Անցյալ տարի լույս է ընծայվել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի սոցիալական քաղաքականության բաժնի դոկտոր Արմինե Իշխանյանի, Էվելինա Գյուլխանդանյանի, Սոնա Մանուսյանի, Արփի Մանուսյանի ու «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ի հեղինակած «Քաղաքացիական հասարակությունը, զարգացումը
և բնապահպանական ակտիվիզմը Հայաստանում» զեկույցը, որում ներդրում ունի նաև Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցոն կենտրոնը: Քննության առնելով Հայաստանի վերջին շրջանի բնապահպանական ակտիվիզմը, զեկույցը ներկայացնում է քաղաքացիական հասարակության նվաճումները, մարտահրավերներն ու խոչընդոտները:

Սույն զեկույցի նպատակն է նպաստել երկրում հանքարդյունաբերության ոլորտի, ինչպես նաեւ ավելի լայն սոցիալ-տնտեսական ու քաղաքական զարգացումների մասին Հայաստանում և սփյուռքի տարբեր համայնքներում ընթացող բանավեճին։

Զեկույցն անդրադառնում է հետեւյալ հարցերին.

  1. Որո՞նք են այն գործոնները, որ հանգեցրին Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունների առաջացմանը վերջին հինգ տարիների ընթացքում, և ինչի՞ են ձգտում հասնել բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունները։
  2. Ի՞նչ ուղղակի և անուղղակի ազդեցություններ են ունեցել բնապահպանական նախաձեռնությունները Հայաստանում։
  3. Ի՞նչ դասեր կարելի է քաղել համաշխարհային փորձից:

Քաղաքացիական նախաձեռնությունները, որ սկսեցին առաջ գալ 2007 թ. ու մեծ թվով ծավալվեցին 2010-2011թթ., հասան կարևոր, թեև փոքր հաղթանակների ամենատարաբնույթ հարցերում։ Մինչև 2012թ., քաղաքական և ծրագրային քաղաքականության մակարդակներում քննարկումների բացակայության պայմաններում, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, աշխատելով քաղաքացիական նախաձեռնությունների ու պաշտոնապես գրանցված, մասնագիտվացած հասարակական կազմակերպությունների (ՀԿ-ների) միջոցով, առանցքային դեր խաղացին երկրում շրջակա միջավայրի, հանրային առողջության և կայուն զարգացման համար հանքարդյունաբերության հնարավոր սպառնալիքների մասին հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու ու հանքարդյունաբերության դեմ քարոզարշավներ իրականացնելու գործում։

Չնայած այս հաջողություններին՝ դեռեւս անելու շատ բան կա, որպեսզի լուծվի նախաձեռնությունների մեջ բնակչության ավելի լայն հատված ներգրավելու խնդիրը։ Կան լուրջ խոչընդոտներ, որոնց բախվում են քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու ակտիվիստները, երբ փորձում են հասնել ավելի մեծ հաշվետվողականության, մասնակցության ու թափանցիկության ծրագրային քաղաքականությունների մշակման գործընթացներում։