Անդամի իրավունքներ, պարտականություններ և իրավասություններ
Անդամակցության դիմումին ընթացք է տրվում և անձին պատասխան է /դրական կամ բացասական/ ներկայացվում Կազմակերպության գործադիր տնօրենի կողմից ամենաուշը 1 ամսվա ընթացքում:
Կազմակերպության անդամը ունի Կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված իրավունքներ և պարտավորություններ, ինչպես նաև իրավասությունների շրջանակ, որոնք նա բարեխղճորեն պետք է կատարի:
Կազմակերպության անդամի իրավունքներն են`
- ընտրել և ընտրվել Կազմակերպության կառավարման մարմիններում
- ստանալ սպառիչ տեղեկություններ Կազմակերպության գործունեության վերաբերյալ
- Կազմակերպության աշխատանքները բարելավելու նպատակով դրա կառավարման մարմիններին ներկայացնել առաջարկություններ
- մասնակցել Կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին
- բողոքարկել Խորհրդի և Գործադիր տնօրենի որոշումները Ընդհանուր ժողովին
- դադարեցնել անդամակցությունը` այդ մասին նախապես տեղեկացնելով Խորհրդին
Կազմակերպության անդամի պարտավորություններն են՝
- Կատարել կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները
- Մասնակցել Ընդհանուր ժողովին, իսկ Խորհրդի անդամ լինելու դեպքում՝ նաև Խորհրդի նիստերին
- Պահպանել կազմակերպության վարքագծի կանոնները
- Բարեխղճորեն կատարել Խորհրդի որոշմամբ իր վրա դրված պարտականությունները
- Հոգ տանել կազմակերպության հեղինակության բարձրացման համար
- Կազմակերպության անդամին ոչ հարիր վարքագիծ դրսևորելու դեպքում Խորհրդի պահանջով և սահմանված ժամկետում տալ գրավոր բացատրություն
- Վճարել անդամավճար՝ Ընդհանուր ժողովի կողմից սահմանված չափով և կարգով:
Կազմակերպության անդամի իրավասություններն են՝
Կազմակերպության անդամները իրավասու են
- Հաստատել կամ վերահաստատել Կանոնադրություն, կատարել դրանում փոփոխություններ կամ լրացումներ;
- Ընդունել որոշումներ անդամակցության և անդամակցության դադարեցման, այդ թվում` հեռացման վերաբերյալ;
- Հաստատել Կազմակերպության գործունեության ռազմավարությունը, ինչպես նաև գործունեության և գույքի օգտագործման վերաբերյալ հաշվետվությունները;
- Հաստատել Խորհրդի ընտրությունը և նրա անդամների լիազորությունների վաղաժամ դադարեցումը;
- Հաստատել կամ փոփոխել անդամավճարների չափը ու վճարման կարգը;
- Ընդունել որոշումներ Կազմակերպության վերակազմակերպման ու լուծարման մասին;
- Հաստատել առաքելության և նպատակների իրականացմանն ուղղված գործունեության վերաբերյալ Գործադիր տնօրենի հաշվետվությունը:
Կազմակերպության անդամները որոշումները կայացնում են Ընդհանուր ժողովի միջոցով ձայների պարզ մեծամասնությամբ:
Անդամների ներգրավվածության աճ և անդամության հնարավոր օգուտներ
Կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում բարձրացնելու անդամների ներգրավվածության աստիճանը Կազմակերպության գործունեության մեջ և խթանելու նրանց ակտիվ մասնակցությունը Կազմակերպության կողմից կազմակերպվող միջոցառումներին, հանդիպումներին, դասընթացներին և այլն:
Կազմակերպության անդամը կարող է ակնկալել ստանալ Կազմակերպությունից հետևյալ օգուտները՝
Ուսուցում և իրազեկում
Հանրային կառավարման, ընտրությունների և հանրային ռեսուրսների լավ կառավարման և կոռուպցիայի վերաբերյալ գիտելիքի և տեղեկատվության ձեռք բերում հետևյալ միջոցներով՝
- Կազմակերպության/գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպվող դասըթացների, սեմինարներին անվճար մասնակցություն;
- Կազմակերպության/գործընկեր կազմակերպությունների կողմից կազմակերպվող մամլո ասուլիսներին, աշխատանքային քննարկումներին մասնակցություն;
- Միջազգային հանդիպումերին և միջոցառումներին Կազմակերպության կողմից մասնակցություն
- Կազմակերպության ֆեյսբուքյան էջին գրանցում և կայքին բաժանորդագրում;
- Կազմակերպության կողմից իրազեկման նամակներ ստացում
- Կամավորական/ուսնակային գործունեության միջոցով՝ մասնագիտական նոր ունակությունների ձեռքբերում կամ դրանց զարգացում:
Իրավաբանական աջակցություն
Հանրային կառավարման, ընտրությունների և հանրային ռեսուրսների ոլորտներում ոտնահարված իրավունքների/շահերի պաշտպանություն հետևյալ միջոցներով՝
- Իրավաբանական խորհրդատվություն
- Պետական և տեղական մարմիններին ուղղված հարցումների, դիմումների և բողոքների մշակում
- Դատական հայցերի կազմում և ներկայացում
Կարծիքի/ դիրքորոշման տրամադրում
Կոռուպցիայի և հանրային կառավարմանն առնչվող հարցերում մասնագիտական կարծիքի տրամադրում
Ի թիվս նշված օգուտների Կազմակերպությունը կարող է անդամին տրամադրել երաշխավորագիր:
Կազմակեպությանն անդամակցումը նաև լայն հնարավորւթյուն է ընձեռում միանալ քաղաքացիական ակտիվ ցանցին, նույն հետարքրություններ կիսող անդամների հետ ստեղծել աշխատանքային խմբեր՝ նոր կապերի ստեղծման և գաղափարների փոխանակման , լոբինգի նոր հնարավորություններով, ինչպես նաև դառնալ հակակոռուպցիոն գլոբալ շարժման մաս:
Կազմակերպությունը որպես ներգրավման բարձրացման միջոց է դիտարկում սոցիալական հավաքույթների կազմակերպումը և միասնական թիմի կառուցումը (team-building):
Անդամների կողմից մատուցվող ծառայություններ
Կազմակերպությանն անդամները կարող են տրամադրել որոշակի ծառայություններ Կազմակերպության համար, որոնք բերված են ստորև այուսակում.
Կազմակերպության անդամի կողմից մատուցվող հնարավոր ծառայությունները *
- Փորձագիտական ծառայություն կամ խորհրդատվություն
- Աջակցություն կարգերի/կանոնակարգերի մշակման գործում
- Աջակցություն ֆոնդերի հայթայթման մեջ
- Կազմակերպության ուսումնասիրությունների/հետազոտությունների վերաբերյալ գրախոսություն
- Դասընթացների անցկացում
- Կապերի ստեղծում և Կազմակերպության Փի Ար և գաղափարների տարածում
- Ծրագրային գնահատում
- Մասնագիտական կարծիքի տրամադրում Կազմակերպության կողմից ստեղծված հանձնաժողովի կազմում
- Կազմակերպության կողմից մշակված առաջարկների լոբբինգ կամ մասնակցություն լոբինգին
- Կազմակերպության գաղափարների, արժեքների տարածում
* Անդամների կողմից փորձագիտական ծառայությունները կամ խորհրդատովությունը մատուցվում են վճարովի հիմունքներով՝ հիմք ընդունելով Կազմակերպության Խորհրդատուի կարգը և Գնման ընթացակարգը:
Անդամավճարի գանձման ընթացակարգ
Կազմակերպությունը անդամավճարը դիտարկում է որպես ֆինանսական կայունության գործիք և անդամների ներգրավման միջոց՝ ծածկելու Ընդհանուր ժողովների և Խորհրդի նիստերի, Կազմակերպության անդամների սոցիալական հավաքույթների և Ա. Կոստանյանի անվան մրցանակի հետ կապված ծախսերը:
Կազմակերպության անդամների համար սահմանվում է անդամավճար` տարեկան 6000 (վեց հազար) ՀՀ դրամ։
Սակայն Կազմակերպության այն անդմաները, ովքեր տվյալ ֆինանսական տարում չունեն մշտական աշխատանք կարող են վճարել սահմանված վճարի 1/3-ը:
Յուրաքանչյուր տարվա համար Կազմակերպության անդամներն անդամավճարը վճարում են մինչև տվյալ հաշվետու տարվա մարտի 1-ը:
Սույն Կարգի իմաստով հաշվետու տարի է համարվում օրացուցային տարին` հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:
Առաջին անդամավճարի վճարման պարտականությունը ծագում է անդամակցելու մասին Ընդհանուր ժողովի որոշման ընդունման պահից և ենթակա է վճարման 1-ամսյա ժամկետում: Եթե անդամակցումը տեղի է ունենում հաշվետու տարվա առաջին կիսամյակում, ապա անդամավճարը վճարվում է ամբողջությամբ, իսկ երկրորդ կիսամյակի դեպքում` անդամավճարի կեսը:
Վճարումը կատարվում է կանխիկ` Կազմակերպության գանձապահին կամ անկանխիկ (բանկային փոխանցմամբ) Կազմակերպության կողմից տրամադրված հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Անդամավճարների գումարների նպատակային տնօրինման վերաբերյալ Գործադիր տնօրենը տարեկան հաշվետվություն է ներկայացնում Ընդհանուր ժողովին:
Պատասխանատվություն
2 տարի անընդմեջ անդամավճարը չվճարելու դեպքում՝ Գործադիր տնօրենի տեղեկացմամբ, Խորհրդի նախագահը Կազմակերպության անդամին ծանուցում է կարգապահական վարույթ հարուցելու մասին և տրամադրում է ողջամիտ ժամկետ անդամավճարը վճարելու կամ բացատրություն ներկայացնելու համար:
Եթե Խորհրդի սահմանած ժամկետում Կազմակերպության անդամը վճարում է անդամավճարը կամ տալիս է բացատրություն չվճարման պատճառների մասին, որը Խորհուրդը կհամարի հարգելի, ապա կարգապահական վարույթը կարճվում է:
Եթե Խորհրդի սահմանած ժամկետում Կազմակերպության անդամը չի վճարում անդամավճարը և չի ներկայացնում չվճարման պատճառների մասին բացատրություն կամ տալիս է բացատրություն, որը Խորհուրդը չի համարի հարգելի, ապա Խորհուրդը Ընդհանուր ժողովին է ներկայացնում անդամակցությունից հեռացման հարցը:
Անդամակցումից դուրս գալու/հեռացման գործընթացը և վեճերի լուծումը
Կազմակերպության անդամը կարող է ցանկացած ժամանակ գրավոր դիմումի հիման վրա դուրս գալ կազմակերպությունից: Դիմումը ներկայացվում է Խորհրդին, որը անդամակցումից դուրս գալու հարցը դնում է Ընդհանուր Ժողովի քննարկմանը:
Կազմակերպության անդամը կարող է հեռացվել՝
- առանց հարգելի պատճառի երկու անգամ անընդմեջ Ընդհանուր ժողովին չմասնակցելու դեպքում կամ Կազմակերպության կողմից ուղարկված նամակներին պարբերաբար / 4 անգամ/ չարձագանքելու հիմքով
- կազմակերպության վարքագծի կանոնների խախտում թույլ տալու դեպքում, որի արդյունքում վտանգվել կամ կարող է վտանգվել Կազմակերպության հեղինակությունը կամ բարի համբավը
- Անդամավճարը 2 տարի անընդմեջ չվճարելու հիմքով
Կազմակերպության անդամի անդամությունը դադարեցնելու մասին որոշումն ընդունում է Ընդհանուր ժողովը՝ Խորհրդի ներկայացմամբ: Վերոնշյալ կետերով սահմանված հիմքերով անդամությունը դադարեցնելու դեպքում Կազմակերպության անդամը Խորհրդի պահանջով ներկայացնում է գրավոր բացատրություն: Եթե Խորհրդի սահմանած ողջամիտ ժամկետում անդամն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա լիազորությունների դադարեցման մասին որոշումը կարող է ընդունվել առանց բացատրության:
Ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշումները, ինչպես նաև Կազմակերպության կառավարման բոլոր մարմինների ՀՀ օրենսդրությանը հակասող որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: