ԵՄ ֆինանավորմամբ փոքր դրամաշնորհների հայտերի ներկայացման հրավեր Հայաստանում հանրային քաղաքականության և ժողովրդավարական գործընթացների թեմաներով
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ), քաղաքացիական նախաձեռնություններին, անհատ փորձագետներին, հետազոտողներին և ուսանողներին դիտարկելու այս հնարավորությունը և ներկայացնելու հետազոտական ծրագրի հայտեր հանրային կառավարման և ժողովրդավարության ոլորտներում։
Հետազոտական ծրագրերի թեմատիկ շրջանակը
Հայտերը պետք է առնչվեն հետևյալ մեկ կամ ավելի թեմաներին՝
Հանրային կառավարում
- Խորհրդարանական վերահսկողության հիմնահարցերը լավ կառավարման համատեքստում
- Պետական կառավարման արդյունավետության գնահատման մոդելները
- Հանրային ծառայության գրավչության բարձրացման հնարավորությունները
- Պետական հատվածում վարձատրության և նյութական խրախուսման հիմնախնդիրները և լուծումները
- Պետական հատվածում աշխատանքային ճկունության (այդ թվում՝ այլ աշխատանքով զբաղվելու, ճկուն աշխատաժամանակի) և հորիզոնական ու ուղղահայաց շարժունակության հիմնահարցերը
- Պետական հատվածում կատարողականի գնահատման մոդելները
- Հանրային մասնակցության մոդելները քաղաքականության մշակման և հանրային հաշվետվողականության գործընթացներում
Ժողովրդավարություն
1. Մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ապահովման մակարդակը, հիմնախնդիրները, պատճառները և լուծման ուղղությունները պետական բուհերում՝ շեշտադրությունը կատարելով թեմա(ներ)ի վերաբերյալ
a. Արժանապատվություն, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիություն
b. Սեռերի իրավահավասրություն
c. Ազգային, կրոնական և այլ փոքրամասնություններ և այլն
2. Քաղաքացիական հասարակության ներգրավումը պետության արտաքին քաղաքականության հարցերում
3. Փոքրամասնությունների և խոցելի խմբերի ներառականությունը որոշումների ընդունման գործընթացներում
4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և/կամ քաղաքական կուսակցությունների թափանցիկության և հաշվետվողականության խթանում
5.Արդար և թափանցիկ ընտրական գործընթացների խթանում
Բոլոր հետազոտությունները պետք է հիմված լինեն նաև միջազգային փորձի և լավագույն պրակտիկայի ուսումնասիրության վրա՝ առաջարկելով իրատեսական և պրակտիկ լուծումներ ընտրված ոլորտներում բացահայտված խնդիրներին և մարտահրավերներին։
Առաջարկությունները պետք է ներկայացնեն ընտրված թեմա(ներ)ի և մեթոդաբանությունների հստակ նկարագրությունն ու հիմնավորումները, ինչպես նաև նկարագրեն, թե ինչպես ուսումնասիրության առաջարկվող մեթոդներն ու գործիքները հնարավորություն կտան բացահայտելու հետազոտության թեմայի խնդիրներն ու մարտահրավերները, կատարելու հավաքագրված տվյալների համապարփակ վերլուծություն և մշակելու գործուն և իրատեսական առաջարկություններ։
Հետազոտական դրամաշնորհի բյուջեն. առավելագույնը 8,000 եվրո
Ծրագրի տևողությունը․ առավելագույնը 6 ամիս
Ծրագրերի ակնկալվող մեկնարկը․ մայիս 1, 2022 թ․
Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետը․ մարտի 25, 2022 թ․
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Կիրականացվի ներկայացված հայտերը նախնական գնահատում` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն մրցույթային հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների
I. Կազմակերպության/անհատի փորձը
· կազմակերպության առաքելությունը և նպատակները
· կազմակերպության/անհատի փորձը նշված ոլորտում
· ծրագրում առաջարկվող աշխատակազմի, իսկ անհատ դիմորդի դեպքում՝ ծրագրային թիմի փորձառությունը (ըստ առկայության)։
II. Առաջարկվող ծրագրի նկարագրությունը
· հիմնախնդրի ներկայացումը և կարիքի հիմնավորումը
· առաջարկվող հետազոտության նպատակահարմարությունը
· հետազոտության մեթոդաբանության հիմնավորվածությունը
· ակնկալվող արդյունքների իրատեսական լինելը
· իրականացման ժամանակացույցի իրատեսական լինելը
III. Արդյունքների կիրառականությունը
· հետազոտության արդյունքների հետագա կիրառելիությունը հանրային կառավարման և ժողովրդավարական գործընթացների կատարելագործման առումով
· հետազոտության նորարարությունը և իրականացվող այլ աշխատանքների հետ չկրկնվելու հանգամանքը
IV. Բյուջեն
· առաջարկվող ծախսերի ողջամտությունը և հիմնավորվածությունը
Բոլոր հետազոտական ծրագրերը պետք է ներառեն գենդերային վերլուծություն և դիտարկեն ընտրված հետազոտության թեմային առնչվող ներառականության և բացառման խնդիրները։
Սույն հրավերի պահանջներին անհամապատասխանության և գնահատման արդյունքում ծրագրային հայտերի ընտրության անհնարինության դեպքում կհայտարարվի նոր հրավեր ծրագրային հայտերի ներկայացման համար։
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը
Հայտերի հրավերին մասնակցելու համար կազմակերպությունները, անհատները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով՝
Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով
· Դիմում (Դիմումի ձև)
· Աշխատանքային պլանը (Հավելված 1)
· Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
· Ծրագրում ընդգրկված աշխատակազմի/թիմի/անհատի համառոտ կենսագրականները
· Ընտրված ոլորտում կազմակերպության/թիմի/անհատի կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում։
Ուշադրություն․ Միևնույն դիմորդը (կազմակերպություն և անհատ) կարող է ներկայացնել մեկից ավելի ծրագրի առաջարկ։
Ծրագրային առաջարկները պետք է ուղարկել հայերեն կամ անգլերեն լեզուներով մինչև ս.թ. մարտի 25-ը՝ աշխատանքային օրվա ավարտը [email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Research proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք գրել նշված էլեկտրոնային փոստին:
Կազմակերպության մասին
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը: