրության կենտրոնում»:

ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ մինչև 2014 թվականի հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի քաղաքացիական հասարակության մասնակցությամբ մշակված Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որում, որպես հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ, նախատեսվելու են հետևյալ չորս բնագավառները՝ կրթություն, առողջապահություն, պետական եկամուտների հավաքագրում, ոստիկանություն՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով: