Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը հարցազրույց է տվել «Ասպարեզ» օրաթերթին Հայաստանի՝ Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու քայլերի վերաբերյալ: Հարցին, թե Հայաստանի՝ ՄՄ-ին անդամացելու քայլերին զուգընթաց, հնարավո՞ր է՝ ՀՀ անկախության և պետականության կորստի ռիսկեր առաջանան, Վարուժան Հոկտանյանը պատասխանել է. «Նման ռիսկեր միշտ կան, խնդիրն այն է, թե այդ ռիսկերը որքանո՞վ կիրականանան»:

Արդյո՞ք մենք ներքաշվում ենք նոր Սովետական միության կազմի մեջ, հարցին ի պատասխան, Հոկտանյանը պարզաբանել է.«Ձեռնպահ կմնայի նոր Սովետական միություն բառն ասելուց: Եթե դա ասելով նկատի ունենք դասական Սովետական միությունը, դժվար թե, բայց ինչ-որ մի ինտեգրացիա կլինի: Եթե ինտեգրացիան կանգնի միայն տնտեսական մակարդակի վրա, ՄՄ-ն ավելի շուտ կնմանվի Եվրամիության ինչ-որ մոդելի: Իսկ եթե ավելի խոր ինտեգրացիոն գործընթացներ գնան, այստեղ մի վտանգ կառաջանա՝ կլինի մի գերիշխող պետություն՝ Ռուսաստանը, ով իր այդ դիրքն օգտագործելով՝ կնմանվի ռուսական կայսրության մոդելին: Այդ դեպքում, Հայաստանը և մնացած պետությունները կդառնան ուղղակի գուբերնիա, չունենալով որևէ աստիճանի ինքնուրույնություն, ինչ կար Սովետական միությունում: Ավելի վտանգավոր տարբերակից եմ վախենում՝ ՄՄ-ն կարող է վերածվել ռուսական կայսրության մոդելի»:

Հոկտանյանը նշել է, որ մտնելով ՄՄ, կարող է ազգային տարադրամի կորուստ ունենանք, սակայն ոչ անմիջապես: «Դա երկար գործընթաց է, այդտեղ միայն Հայաստանը չէ, կան նաև Բելառուսն ու Ղազախստանը, ովքեր տնտեսապես առավել հզոր երկրներ են: Առայժմ ես չեմ լսել, որ այդ երկրները ցանկություն ունենան ազգային տարադրամից հրաժարվել: Եթե Հայաստան-Ռուսաստան միասնական պետության մոդելը լիներ, տարադրամի կորուստ կլիներ, բայց եթե Մաքսային միություն է, որը վերածվում է Եվրասիական միության, տասնյակ տարիներ է պետք, որ այդ գործընթացն իրականացվի»:

Արդյո՞ք Ռուսաստանի թելադրանքով կամ պարտադրանքով մեր իշխանությունները կվարեն ներքին ու արտաքին քաղաքականություն հարցին ի պատասխան, Հոկտանյանն ասել է, որ մինչեւ այդ էլ էր այդպես: «Խնդիրն այստեղ ավելի բարդ է և լուրջ՝ որքանո՞վ է երկիրը ներսից հզոր, որ կարողանա դիմագրավել պարտադրանքներին: Եթե նույն Եվրամիությանն ենք նայում, դրանում ընդգրկված են նաև այն թույլ երկրներ, որոնք պարազիտի նման գոյատևում են Եվրամիության ավելի ուժեղ երկրների հաշվին: Օրինակ, Հունաստանը, Իտալիան վատ վիճակում են, բայց կան Եվրամիության երկրներ, որոնք լավ էլ ծաղկում են՝ Հոլանդիան կամ Դանիան»:

Հոկտանյանի պնդմամբ, երկրի ներքին կարողություններից է կախված, թե որքանո՞վ է էֆեկտիվ, կենսունակ տվյալ երկրի համակարգը: «Եթե երկիրը լինի թույլ, ողորմելի, ձեռքը պարզած աշխարհով մեկ փող մուրա, ուզում է ինտեգրացվի, ուզում է չինտեգրացվի, ուզում է Եվրոպային կամ Ռուսաստանին ինտեգրացվի, ամեն ինչ կկորցնի: Պետությունը պետք է ներսից հզոր լինի»:

Տես հոդվածը: