«Ճանապարհ» հաղորդաշար. վերահսկել թե ոչ ՀԿ ները
Ս.թ. դեկտեմբերի 23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը ԱՐ հեռուստաընկերության «Ճանապարհ» հաղորդաշարի հյուրն էր: Հաղորդումն անդրադարձել է ՀԿ-ներին և դրանց նկատմամբ վերահսկողության հարցին: Վերջերս մամուլում տարածվել է տեղեկություն, թե կառավարությունը պատրաստվում է ուսումնասիրել օրենսդրական դաշտն ու որոշակի փոփոխություններ նախապատրաստել ՀԿ-ների գրանտները հարկելու և ըստ այդմ առավել լայն վերահսկողություն սահմանելու նպատակով: Հաղորդման հյուրերը պատասխանել են հետևյալ հարցերին. «Արդյոք Հայաստանի նման փոքր երկրի համար շատ չեն վեց հազար ՀԿ-ները և արդյոք կա վերահսկողության պակաս, թե՞ ոչ»:
Ըստ Սոնա Այվազյանի պետական մարմիններն ունեն վերահսկողական լծակներ, որոնցով կարող են վերահսկել, թե ինչպես են ծախսվում գումարները, որքանով են օրինական գործում ՀԿ-ները և որքանով է նրանց գործունեությունները համապատասխանում իրենց կանոնադրությանը: Դրա համար լրացուցիչ վերահսկողության կարիք չկա: Այս պահին երբ բարձրաձայնվում է լրացուցիչ հարկերի գաղափարը, այն ընդամենը ճնշման ենթարկելու միջոց է ՀԿ-ների վրա, իհարկե զուգահեռաբար բյուջեն լցնելով: ՀԿ ոլորտը այն միակ ոլորտն է, որն այս պահին ամբողջությամբ չէ, որ վերահսկվում է իշխանությունների կողմից՝ փաստացի անկախ ՀԿ-ների փոքր հատված կա: Մեր իշխանություններին պետք չեն ազատ և անկախ մտածող ՀԿ-ներ: Բնականաբար, մեծ ձգտում կա ամբողջությամբ վերահսկելու դաշտը, և ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում կառավարության կողմից տարբեր ոտնձգությունների՝ փոխելու ինչ-որ բան օրենսդրության կամ պրակտիկայի մեջ, որով փորձեն սահմանափակել ՀԿ աշխատանքը:
Նրա կարծիքով պետության առաջ բավարար չափով պատասխանատվություն կա և այդ պատասխանատվության շրջանակը մեծացնել նշանակում է ճնշել հասարակական դաշտը: Բնականաբար, դա հիմնականում անդրադառնալու է անկախ ՀԿ-ների վրա և չի անդրադառնալու հենց կառավարամետ, պետության հաշվին գրանտներ ստացող ՀԿ-ների վրա, որոնք որևէ հաշվետվություն չեն ներկայացնում հանրությունը: Դրանով պարզապես ճնշման է ենթարկվելու քաղաքացիական դաշտը: ՀԿ-ները պետք է ավելի թափանցիկ աշխատեն և ավելի հաշվետու լինեն իրենց համապատասխան համայնքների առաջ: Այսօր հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք մերձենում ենք Եվրասիական միությանը և մտնում ենք այն ակումբի երկրների մեջ, որտեղ բռնատիրական հասարակարգ է տիրում, և ամեն կերպ ճնշում են մարդու իրավունքներն ու ազատությունները, շատ «նորմալ» կդիտվի, եթե հերթական ոտնձգությունները լինեն ՀԿ-ների նկատմամբ և փորձեն նրանց տարբեր ձևերով՝ վերահսկողությամբ, «միջազգային գործակալներ» անվանելով կամ այլ կերպ փորձեն ճնշել և սահմանափակել նրանց գործունեությունը:
Ցանկալի կլիներ, որ լինեին ներքին ռեսուրսներ, որից սնվեին ՀԿ-ները: Բայց ՀՀ իշխանությունները տարիներ շարունակ ՀԿ-ների օրենսդրության ստեղծման օրվանից սկսած որևէ քայլ չեն արել հարկային դաշտը այնպես բարենպաստ դարձնելու, որ տեղի ռեսուրսները կարողանան զարգանալ ու տեղի հովանավորները կարողանան ներդրումներ անել և չհարկվել դրա համար: Այսօր ներդրումները հարկվում են, և տնտեսվարող սուբյեկտի համար չկա որևէ խթանիչ միջոցառում, որ ինքը ցանկություն ունենա այս կամ այն ՀԿ-ի մեջ ներդրում անելու: Եվ դրա հիմնական մեղավորը ոչ թե ՀԿ-ներն են, որ չունեն այդ ներքին աղբյուրը, այլ ՀՀ իշխանությունների անգործությունն է: Ներկայումս մի հայեցակարգ կա, որը պետք է ընդունվի և հետագայում օրենք դառնա ՀԿ դաշտի օրենդսդրության բարելավման համար: Ինչ վերաբերում է միջազգային կազմակերպություններին, նրանք իրենց ողջ գործունեությունը հիմնում են Հայաստանի հետ համագործակցության շրջանակների վրա, այսինքն որևէ բան չեն անում, որին ՀՀ իշխանությունները նախապես հավանություն տված չլինեն:
Հաղորդման մյուս հյուրերն էին «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը, տեղեկատվության անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, լրագրող Թեհմինե Ենոքյանը: