Գլխավոր էջ Աշխատանք ԹԻՀԿ-ում Հանրային քաղաքականության փորձագետի աշխատանք ԹԻՀԿ-ում
Աշխատանք ԹԻՀԿ-ում
2018 Օգս
13

Հանրային քաղաքականության փորձագետի աշխատանք ԹԻՀԿ-ում

Պաշտոնը` հանրային քաղաքականության փորձագետ
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Տևողությունը` սեպտեմբերի 10, 2018 - դեկտեմբեր 2019
Աշխատանքի սկիզբը` սեպտեմբերի 10
Վայրը` Երևան, Հայաստան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ ծրագրի ղեկավար

Աշխատանքի նկարագրություն

Կազմակերպությունը փնտրում է հանրային քաղաքականության փորձագետի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու նոր Հայաստանի ժողովրդավարական կառավարմանը և կոռուպցիայի դեմ պայքարին և պատասխանատու կլինի ազգային հակակոռուպցիոն օրակարգի առաջացման, ազգային քաղաքականության և միջազգային պարտավորությունների ուսումնասիրության ու վերլուծության, ինչպես նաև համապատասխան վերլուծականների, համառոտագրերի և զեկույցների մշակման համար:

Նախընտրելի թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, խորությամբ տիրապետի հակակոռուպցիոն ազգային օրենսդրությանը և քաղաքականությանը, հետաքրքված լինի հակակոռուպցիոն միջազգային փորձով և կոռուպցիայի դեմ պայքարով, ունենա վերլուծական և գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակեպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։   

Հանրային քաղաքականության փորձագետի պաշտոնի համար պահանջվում են՝

Հակակոռուպցիոն ազգային օրենսդրության/քաղաքականության և միջազգային փորձի գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են նշված ոլորտի քաղաքականության, այդ թվում՝  իրավական ակտերի և միջազգային պարտավորությունների ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնելու համար՝ ըստ մշակված մեթոդաբանության

Վերլուծական և գրավոր գերազանց հմտություններ,  որոնք անհրաժեշտ են հանրային քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունների, համառոտագրերի /policy brief/, վերլուծականների, զեկույցների, այդ թվում՝ ԹԻՀԿ կոռուպցիայի վերաբերյալ տարեկան զեկույցի մշակման համար

Հաղորդակցման և ներկայացման գերազանց հմտություններ, որոնք անհրաժեշտ են որպես փորձագետ տարբեր հանդիպումներում, միջոցառումներում, մամուլի և առնչվող կառույցների հետ փոխհարաբերություններում հանդես գալու և կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու համար

Ջատագովության հմտություններ և պետական մարմիններ հետ աշխատելու փորձ, որոնք անհրաժեշտ են հակակոռուպցիոն քաղաքականության բարելավմանն ուղղված փորձագիտական առաջարկությունները ներկայացնելու և առաջ տանելու համար

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում իրավագիտության, հանրային քաղաքականության կամ համանման այլ ոլորտներում
  • հանրային կառավարման ոլորտին առնչվող առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և/կամ հակակոռուպցիոն քաղաքականության/օրենսդրության և միջազգային փորձի վերաբերյալ խորը գիտելիքներ/վերլուծություններ
  • ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ/զեկույցներ և քաղաքականության վերլուծականներ և համառոտագրեր մշակելու փորձառություն
  • հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, պլանների և գործիքների մշակման փորձառություն /ցանկալի է/
  • գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ
  • հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում, ռուսաց լեզվի իմացությունը ցանկալի է
  • համակարգչային գիտելիքներ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • ուշադրություն մանրամասների նկատմամբ և վերլուծական հմտություններ
  • թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • շարունակական զարգացում ՝ կատարելության ձգտումով և նվիրվածություն
  • բազմազան թեմաների մեջ խորանալու  կարողություն և ցանկություն
  • սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • ինքնամոտիվացում և պատասխանատվության ստանձնում
  • տարաբնույթ առաջադրանքներ կատարելու և սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով և վերլուծական աշխատանքի որևէ նմուշ/հղում [email protected] հասցեին մինչև ս.թ. օգոստոսի 26-ը ներառյալ՝ առարկայի մեջ նշելով «փորձագետ» բառը:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:  Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ. ռազմավարու­թյան հիմքում:

Կազմակերպությունը մարդկային ռեսուրսների հավաքագրումը իրականացնելիս առաջնորդվում է «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: