ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների 2013 թ. Հայաստանի վերաբերյալ զեկույց. մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներից է կոռուպցիան
Համաձայն ԱՄՆ պետքարտուղարության 2013 թ. Մարդու իրավունքների զեկույցի, տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն էին կոռուպցիան և կառավարման համակարգում թափանցիկության բացակայությունը, իշխանություններին փոխելու քաղաքացիների իրավունքի սահմանափակումները, և դատական համակարգի սահմանափակ անկախությունը: Պետական կառավարման բոլոր օղակներում մշտապես տիրող կոռուպցիայի մասին պնդումները խաթարում էին իրավունքի գերակայությունը, չնայած կառավարությունը ձեռնարկել էր ստորին և միջին օղակի պաշտոնյաների շրջանում կոռուպցիոն դրսևորումները պատժելու սահմանափակ քայլեր:
Չնայած այն հանգամանքին, որ թեկնածուները կարողացան ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավը, փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների անցկացման ընթացքում տեղ գտան այնպիսի թերություններ, ինչպիսիք են՝ պետական կառավարման մարմինների անաչառության պակասը, վարչական ռեսուրսի չարաշահումը հօգուտ իշխանական կուսակցության, ընտրակաշառքի վերաբերյալ արժանահավատ պնդումները, ընտրական օրենսգրքի կիրառման շարունակական թերացումները, և բողոքների ներկայացման ու բողոքարկման այնպիսի գործընթաց, որը չէր ապահովում արդյունավետ բավարարում:
«Մարտի 5-ին Իրավունքի Եվրոպա միավորում ու Թրանսփերենսի Ինթերնեյշնլ կազմակերպությունները համատեղ հայտարարություն տարածեցին, որով դատապարտում էին Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) նախագահական ընտրությունների միջազգային դիտորդ Նարինե Էսմաելիի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Փետրվարի 18-ին Արտաշատի ընտրատեղամասերից մեկում նախագահական ընտրությունների դիտարկման ժամանակ Էսմաելին ընտրակեղծիքի ականատես էր եղել և հարձակման էր ենթարկվել: Նրա ցուցմունքի հիման վրա Սահմանադրական դատարանը չեղյալ համարեց այդ ընտրատեղամասի ընտրության արդյունքները: Ըստ ՀԿ-ների ու ԶԼՄ-ների հաղորդումների` հարձակման ու ընտրակեղծիքի հետաքննության ողջ ընթացքում ՀՔԾ քննիչ Գորիկ Հովակիմյանը և ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանն ագրեսիվ վերաբերմունք են ցուցաբերել Էսմաելիի ու նրա փաստաբանի հանդեպ: Ի հեճուկս Սահմանադրական դատարանի որոշման, հուլիսի 26-ին դատարանն արդարացրեց գործով միակ կասկածյալ Արտաշատի քաղաքապետի որդի Սերգեյ Մանուկյանին այն բանից հետ, երբ դատախազը նրա նկատմամբ մեղադրանքը հանեց: Մայիսի 2-ին նախագահը Միրզոյանին ազատեց զբաղեցրած պաշտոնից, որն ըստ հաղորդումների պայմանավորված էր այս գործի հետ կապ չունեցող այլ կոնկրետ քրեական գործով անօրինական գործողություններ թույլ տալու ու իր առաջ դրված խնդիրները չկատարելու հանգամանքով»:
Զեկույցում նաև ասվում է. «Իրավասու մարմինների կողմից երբեմն եղել են հետապնդումներ մարդու իրավունքների խմբերի և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ, ովքեր տարվա ընթացքում մասնակցել են բողոքի խաղաղ ակցիաների տարբեր հասարակական հնչեղություն ունեցող հարցերի դեմ, ինչպիսիք են օրինակ՝ հանրային տրանսպորտի վարձավճարների ու ուսման վարձի ավելացումը, բնակելի թաղամասերում անօրինական շինարարությունը, Ռուսաստանի հետ միասին մաքսային միությանը միանալու նախագահական որոշումը և այլն: Օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի սկիզբը տղամարդկանց 6-12 հոգանոց կազմակերպված մի խումբ, երբեմն մահակներով ու այլ բութ գործիքներով զինված, Երևանի կենտրոնի տարբեր հատվածներում հարձակումներ է գործել ակտիվիստների վրա, երբեմն հետևելով նրանց բողոքի ակցիայի անցկացման վայրից սկսած: Սեպտեմբերի 5-ին նման մի հարձակման ժամանակ 6-7 տղամարդուց կազմված խումբը ծեծի ենթարկեց ԶԼՄ-ների դիտորդ հանդիսացող Երևանի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Հայկակ Արշամյանին և «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի խորհրդի անդամ Սուրեն Սաղաթելյանին: Երկու տուժողներին էլ, ովքեր ստացել էին բազմակի կապտուկներ ու կտրվածքներ մարմնի ու դեմքի վրա, անհրաժեշտ եղավ տեղափոխել հիվանդանոց, և Սաղաթելյանը քթի վիրահատության ենթարկվեց: Ըստ երկու տուժողներին ներկայացնող փաստաբանի` ոստիկանությունը շատ դանդաղ է արձագանքել և դժկամությամբ է ձեռնամուխ եղել հիմնական ստանդարտ փորձաքննությունների անցկացմանը»:
Տես ԱՄՆ պետքարտուղարության Մարդու իրավունքների զեկույց 2013թ. Հայաստան