Ս.թ. մարտի 10-ին «Մեդիա կենտրոնում» մամուլի ասուլիսի ժամանակ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամները իրենց դիտարկումներն են ներկայացրել հինգ մարզերում նախորդ օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների դիտորդության վերաբերյալ: Ասուլիսի բանախոսներն էին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնից Լենա Նազարյանը, Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ից Տիգրան Եգորյանը, տեսազանգով՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից Լևոն Բարսեղյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Արթուր Սաքունցը:

Լենա Նազարյանն անդրադարձել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը և դիտարկված ընտրություններին: Նախաձեռնությունը ստեղծվել է 2013 թ. գարնանը, ներառելով չորս ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Իրավունքի Եվրոպա միավորում, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները: Մինչ օրս դիտորդական առաքելություն է իրականացվել 2013 թ. մայիսի 5-ին Երևանի ավագանու և 2013 թ. մայիսի 26-ին ՏԻՄ ընտրություններում: Այս տարի Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են լինելու 200 համայնքներում՝ մարտին, հունիսին, հոկտեմբերին և դեկտեմբերին: Մարտի 9-ին դիտորդների առաջին խումբը մասնակցել է համայնքի ղեկավարի և ավագանու ընտրության դիտորդությանը:

Մարտի 9-ին կատարվել է համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություն ՀՀ 9 մարզերի 53 համայնքներում: Իրազեկության բարձրացման նպատակով նախաձեռնության անդամներն ընտրություններից առաջ 13 համայնքներում հանդիպումներ են կազմակերպել 270 բնակիչների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվել են տեղական ինքնակառավարման նպատակը, համայնքի ղեկավարի և ավագանու լիազորություններն ու պարտականությունները: Բնակիչները տեղյակ չեն համայնքի բյուջեից, ծախսից, թեկնածուներից, առաջադրվելու իրավունքից: «Մարդիկ շատ աղոտ էին պատկերացնում տեղական ինքնակառավարման իմաստը եւ բացարձակ չէին մասնակցում տեղական ինքնակառավարմանը»:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն ընդգծում է նաեւ բնակչության պասիվ մասնակցությունը ընտրություններին: «Համայնքի բնակչության 20-30 տոկոսն է մասնակցում ընտրություններին, մնացածը անտարբեր են ընտրական պրոցեսների նկատմամբ»,- նշել է Տիգրան Եգորյան: Նախաձեռնության անդամները սա պայմանավորում են ինքնակառավարման մարմինների մասին սխալ պատկերացմամբ:

Լևոն Բարսեղյանը հայտնել է. «Համայնքներում տեղական ինքնակառավարման ընկալումը չափազանց թերի է: Շատերը տեղական իշխանություն ասելիս հասկանում են համայնքապետին, որը մարզպետի ենթական է: Համայնքի բնակիչները պատրաստ չեն իրենց համայնքային խնդիրները քննարկել, համայնքապետից հաշիվ պահանջել»: Նա ընդդիմության մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին պարտադիր է համարում: «Ընդդիմությունը պարտավոր է մասնակցել բոլոր մակարդակի ընտրություններին, ինչքան էլ հիասթափված լինի: Չմասնակցելն ինձ համար անընդունելի է քաղաքական պայքարի տեսանկյունից»:

Ընտրություններում ընդդիմության պասիվությունը, մասնավորապես ՀԱԿ-ի՝ ընտրություններին չմասնակելը Արթուր Սաքունցը պայմանավորում է քաղաքական ուժերի՝ ՏԻՄ խնդիրները քաղաքական օրակարգի հարց չհամարելը: