Ս.թ. դեկտեմբերի 17-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը մասնակցել է Մեդիա Կենտրոնի կազմակերպած «Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում. Համընդհանուր պարբերական դիտարկում (ՀՊԴ)» քննարկմանը: Քննարկման մասնակիցները, որ ներկայացնում են ԹԻՀԿ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» և Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ կազմակերպությունները ներկայացրել են Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մասին այլընտրանքային զեկույցներ Ժնևում կայացած Հայաստանի վերաբերյալ ՀՊԴ նախալսումների ընթացքում:

Նախալսումների ժամանակ Սոնա Այվազյանը հանդես է եկել ընտրական, մշակութային, առողջ շրջակա միջավայրի, սեփականության իրավունքի ոլորտների վերաբերյալ առաջարկություններով:

ՀՊԴ-ը ՄԱԿ-ի մեխանիզմներից է, որի նպատակը ՄԱԿ-ի անդամ 193 երկրներում մարդու իրավունքների իրավիճակի ամփոփումն է 4,5 տարվա պարբերականությամբ: ՀՊԴ-ի շրջանակում յուրաքանչյուր պետություն մյուսներին հաշվետվություն է ներկայացնում, թե ինչ է արվել երկրում մարդու իրավունքների ոլորտում՝ հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

2010-ից Հայաստանը միացել է միջազգային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կողմից ստեղծված կառույցին: Հայաստանը 2010 թ. ՀՊԴ մեխանիզմով ստանձնած պարտավորություններից որոշները դեռ չի կատարել: Հայաստանը ստանձնել է պարտավորություն ընդունել ընտանեկան բռնության մասին օրենք, սակայն օրինագիծը մերժվել է 2013 թ. Ազգային ժողովի կողմից:

Սոնա Այվազյանի կարծիքով ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման հարցում կա դիմադրություն Հայաստանի կառավարությունում: ՀՀ կառավարությունը պնդում է, որ այդ հարցը լուծված է Քրեական օրենսգրքի շրջանակներում, սակայն իրականում այն չի կարող կարգավորել տվյալ հարցը: Օրենքի ընդունում ենթադրում է ոչ միայն ընտանեկան բռնությունների դեպքերի վեր հանում և բացահայտում, այլև՝ կանխարգելում: