9 մարտի, 2016թ.

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) կազմակերպությունների ցանցի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ընտրվել են դրամաշնորհ ստացող ութ հասարակական կազմակերպություններ: Ծրագիրը նպատակ ունի բարելավելու Արևելյան գործընկերության երեք երկրների քաղաքացիական հասարակության կարողությունները` մոնիտորինգի ենթարկելու այդ երկրներում հանրային քաղաքականությունների իրականացումը և հանրային ծառայությունների մատուցումը:

Հասարակական կազմակերպությունների ընտրությունը կատարվել է մրցույթի միջոցով. վերջիններս արձագանքել են մրցույթի մասին բաց հայտարարությանը՝ հայտ ներկայացնելով փորձագիտական ընտրող հանձնախմբին:

«Այն ծրագրերը, որոնք ստացել են աջակցություն «Հզորացման գործընկերների» դրամաշնորհների միջոցով, կնպաստեն Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ավելի ուժեղ և իրար հետ ավելի համագործակցող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և նրանց առաջնորդների կայացմանը` սովորեցնելով նրանց համատեղ աշխատել և օգտվել իրենց երկրների իշխանություններին ավելի հաշվետու դարձնելու՝ իրենց գործընկերների և միջազգային փորձից: Դրանով նրանք կդառնան արդյունավետ վերահսկողներ` ներգրավվելով հանրային քաղաքականության գործընթացներում և օգտվելով հանրային ծառայությունների մատուցման և պետական իշխանության մարմինների՝ իրենց մոնիտորինգի փորձառությունից,– նշում է «PASOS»-ի գործադիր տնօրեն տիկին Վիտա Տերաուդան, - և վարվելով այս կերպ` նրանք կկատարելագործեն ՔՀԿ-պետական կառույցներ երկխոսության ֆորմատը և կընդլայնեն քաղաքացիական հասարակության կարողությունները` ներգրավվելու հանրային քաղաքականության ցիկլում, ազդելու քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրա, ուժեղացնելու հանրային հաշվետվողականությունը և մեծացնելու կայուն զարգացմանն ուղղված հանրային քաղաքականության կիրարկման արդյունավետությունը»:

Դրամաշնորհներ ստացել են հետևյալ կազմակերպությունները.

Կազմակերպություն. Տարածաշրջանային զարգացման և հետազոտությունների կենտրոն

Ծրագրի անվանումը. Կոռուպցիոն ռիսկերը Հայաստանի բժշկական հաստատություններում դեղերի գնումների ոլորտում

Ծրագրի նպատակն է բարելավելու առողջապահական ծառայությունները համակարգի ներսում պոտենցիալ կոռուպցիոն դրսևորումները թիրախավորելու միջոցով: Ծրագրի գործողությունները ներառում են առողջապահական հիմնարկություններում հանրային գնումների մոնիտորինգը և գնահատումը: Կազմակերպությունը կստեղծի համախոհ հասարակական կազմակերպությունների (հ/կ) ցանց հանրապետության Գեղարքունիքի, Լոռու, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում: Ցանցը կաշխատի ստեղծել կապեր այդ մարզերում համապատասխան համայնքների և առողջապահական ոլորտի աշխատողների միջև: Դրանից բացի կանցկացվեն հարցումներ և հարցազրույցներ բժիշկների և հիվանդների շրջանում: Կազմակերպությունը կանխատեսում է, որ ծրագիրը կստիպի համապատասխան մարզային իշխանություններին իրականացնելու բժշկական հաստատությունների կողմից հանրային միջոցների ծախսերի ավելի մեծ ծավալով մոնիտորինգ: Կանցկացվի նաև հանրային-տեղեկատվական քարոզարշավ, որը, ինչպես ակնկալվում է, կբարձրացնի առողջապահության համակարգի շահագրգիռ կողմերի իրազեկվածությունը ծրագրի արդյունքների և բացահայտած հիմնախնդիրների առնչությամբ:

Կազմակերպություն. Դնեպրոպետրովսկի կարգավորիչ քաղաքականության համակարգող-փորձագիտական կենտրոն

Ծրագրի անվանումը. Տրանսպորտի ոլորտում կոռուպցիայի կանխարգելումն Ուկրաինայի 22 մարզկենտրոններում

Ծրագրի թիրախը Ուկրաինայի միջքաղաքային տրանսպորտի համակարգն է, որը համարվում է երկրի ամենակոռումպացված հանրային ոլորտներից մեկը: Ծրագրի շրջանակում կմշակվեն տեղեկատվական ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան քաղաքացիական հասարակությանը և լրատվամիջոցներին մոնիտորինգի ենթարկելու և գնահատելու Ուկրաինայի 22 մարզկենտրոններում տեղական կառավարման մարմինների կողմից տվյալ ոլորտին հատկացվող միջոցները: Վերլուծության համար ընտրվել են էլեկտրական տրանպորտի և ճանապարհային տրանսպորտի մարզային և տեղական ծրագրերը, մետրոն, փոխադրողների համար մրցակցության պայմանները, ուղևորահոսքի չափումը, ծախսերի հաշվարկը և մրցույթների արդյունքները: Ծրագրի գործողությունները ներառում են ինտերնետային կայքի ստեղծումը, որում կհավաքագրվեն կայացած մրցույթների արդյունքները և այլ վիճակագրություն: Կազմակերպությունը կիրականացնի էլեկտրականության և մեքենաների վերաբերյալ 22 տեղական ծրագրերի մշակման վերլուծություն, կարգավորող իրավական ակտերին համապատասխանության վերլուծություն և դրանց հիման վրա կմշակի կոռուպցիայի նվազեցմանն ուղղված առաջարկություններ: Կստեղծվի հակակոռուպցիոն հ/կ-ների կոալիցիա, որը շարունակաբար կաշխատի բացահայտված հիմնախնդիրների լուծման ուղղությամբ: Կազմակերպությունն ակնկալում է, որ ծրագիրը կբարելավի տրանսպորտային համակարգի աշխատանքը, կբացահայտի տեղ գտած անարդարությունները և կկանչի պատասխանատվության կոռումպացված պաշտոնյաներին: Ծրագրի երկարաժամկետ նպատակներից են կոռուպցիայի նվազեցումը հանրային տրանսպորտի ոլորտում, վճարովի ճանապարհներում կանխիկ վճարումների համակարգի վերացումը, քաղաքային էլեկտրատրանսպորտի համակարգի զարգացման նախաձեռնումը և տրանսպորտային ծառայություններից օգտվողների իրավունքների ավելի բարձր պաշտպանվածությունը:

Կազմակերպություն. Բնապահպանական անվտանգության ապահովում և ժողովրդավարական զարգացում

Ծրագրի անվանումը. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում հանքերի շահագործման համապատասխանությունը մարզում ստեղծված բնության հատուկ պաշտպանված տարածքների իրավական և բնապահպանական չափորոշիչներին

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանրությանը չի ներկայացրել տեղեկատվություն, թե ինչպես է նա ծախսում Սյունիքի մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման նպատակով Եվրոպական Միությունից ստացված միջոցները, և սույն ծրագիրը փորձում է հանրային վերահսկողություն սահմանել այս գործընթացի նկատմամբ: Ծրագրի նպատակն է մոնիտորինգի ենթարկել Սյունիքի մարզի բնության հատուկ պաշտպանվող տարածքների (ԲՀՊՏ) համար նախատեսված ծախսերը և պարզել, թե արդյոք կառավարության կողմից այդ տարածքների շահագործումը հիմնված է բնապահապանական չափորոշիչների վրա: Ծրագրի գործողություններից են պետական մարմիններից և դոնոր կազմակերպություններից համապատասխան զեկույցներ հայցելը, լրատվամիջոցների հետ ակտիվ համագործակցումը, բուկլետների և էլեկտրոնային քարտեզների ստեղծումը, հանրային քննարկումները, որոնց կմասնակցեն համայնքները, հանքարդյունահանող ընկերությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և միջազգային կազմակերպությունները: Ծրագիրն իրականացնողներն ակնկալում են, որ պետական համապատասխան մարմինները հաշվետու կլինեն իրենց վերահսկողական գործընթացում թույլ տրված հնարավոր խախտումների համար, և դա կխթանի հանրային քաղաքականության տվյալ ոլորտում փոփոխությունները և իրավական բարեփոխումները: Բացի այդ, ծրագիրը կքաջալերի հանրային մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և մատչելի կդարձնի տեղական բյուջեների վերաբերյալ տեղեկատվությունը:

Կազմակերպություն. Փորձագիտական խումբ

Ծրագրի անվանումը. Դարձնել Քիշինևն ապրելու համար ավելի լավ վայր

Կազմակերպության թիրախն է կոռուպցիան, որը մեղավոր է Մոլդովայի մայրաքաղաքում հանրային միջոցների փոշիացման համար: Ծրագիրն իրականացնողների ուշադրության կենտրոնում կլինի Քիշինևի քաղաքապետարանի փողոցների վարչությունը: Ծրագրի գործողությունները ներառում են քաղաքի փողոցների պահպանման և վերանորոգման աշխատանքների համար քաղաքային իշխանությունների կողմից անցկացվող մրցույթների մոնիտորինգը: Մոնիտորինգին հաջորդելու է հանրային տեղեկատվական քարոզարշավը, որով կլուսաբանվեն մոնիտորինգի արդյունքները: Ծրագրի նպատակն է բարեփոխել Քիշինևի համայնքապետարանը` ավելի թափանցիկ դարձնելով նրա կողմից անցկացվող գնման գործընթացները: Կազմակերպությունն ակնկալում է սերտորեն աշխատանք Քիշինևի համայնքապետարանի խորհրդի, Քիշինևի քաղաքապետարանի, պետական քարտուղարության (կանցելյարիա), տրանսպորտի նախարարության և Պետական գնումների գործակալության հետ:

Կազմակերպություն. «Հաբիթաթ» տարածաշրջանային զարգացման հանրային ասոցիացիա գործակալություն (ՏԶՀԳ)

Ծրագրի անվանումը. ՄՀԹ-ն և ծառայությունների որակը գյուղերում

Այս ծրագիրը ձգտելու է կիրառել ՄՀԹ (Մոնիտորինգ, Հակակոռուպցիա, Թափանցիկություն) մեթոդը` ընդլայնելու հանրային մասնակցությունը հանրային քաղաքականության գործընթացներում մոլդովական չորս գյուղերում, որոնք նեղություն են կրում խմելու ջրի ցածր որակից: Ծրագրի շրջանակում մոնիտորինգի ենթարկվելիք երեք ոլորտներն են ջրի որակի/բնապահպանական չափորոշիչները, ջրամատակարարման աշխատանքների գնումները և տեղական մակարդակի որոշումների թափանցիկությունը: Ծրագիրը պլանավորում է նաև իրականացնել ջատագովության և տեղեկատվական քարոզարշավներ: Կազմակերպության գործընկերն է տարածաշրջանային մի թերթ, որի հետ համագործակցության շնորհիվ կմեծանա ջրային համակարգերի գործունեության վերաբերյալ ընտրված բնակավայրերում հանրային իրազեկվածության աստիճանը: Ծրագիրն ակնկալում է, որ կմեծանա իրազեկվածությունն այն գաղափարի վերաբերյալ, որ քաղաքացիների մասնակցությունը կարևոր է տեղական կառավարման և զարգացման համար, և որ կոռուպցիան չպետք է հանդուրժել:

Կազմակերպություն. Վերլուծության և ջատագովության ինստիտուտ

Ծրագրի անվանումը. Վարչական ծառայությունների մոնիտորինգ Պոլտավա և Լուցկ քաղաքների տեղական մարմինների կողմից

Այս ծրագրի նպատակն է ուկրաինական երկու քաղաքների գործունեության որակի և արդյունավետության բարձրացումը էլեկտրոնային վարչական ծառայությունների համակարգի մշակման և ներդրման շնորհիվ: Ծրագրի գործողությունները ներառում են ներկա ծառայությունների մոնիտորինգը և վերլուծությունը և տեղական մարմինների հետ աշխատանքը` մշակելու և ներդնելու էլեկտրոնային համակարգեր: Տեղական մարմինների պաշտոնյաներին կառաջարկվեն նաև վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը կօգնի երաշխավորելու քաղաքացիների համար տեղեկատվության մատչելիությունը, և ակնկալվում է, որ այն կնվազեցնի կոռուպցիան պետական մարմինների գործունեությունն ավելի թափանցիկ դարձնելու շնորհիվ: Բացի այդ, ակնկալվում է, որ բյուրոկրատական որոշ ընթացակարգերի վերացման արդյունքում կխնայվեն հանրության ժամանակը և միջոցները:

Կազմակերպություն. Միավորում հանուն ազգաբնակչության ինքնակազմակերպման խթանման

Ծրագրի անվանումը. Տեղական բյուջե – ժողովրդի հետ և ժողովրդի համար

Ծրագրի նպատակն է զարգացնել մի մոդել, որը հնարավորություն կտա բյուջետային գործընթացներում հանրության ներգրավման միջոցով մեծացնել Ուկրաինայի Օդեսայի մարզի տեղական բյուջեների մշակման և կատարման թափանցիկությունը և արդյունավետությունը: Ծրագրի գործողությունները ներառում են. ա) բյուջեների համակարգման խորհուրդների ստեղծում, որոնցում ընդգրկված կլինեն տեղական իշխանությունների, գործարարների միավորումների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, բ) վերջին 3 տարիների բյուջետային հատկացումների մոնիտորինգ հանրության և տեղական իշխանությունների համար առաջարկությունների մշակման նպատակով, գ) արդյունքների հանրային քննարկում, որին կմասնակցեն տեղական իշխանությունների ներկայացուցիչները, գործարարները, հանրության ներկայացուցիչները և լրատվամիջոցները, դ) տեղական իշխանությունների և հասարակական ակտիվիստների մասնակցությամբ երկու աշխատաժողովների անցկացում Օդեսայում: Կազմակերպությունը նաև պլանավորում է քաղաքային խորհրդին ներկայացնել առաջարկություն բյուջեի նախագծի կազմման կանոնակարգման վերաբերյալ, օգտագործել առցանց գործիքներ բյուջեների հրապարակման համար, մշակել առցանց դիմումներ ներկայացնելու գործիք, որի միջոցով հանրության ներկայացուցիչները կկարողանան ուղարկել իրենց առաջարկները բյուջեների վերաբերյալ, անցկացնել հանրային քննարկումներ բյուջեների կազմման վերաբերյալ պիլոտային բնակավայրերում և աջակցել բյուջեների նախագծերում ֆիսկալ կարգավորումների հիման վրա կազմված առաջարկություններին: Ծրագրի արդյունքում կստեղծվի հանրային մասնակցության մի մոդել, որը կարելի կլինի կիրառել Ուկրաինայի փոքր քաղաքներում և գյուղերում: Ծրագրի երկարաժամկետ արդյունքները ներառում են հանրային կառավարման մարմինների և քաղաքացիների միջև վստահության ընդլայնումը և տեղական բյուջետային գործընթացներում ավելի ներգրավված լինելու վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը, որոնց արդյունքում կընդլայնվեն քաղաքացիների կարողությունները՝ վերլուծելու առաջնահերթությունները և մեծացնելու համայնքների զարգացման հնարավորությունները:

Կազմակերպություն. Զարգացման և սոցիալական նախաձեռնությունների «Վիիտորուլ» ինստիտուտ (ԶՍՆԻ)

Ծրագրի անվանումը. Արդյունավետ և մշտական մոնիտորինգի միջոցով պետական գնու մների թափանցիկ և կայուն համակարգի ստեղծում

«Վիիտորուլ» ԶՍՆԻ-ի այս ծրագիրն ուղղված է մոնիտորինգային էքստենսիվ գործողությունների միջոցով նվազեցնելու կոռուպցիան Մոլդովայի Պետական գնումների գործակալությունում: Մոնիտորինգի կենթարկվեն պայմանագրերի շնորհման գործընթացները, գործակալության գործունեության թափանցիկությունը, գործակալությանն ուղղված ընկերությունների բողոքները և էլեկտրոնային պետական գնումների համակարգը: Այլ գործողությունները ներառում են աշխատաժողովներ և վերապատրաստման դասընթացներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական պաշտոնյաների համար:

«Հզորացման գործընկերներ» ծրագիրը, որը սկսվել է 2015թ. հունվարից, ֆինանսավորվում է Եվրոպական Միության Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) միջոցով: Ենթադրամաշնորհների ծրագրերից բացի ծրագրի շրջանակներում նախատեսվում են նաև այլ գործողություններ, մասնավորապես, աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների անցկացում, առցանց ուսուցում և կոալիցիաների ձևավորում:

Տես դրամաշնորհների մրցույթի հայտարարության մասին տեղեկատվությունը ԹԻՀԿ կայքում: