«Անկախության իրացում» թեմայի շրջանակում «Շողակաթ» հեռուստաընկերության «3-րդ հազարամյակի» տաղավարում քաղաքագետ, ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը և միջազգայնագետ Անահիտ Շիրինյանը զրուցում են անկախության մասին որպես աշխարհի հետ սեփական լեզվով, սեփական դիրքից խոսելու հնարավորություն: Գրիգորյանի կարծիքով` ինքնիշխան լինելու համար երկիրը պետք է ժողովրդավար լինի, որպեսզի իշխանությունն արտահայտի ժողովրդի կամքը: Ժողովրդավարության բացակայությունը նվազագույնի է հասցնում ինքնիշխանության հնարավորությունը:

Ըստ Արմեն Գրիգորյանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվեց մի գիշերվա ընթացքում մեկ մարդու կամ մի փոքր խմբի կողմից, քանի որ ժողովրդավարական ինստիտուտներ չկան և հանրության հանդեպ պատասխանատվություն չկա: Այդ պատճառով Հայաստանն ունի ոչ ինքնիշխան երկրի համբավ, որի վրա ճնշումներն ավելի ուժեղ են: Այն իշխանությունները, որոնք իրենց մեջքում չեն զգում հանրության ճնշումը, ավելի ազատ են նմանատիպ որոշումներ կայացնելիս: Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է «անվտանգության» նկատառումով, սակայն ապրիլյան պատերազմը ցրեց այդ մտայնությունը:

Շրջասելով հայտնի խոսքերը` Գրիգորյանն ասել է. «Նրանք, ովքեր ժողովրդավարությունը զոհաբերում են անվտանգություն ունենալու համար հետագայում ո՛չ անվտանգություն են ունենում, ո՛չ ժողովրդավարություն», - հավելելով, որ ժողովրդավարությունն ու անվտանգությունը հակասության մեջ չեն, այլ ավելի շատ փոխլրացնող են: Եթե երկիրը ժողովրդավար է, անվտանգության և տնտեսության զարգացման համար ավելի մեծ ռեսուրսներ ունենալու ավելի շատ հնարավորություն ունի:

Մանրամասները` տեսանյութում