Կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում` Հայկական ազգային ռադիոյի եթերում
Ս.թ. դեկտեմբերի 17-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը Հայկական ազգային ռադիոյի հյուրն էր՝ քննարկելու կոռուպցիայի խնդիրը Հայաստանում: Նա գնահատել է կոռուպցիայի ներկա իրավիճակը Հայաստանում որպես լճացում՝ ելնելով հանրային ոլորտում կոռուպցիայի ընկալումը չափելու հիմնական քանակական ցուցանիշներից, քանի որ 2003-ից պրակտիկորեն փոփոխություններ չեն լինում այդ ցուցանիշներում: 2008-2011 թթ. Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) արժեքը նույնիսկ ինչ-որ չափով վատացել է, հետո մի թեթև լավացել՝ գալով մինչ 2008-ի մակարդակին: Ընդհանուր առմամբ ԿԸՀ-ն Հայաստանում միջինից ցածր և բավականին ցածր է, մոտավորապես մոտենալով վատերի սահմանին: Ռադիոհաղորդման ընթացքում քննության են առնվել նաև կոռուպցիայի դրսևորումները, դրանց դեմ պայքարի պրակտիկան, ՄԻՊ-ի դատական համակարգի վերաբերյալ աղմկահարույց զեկույցը, կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներն ու հեռանկարները:
Ըստ Վարուժան Հոկտանյանի՝ Հայաստանի շարքային քաղաքացին բավականին հանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ: Կոռուպցիայի դրսևորումներից են առավել տարածվածը՝ կաշառակերությունը, սակայն շատ ավելի վտանգավոր են բյուջետային փողերի վատնումը, պաշտոնեական կեղծիքը, հովանավորչությունը, խնամի-ծանոթ-բարեկամ երևույթը, շահերի բախման տարբեր իրավիճակները, ազդեցության չարաշահումը: Լուրջ դրսևորում է քաղաքական կոռուպցիան, ասենք՝ կուսակցությունների ֆինանսավորումը, երբ խոշոր բիզնեսմենները, որ ֆինանսավորում են կուսակցություններ, հետո ուղղակիորոն չարաշահվում է այդ գումարը: Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ստացած անձնական օգուտը կարող է զուտ նյութական չլինել: Օրինակ, ընտրակաշառք բաժանելու արդյունքում անձը, ով ընտրվում է նախագահ, պատգամավոր, գյուղապետ կամ քաղաքապետ, ֆորմալ առումով նյութական բարիք չի ստանում, պաշտոն է ստանում: Հետո այդ պաշտոնը նա օգտագործում է հարստանալու համար:
Ինչ վերաբերում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցին՝ Վարուժան Հոկտանյանը որակապես համաձայն է դրա հիմնական եզրակացությունների հետ: Հետազոտությունից հետազոտություն դատական համակարգը շարքային քաղաքացիների և փորձագետների կողմից ընկալվում է որպես շատ կոռումպացված համակարգ: Կոռուպցիայի բարձր մակարդակի գլխավոր պատճառներից մեկը դատական համակարգի ոչ անկախ և կոռումպացված լինելն է: Դատական համակարգը այն հենասյուներից է, որը քանի դեռ կոռումպացված է, շատ դժվար է երկրում կոռուպցիայի մակարդակը նվազեցները և ընկալումները փոխելը:
Միջազգային փորձից ելնելով`տարբեր, այդ թվում ռեպրեսիվ, մեթոդներով կարելի է հասնել հզոր էֆեկտի կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես օրինակ՝ Սինգապուրում, Վրաստանում էր: Սակայն, հաշվի առնելով մշակութային, կլանային հարաբերությունների առկայությունը՝ ավտորիտար մեթոդներով Հայաստանում մեծ արդյունքի չենք հասնի: Ըստ Հոկտանյանի`ելքը տնտեսական և քաղաքական ոլորտների ապամոնոպոլացումն է, մրցակցությունը, ժողովրդավարական, ազատ շուկայական հարաբերությունների զարգացումն է: Համակարգային մոտեցման խնդիր կա: Քաղաքացին ոչ միայն պետք է կաշառք չտա ու չվերցնի, այլև ահազանգի այդ մասին: Ընդդիմադիր կուսակցությունները, ՀԿ-ները, լրատվամիջոցները պետք է քաղաքացու համար դառնան այն ինստիտուտները, որոնց միջոցով կկարողանան կոռուպցիայի դեմն առնել՝ ներքևից ճնշելով: Այդ դեպքում շատ ավելի լուրջ կընկալվի այդ խնդիրը իշխանությունների կողմից: