Երևան քաղաքի կառավարմանն առնչվող հետազոտական ծրագրերի դրամաշնորհային մրցույթ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հրավիրում է փորձագետներին, հետազոտողներին և հետաքննող լրագրողներին դիտարկելու այս հնարավորությունը և ներկայացնելու Երևան քաղաքի կառավարմանը վերաբերող հետազոտական ծրագրի հայտեր։
Հետազոտական ծրագրերի թեմատիկ շրջանակը
1․ Երևան քաղաքի գերեզմանատների կառավարման արդյունավետության գնահատում, ներառյալ՝
- թաղմանն ու գերեզմանատների կառավարման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի և առկա այլ խնդիրների ու դրանց պատճառների վերհանում
- գերեզմանատների կառավարման լավ պրակտիկայի ներդրման հնարավորությունների վերլուծություն, այդ թվում՝ դրանց հնարավոր ստանդարտացումը, կանաչապատումը, մաքրումը և այլն
- ոլորտի բարեփոխումներին միտված առաջարկներ
2․ Երևանի կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի գործունեության արդյունավետության գնահատում, ներառյալ՝
- ՀՈԱԿ-ի ռեսուրսների և գործունեության արդյունքների վերլուծություն
- կոռուպցիոն ռիսկերի և այլ խնդիրների ու դրանց պատճառների վերհանում
- ոլորտի բարեփոխումներին միտված առաջարկներ
Առաջարկվող աշխատանքները կարող են լինել ինչպես փորձագիտական հետազոտություններ, այնպես էլ լրագրողական հետաքննություններ՝ առանց ձևաչափի սահմանափակման։ Առաջարկվող ծրագրում պետք է ներկայացվեն ընտրված թեմա(ներ)ի թիրախները, ընտրված մեթոդաբանության հստակ նկարագրությունն ու հիմնավորումները, ինչպես նաև նկարագրվի, թե ինչպես են առաջարկվող մեթոդներն ու գործիքները հնարավորություն տալու բացահայտել հետազոտության թեմայի խնդիրներն ու մարտահրավերները, կատարելու հավաքագրված տվյալների համապարփակ վերլուծություն և ներկայացնելու առաջարկներ:
Հետազոտական դրամաշնորհի բյուջեն. 1,000,000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը (նախատեսվում է երկու դրամաշնորհի տրամադրում)
Ծրագրի տևողությունը․ առավելագույնը 4 ամիս
Ծրագրերի ակնկալվող մեկնարկը․ օգոստոսի 1, 2024 թ․
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետը․ հուլիսի 15, 2024 թ․
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Ներկայացված հայտերը կգնահատվեն մրցույթային հանձնաժողովի կողմից հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
1․ Անհատի փորձը
- նշված թեմայի և/կամ նմանատիպ ուսումնասիրությունների իրականացման փորձը
2. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը
- հետազոտության մեթոդաբանության հիմնավորվածությունը
- ընտրված մեթոդի ներառականությունը
- իրականացման ժամանակացույցի իրատեսական լինելը
3. Բյուջեն
- առաջարկվող ծախսերի ողջամտությունը և հիմնավորվածությունը
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը
Հետաքրքրված անհատները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը/տվյալները՝ լրացնելով առցանց դիմումի ձևաթուղթը, որը իր մեջ ներառում է՝
- ծրագրի առաջարկ
- բյուջե և բյուջեի նկարագրական
- աշխատանքային պլան
- ծրագրում ընդգրկված թիմի/անհատի համառոտ կենսագրականները
- ընտրված կամ նմանատիպ այլ ոլորտում անհատի կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում։
Խնդրում ենք հարցերն ուղղել գրավոր [email protected] հասցեով` նամակի վերնագրում նշելով «Research Grant Questions»:
Ծրագիրը ֆինանսավորվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի կողմից։
Կազմակերպության մասին
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:
Կազմակերպության առաքելությունն է խթանել լավ կառավարման և ժողորդավարայկան գործընթացները ՝ հանուն պետականության ամրապնդման և կոռուպցայից զերծ Հայաստանի: