Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը առաջին հայկական [գիտա՛-մասնա՛-գիտա՛-կա՛ն] առցանց հեռուստաալիքի՝ ԲունTV -ի հյուրն էր, որը մեկնարկել է եթերաշրջանը 2013 թ. հոկտեմբերին: Հոկտանյանն անդրադարձել է կոռուպցիոն իրավիճակին Հայաստանում, կոռուպցիայի տեսակներին, զարգացումներին, հասարակության և պետությանն զարգացմանը հասցված վնասին: ԹԻ կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) հերթական անգամ ցույց է տվել, որ Հայաստանում կոռուպցիայի առումով լճացման իրավիճակ է: Կոռուպցիան, որպես աղքատության կարևորագույն պատճառներից մեկը, այն աստիճանի տարածված է և համակարգային բնույթ ունի Հայաստանում, որ մարդիկ հույս չունեն, թե կարելի է ինչ որ բան փոխել: Կոռուպցիայի նկատմամբ հասարակության հանդուրժողականությունը չի նվազել:

2013 թ. դեկտեմբերի 3-ին հերթական անգամ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը ներկայացրել է ԹԻ ԿԸՀ արդյունքները, որոնք հիմնված են հիմնականում գնահատվող երկրներում ապրող և աշխատող փորձագետների կարծիքների վրա: ԿԸՀ-ով դիտարկվում է ոչ թե կոռուպցիայի մակարդակը, այլ կոռուպցիայի ընկալման աստիճանը, որովհետև որևէ մեթոդաբանություն չկա, և կոռուպցիայի մակարդակ հնարավոր չէ չափել աշխարհի ոչ մի երկրում: Սակայն ապացուցված իրողություն է, որ կոռուպցիայի ընկալումը կոռելացված է մակարդակի հետ (որը չի նշանակում գծային կապ): Կոռուպցիայի ընկալումը չափվում է 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն բացարձակ կոռումպացված է, իսկ 100-ը բացարձակ մաքուր: Հայաստանի 2013 թ. ԿԸՀ արժեքը 36 էր: 2012 թ. համեմատ փոփոխություն է եղել աննշան կերպով՝ վիճակագրական ճշգրտության սխալի սահմաններում: Դանիան և Նոր Զելանդիան 2013 թ. ունեին ամենաբարձր համաթիվը՝ 91: Դա չի նշանակում, որ կոռուպցիայի մակարդակը Հայաստանում 2 ու կես անգամ ավելի բարձր է, քան այդ երկրներում: Բայց ակնհայտ է, որ Հայաստանում իրավիճակը ավելի վատ է ԿԸՀ հետ կապված:

2013 թ. հուլիսի 9-ին հրապարակվել են ԹԻ մեկ այլ հետազոտության՝ կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ) արդյունքները: ԹԻ-ն շարքային քաղաքացիների շրջանում ԿՀԲ հարցումը պատվիրել է անցկացնելու WIN/GIA-ին (Համաշխարհային անկախ ցանց/Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիա), որը մարկետինգային և հանրային կարծիքի ուսումնասիրություններ անցկացնող ընկերությունների համաշխարհային ցանց է և ներառում է այդ ոլորտի առաջատար 77 ընկերություն: 2012-2013 թթ. ԿՀԲ համաթվի հարցումն իրականացվել է 107 երկրներում: Այլ երկրների հետ համեմատելիության մոտեցում չկա: ԿՀԲ հետազոտությունը դիտարկում է կոռուպցիայի ընկալման վերաբերյալ բնակչության կարծիքներն առանձին ոլորտներում. արդյոք լավացել է իրավիճակը, թե ոչ, կոռուպցիայի դեմ պայքարը համարում են արդյունավետ, թե ոչ, շարքային քաղաքացին ինչպես է իրեն տեսնում այդ պայքարում:

Հարցումը կատարվել է 12 տարբեր ոլորտների վերաբերյալ՝ 1- 5 սանդղակով, որտեղ 1-ը բացարձակ մաքուր է, 5-ը՝ բացարձակ կոռումպացված: Հայաստանում «լիդերներ» են հանրային ոլորտը՝ պետական պաշտոնյաները, առողջապահության համակարգը և դատարանները: Սրանք ընկալվել են որպես ամենակոռումպացված ոլորտներ, որտեղ համաթիվը 4 էր: Մյուսները շատ չէին զիջում: 3.9 էր ոստիկանության, 3,7՝ կրթության համաթիվը: Այստեղ առավել մտահոգիչն այն է, որ առավել կոռումպացված ընկալվող կառույցների շարքում են գտնվում այն կառույցները, որոնք հենց իրենք են կոչված պայքարելու կոռուպցիայի դեմ: Երկրի իշխանությունների գործունեությունն՝ ուղղված կոռուպցիան նվազեցնելուն ոչ արդյունավետ է գնահատել հարցվածների 53 տոկոսը, իսկ արդյունավետ՝ ընդամենը 21 տոկոսը:

Սակայն առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ, ըստ հարցման արդյունքների, քաղաքացիները չեն ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարում և շատ քիչ են հավատում, որ իրենք ինչ-որ դեր ունեն դրանում, որ անհատը կարող է ազդել և ինչ որ բան փոխել: Մասնավորապես՝ որևէ ձևով կոռուպցիայի դեմ պայքարում ներգրավվել ցանկացել է հարցվածների ընդամենը 43 տոկոսը, որը 107 երկրների մեջ ամենացածր ցուցանիշն է: Տխուր էր նաև «կհայտնեի՞ք արդյոք, եթե ձեր շրջապատում տեսնեիք կոռուպցիոն դրսևորումներ և այլն» հարցի պատասխանը՝ 67 տոկոսը ասել է ոչ: Այս հարցում նույնպես Հայաստանը վերջին հորիզոնականներում է: Այլ երկրների համեմատությամբ ապատիայի, թերահավատության երևույթը շատ խորն է մեր հասարակությամ մեջ: Միջազգային այլ կազմակերպությունների ուսումնասիրությունները նույնպես լուրջ առաջընթաց չեն արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:

Կաշառակերությունը Հայաստանում ընկալվում էր որպես հիմնական կոռուպցիոն դրսևորում: Կաշառք տալը-վերցնելը մնում են մեր «ադաթների» շրջանակում դեռ խորհրդային տարիներից: Սակայն շատ ավելի վտանգավոր երևույթներ կան. հովանավորչությունը, խնամիականությունը, և վերջապես՝ ամենավտանգավոր դրսևորումը բյուջեի միջոցների մսխումն է: Որոշ երևույթներ ի հայտ եկան խորհրդային վարչահրամայական տնտեսական համակարգի կործանումից հետո, տարբեր, այդ թվում՝ գնումների ոլորտում, մասնավոր ընկերություններում:

Հակակոռուպցիոն պայքարում պետք է ներգրավված լինի ոչ միայն իշխանությունը, որը պարտավոր է պայքարել, այլև հասարակությունը: Ինչպես ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին: Իհարկե ամեն ինչը չպետք է հասարակության և բնակչության վրա լինի: Հարևան Վրաստանում, որտեղ նմանատիպ կոռուպցիոն իրավիճակ էր տիրում, իշխանությունները դրսևորեցին քաղաքական կամք և գոնե ներքևի մակարդակում հնարավոր եղավ փոխել մարդկանց մոտեցումը կոռուպցիայի նկատմամբ ու հանդուրժողականության աստիճանը իջեցնել: Առաջին քայլը պետք է կատարի իշխանությունը կամ ինչպես որոշ երկրներում է լինում, բայց ոչ միշտ, կոռուպցիայի դեմ արդյունվետ պայքար է իրականացվում, երբ տեղի է ունենում իշխանափոխություն: Բայց օրինակ, Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունը որևէ փոփոխություն չմտցրեց և այդ երկիրը շարունակում է մնալ վերին աստիճանի կոռումպացված:

Որքան էլ «գաղջ մթնոլորտ է», մարդիկ պետք է փորձեն իրենց մեջ ուժ գտնեն, այլ հարացույցով նայեն այս երևույթներին և ավելի կապված զգան այն երկրին, որտեղ ապրում են: