Ի՞նչ է ազդարարումը
Ազդարարումը դա ազդարարի կողմից օրենքով սահմանված կազմակերպություններում որոշակի ապօրինությունների կամ դրանց սպառնալիքի մասին տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմնին:
Կազմակերպությունները որոնց պետք է առնչվի ազդարարումը հետևյալներն են՝
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները
- Պետական հիմնարկները ՝ օրինակ «ԾԻԳ-երը» (Ծրագրերի իրականացման գրասենյակներ)
- Պետական կազմակերպությունները օրինակ՝ «ՊՈԱԿ-երը» (Պետական ոչ առևտրային կազմակերպություններ)
- Հանրային նշանակության կազմակերպությունները, որոնք հանդիսանում են «ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ»: Սրանց օրինակ են հանդիսանում օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն», որն ապահովում է Հայաստանում բնական գազի մատակարարումն ու իրացումը:
Ազդարարի կողմից հաղորդվող տեղեկությունները պետք է վերաբերվեն վերոնշյալ կառույցներում՝
- Կոռուպցիոն բնույթի դեպքերին
- Շահերի բախմանը
- Էթիկայի կանոնների խախտմանը
- Անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտմանը
- Հայտարարագրման հետ կապված խախտմանը
- Հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքին
Այս վերջին կետն (հանրային շահերին ուղղված այլ վնաս կամ դրանց սպառնալիք) ըստ էության իր մեջ ներառում է բոլոր հնարավոր քրեորեն պատժելի արարքները: