Գլխավոր էջ Ազդարարում Ի՞նչ է ազդարարումը

Ի՞նչ է ազդարարումը

Ազդարարումը դա ազդարարի կողմից օրենքով սահմանված կազմակերպություններում որոշակի ապօրինությունների կամ դրանց սպառնալիքի մասին տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդումն է օրենքով նախատեսված իրավասու անձին կամ մարմնին:

Կազմակերպությունները որոնց պետք է առնչվի ազդարարումը հետևյալներն են՝

  • Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները
  • Պետական հիմնարկները ՝ օրինակ «ԾԻԳ-երը» (Ծրագրերի իրականացման գրասենյակներ)
  • Պետական կազմակերպությունները օրինակ՝ «ՊՈԱԿ-երը» (Պետական ոչ առևտրային կազմակերպություններ)
  • Հանրային նշանակության կազմակերպությունները, որոնք հանդիսանում են «ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև առողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության, տրանսպորտի և կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ»: Սրանց օրինակ են հանդիսանում օրինակ՝ «Գազպրոմ Արմենիա ՓԲԸ-ն», որն ապահովում է Հայաստանում բնական գազի մատակարարումն ու իրացումը:

Ազդարարի կողմից հաղորդվող տեղեկությունները պետք է վերաբերվեն վերոնշյալ կառույցներում՝

  • Կոռուպցիոն բնույթի դեպքերին
  • Շահերի բախմանը
  • Էթիկայի կանոնների խախտմանը
  • Անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների խախտմանը
  • Հայտարարագրման հետ կապված խախտմանը
  • Հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքին

Այս վերջին կետն (հանրային շահերին ուղղված այլ վնաս կամ դրանց սպառնալիք) ըստ էության իր մեջ ներառում է բոլոր հնարավոր քրեորեն պատժելի արարքները: