Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում Ծրագրային առաջարկների մշակման ծառայության մատուցման հրավեր
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2019 Փետ
18

Ծրագրային առաջարկների մշակման ծառայության մատուցման հրավեր

Ընդհանուր տեղեկություններ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է՝ կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակներն են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:

Ծառայության նպատակ և նկարագրություն

ԹԻՀԿ-ը փնտրում է փորձագետի, որը կաջակցի կազմակերպությանը ֆինանսների հայթայթման գործում: Մասնավորապես, փորձագետից ակնկալվում է մշակել ընդհանուր ֆինանսավորման և թեմատիկ ծրագրային առաջարկ(ներ) կազմակերպության գործունեության հիմնական ոլորտներում, ներառյալ` հանրային կառավարումը, ընտրությունները և հանրային գույքի/ֆինանսների կառավարումը, որոնել դրամաշնորհատուներ և, ըստ անհրաժեշտության, հաստատել կապեր այդպիսի կազմակերպությունների հետ: Ծրագրային առաջարկների մշակման ընթացքում փորձագետը պետք է համագործակցի կազմակերպության աշխատակազմի և գործընկերների հետ:

Ակնկալվող արդյունքներ

Ծառայության արդյունքում ակնկալվում են ծրագրային առաջարկների փաթեթներ ուղղված դրամաշնորհատու կազմակերպությունների սահմանված ձևաչափով: 

Ժամկետներ

Ծառայության մատուցումը նախատեսվում է սկսել 2019թ. մարտի կեսին:

Տեխնիկական գնահատում

Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝

  • նմանատիպ առաջադրանքների իրականացման հաջողված փորձ (35%),
  • կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանք (35%),
  • ծառայության արժեք (30%):

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով  հետևյալ փաստաթղթերը՝

  1. հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը, իսկ կազմակերպության դեպքում՝ նաև կազմակերպության նկարագիրը,
  2. փորձագետ(ներ)ի ինքնակենսագրական,
  3. ծառայության արժեքը,
  4. կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ և հաղթել է,
  5. երկու երաշխավորող անձանց կոնտակտներ:

Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերեն կամ հայերեն [email protected] էլեկտրոնային հասցեին` որպես նամակի թեմա նշելով «Ծրագրային առաջարկների մշակում»: