Ս.թ. սեպտեմբերի 10-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը «Մեդիա կենտրոնում» մասնակցել է քննարկման, որի ընթացքում արծարծվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները, ոլորտում առկա խնդիրներն ու անհրաժեշտ լուծումները: Թեպետ ԹԻՀԿ-ը ներգրավված չէ ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումներում, Հերիքնազ Տիգրանյանը որպես գործող իրավաբան-փաստաբան ներկայացրել է որոշակի առաջարկություններ` պրակտիկ կիրառության ընթացքում պարբերաբար տեսելով դրա խնդիրները: Նրա կարծիքով նախագիծն ընդհանուր առմամբ ողջունելի է. այն նորմերը, որոնք համապատասխանեցված են վերանայված Եվրոպական սոցիալական խարտիային, միանշանակ ընդունելի են: Տիգրանյանն անդրադարձել է որոշակի խնդիրների, որոնք լուծում չեն ստացել նախագծում և առաջարկվող այն հարցերին, որ ընդունելի չեն՝ ելնելով աշխատողի իրավունքներից:

Գործող աշխատանքային օրենսգիրքն ընդունվել է 2004 թ. նոյեմբերին և ուժի մեջ է մտել 2005 թ. հունիսին, որից հետո այն ենթարկվել է 17 փոփոխությունների ու լրացումների, այդ թվում՝ 2010 թ.: Սակայն այսօր կրկին ծագել է օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը, որը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ նախ որ կիրառության ընթացքում բազմաթիվ խնդիրներ են ծագել նաև օրենսդրության դրույթների ոչ հստակ լինելու պատճառով, ինչը տարընկալման տեղիք է տվել: Փոփոխությունների ընդունումը կհանգեցնի գործատու-աշխատող հարաբերությունների կարգավորման նոր փուլի:

Քննարկման մյուս մասնկիցներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար աշխատանքի և զբաղածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը և ՀՀ ագրոարհմիության ներկայացուցիչ Նարեկ Ներսիսյանը:

Մանրամասները «Մեդիա կենտրոնի» կայքէջում