«Ազատություն» ռադիոկայանն անդրադարձել է ատկատների խնդրին: Պետական գնումների ոլորտի խնդիրները հանրության շրջանում շատ մեծ ակտիվությամբ սկսել են քննարկվել 2012 թ սեպտեմբերից, երբ նախագահ Սերժ Սարգսյանը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ խոսել է բյուջեից կատարվող անարդյունավետ ծախսերի և այսպես կոչված «ատկատների» մասին: Դիմելով վարչապետին ու նախարարներին՝ նա մեղավորներին պատժելու և «մեծերին, գլխից բռնելու» հանձնարարական է տվել: «Սակայն որևէ պաշտոնյա մինչ օրս չի պատժվել», - ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների հարցով փորձագետ Արտակ Մանուկյանը:

Ըստ Մանուկյանի՝ իրավիճակը ոչ մի ձևով չի փոխվել: «Գլուխը» կարող է բռնվել, երբ որ լինի կոնկրետ մի մարմին կամ մի քանի սուբյեկտներ, որոնք որ այսպես ասած ընդհանուր խաղի կանոններից շեղվում են: Բայց եթե խաղի կանոններն ընդհանուր են, կա՛մ պետք է բոլորին պատժել, կա՛մ ոչ մեկին չպատժել: «Խոշոր գլուխների» բացահայտումներ մոտ ապագայում դժվար թե լինեն: Արտակ Մանուկյանի կարծիքով խնդիրը համակարգային է և ԹԻՀԿ հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի վերջերս արած հայտարարությունը, թե առողջապահության ոլորտում ատկատների չափը տատանվում է 5-10%-ի սահմաններում, մոտ է իրականությանը: Պետական գնումների համակարգում կան համակարգային և խորքային խնդիրներ: Ինչ վերաբերում է տոկոսային գնահատականներին, ապա միջինացնելու դեպքում կարելի է ասել, որ այդ թվերը բավականաչափ մոտ են իրականությանը, եզրակացրել է փորձագետը: