Գլխավոր էջ ԹԻ ուղեցույց

ԹԻ ուղեցույց

Ի՞նչ է կոռուպցիան

  1. Ի՞նչ է կոռուպցիան
  2. Ի՞նչ է «թափանցիկությունը»
  3. Որո՞նք են կոռուպցիայի վնասները
  4. Հնարավո՞ր է արդյոք կոռուպցիայի պատճառած վնասները չափել
  5. Որտե՞ղ է կոռուպցիան ավելի մեծ չափով տարածված
  6. Ինչպե՞ս է կոռուպցիան ազդում մարդկանց կյանքի վրա
  7. Ինչպիսի՞ միջավայրում է կոռուպցիան փթթում
  8. Հնարավո՞ր է արդյոք որոշ հասարակություններում կոռուպցիան դիտարկել իբրև բնականոն կամ ավանդական երևույթ
  9. Համատեղելի՞ են արդյոք ժողովրդավարությունն ու կոռուպցիան
  10. Հնարավո՞ր է արդյոք պայքարել կոռուպցիայի դեմ

1. Ի՞նչ է կոռուպցիան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության սահմանման համաձայն` կոռուպցիան ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է` անձնական օգուտ ստանալու նպատակով: ԹԻ-ն նաև տարբերակում է կոռուպցիան «ըստ կանոնների» և «ընդդեմ կանոնների»: Առաջին դեպքում կաշառք է տրվում առավել բարեհաճ վերաբերմունքի արժանանալու նպատակով` մի բանի համար, որ կաշառք ստացողը պարտավոր է կատարել օրենքով սահմանված կարգով: Երկրորդ դեպքում կաշառքը տրվում է այնպիսի ծառայության համար, որը կաշառք ստացողը իրավունք չունի տրամադրելու:

Վերադառնալ վերև


2. Ի՞նչ է «թափանցիկությունը»

«Թափանցիկությունը» կարելի է սահմանել որպես սկզբունք, որ յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս իմանալու ոչ միայն պետական և մասնավոր հատվածների, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների գործունեության վերաբերող հիմնական փաստերն ու թվերը, այլև դրանց գործունեության մեխանիզմներն ու գործընթացները:

Վերադառնալ վերև


3. Որո՞նք են կոռուպցիայի վնասները

Կոռուպցիան քառակի` քաղաքական, տնտեսական, սոցիալական և շրջակա միջավայրին հասցվող վնասներ է պատճառում:

  • Քաղաքական առումով կոռուպցիան հսկայական խոչընդոտ է հարուցում ժողովրդավարությանն ու օրինականությանը: Ժողովրդավարական համակարգում հաստատություններն ու ինստիտուտները լեգիտիմ չեն, եթե դրանցում իրականցվում է չարաշահում հանուն մասնավոր շահի:
  • Տնտեսական առումով կոռուպցիան տանում է դեպի ազգային հարստության նվազեցման` խոչընդոտելով արդար շուկայական հարաբերություններին ու մրցակցությանը, հետևաբար և` ներդրումներին:
  • Կոռուպցիան առավել վնասակար ազդեցություն է գործում հասարակության սոցիալական կառուցվածքի վրա` չարաշահելով քաղաքական համակարգի, դրա ինստիտուտների և ղեկավարության նկատմամբ ժողովրդի վստահությունը: Հիասթափված հասարակության համար հուսախաբությունն ու ընդհանուր անտարբերությունը հանգեցնում են թույլ քաղաքացիական հասարակության, որն էլ իր հերթին ճանապարհ է հարթում բռնակալների, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով ընտրված, սակայն անբարեխիղճ առաջնորդների համար, որոնք ազգային ունեցվածքը վեր են ածում անձնական հարստության: Կաշառք պահանջելն ու վճարելը դառնում է նորմ: Ենթարկվել չցանկացողները հաճախ արտագաղթում են, դրանով իսկ երկիրը զրկելով ամենակարող և ազնվագույն քաղաքացիներից:
  • Կոռումպացված համակարգերի հետևանքներից է նաև շրջակա միջավայրի քայքայումը: Շրջակա միջավայրի վերաբերյալ կանոնների և օրենսդրության բացակայությունը կամ դրանց չկիրառելը հանգեցնում է աղտոտվածության, բնական ռեսուրսների գերշահագործման և այլ վնասների` ավիրելով շրջակա միջավայրը:

Վերադառնալ վերև


4. Հնարավո՞ր է արդյոք կոռուպցիայի պատճառած վնասները չափել

Կարճ պատասխանն է` «ոչ»: Որոշ փորձագետներ, այնուամենայնիվ կատարում են վերլուծություն` վիճակագրական կանխատեսման և այլ փորձարարական մեթոդների կիրառմամբ` կոռուպցիան դոլարային արժեքով չափելու նպատակով: Փաստացիորեն այն թերևս անհնար է, քանի որ կաշառք տալը հրապարակավ չի գրանցվում: Հայտնի չէ, թե տարեկան որքան գումար է վճարվում կոռումպացված պաշտոնյային: Իսկ կաշառքները միայն փողի ձևով չէ, որ տրվում են. նույնքան տարածված են նաև փոխադարձ լավությունը և ծառայությունը, նվերները և այլն: Կարելի է առավելագույնս ուսումնասիրել կոռուպցիայի մակարդակի և ասենք, ժողովրդավարացման, տնտեսական զարգացման և շրջակա միջավայրին հասցված վնասի միջև հարաբերակցությունը: Կոռուպցիայի պատճառած սոցիալական վնասներն ավելի քիչ չափով են հաշվարկելի: Դոլարային արժեքով հաշվարկված ոչ մի սոցիալական վնաս չի կարող համարժեք լինել պաշտոնաթողության, անգրագիտության կամ անբավարար բուժօգնության ետևում թաքնված մարդկային ողբերգությունը չափելու համար:

Վերադառնալ վերև


5. Որտե՞ղ է կոռուպցիան ավելի մեծ չափով տարածված

Առաջին հայացքից թվում է, թե կոռուպցիան մեծ մասամբ զարգացող երկրներին բնորոշ հիմնախնդիր է: Այնուամենայնիվ, այն որքան զարգացող, նույնքան էլ զարգացած երկրների հետ է առնչվում: Դրա վկայությունն են Գերմանիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Միացյալ Նահանգներում կամ Մեծ Բրիտանիայում վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալները: Կոռուպցիայի տարածվածության աստիճանը պայմանավորված է հիմնավոր ստուգումների ու վերահսկողության կիրառմամբ: Մարդիկ այնքան կոռումպացված են, որքան նրանց թույլ է տալիս համակարգը: Նման միջավայրը առավել հավանական է զարգացող և արևելքի նորաստեղծ ժողովրդավարություններում, երբ վարչակազմն ու քաղաքական ինստիտուտները դեռևս թույլ են, իսկ ստացած վարձավճարի չափը` այնքան փոքր, որ պաշտոնյաները գայթակղվում են «ավելացնել» իրենց եկամուտները: Բռնապետական համակարգերում վարչական ու քաղաքական ինստիտուտները ոչ այլ ինչ են, քան բռնակալի կոռումպացված գործելակերպի «շարունակություն»: Զարգացող երկրներում տիրող իրավիճակի համար զարգացած երկրները մասամբ պատասխանատու են որպես կաշառատու: Ի վերջո, մեծ մասամբ զարգացած երկրների ընդհանուր շահերն են կաշառարարության տեղիք տալիս:

Վերադառնալ վերև


6. Ինչպե՞ս է կոռուպցիան ազդում մարդկանց կյանքի վրա

Ողջ աշխարհում կոռուպցիան մարդկանց կյանքի վրա ազդում է բազմապիսի եղանակներով: Վատագուjն դեպքերում, կոռուպցիան սպառնում է մարդկանց կյանքին: Բազմաթիվ այլ դեպքերում այն վտանգում է մարդկանց ազատությունը, առողջությունը կամ ունեցվածքը: Որոշ աստիճանավորներ աշխատում են միայն այն դեպքում, երբ կա լրացուցիչ «վարձատրության» գայթակղություն: Ցանկացած պարագայում, խոշոր և մանր կոռուպցիան կյանքն ավելի է բարդացնում և վտանգում մարդկային կյանքը:

Վերադառնալ վերև


7. Ինչպիսի՞ միջավայրում է կոռուպցիան փթթում

Ինչպես վերոնշյալ դեպքում, կոռուպցիան տարածված է այնտեղ, որտեղ գայթակղությունն ուղեկցվում է ամենաթողությամբ: Կոռուպցիոն դրսևրումները լայնատարած են այնտեղ, ուր բացակայում է իշխանության վերահսկողությունը, ուր որոշումները գաղտնի են կայացվում, ուր քաղաքացիական հասարակությունը ամուր հիմքեր չունի, ուր մարդիկ դատապարտված են աղքատության`ունեցվածքի խիստ անհավասար բաշխման պատճառով: Այնուամենայնիվ, կոռուպցիան առկա է անգամ այնտեղ, ուր քաղաքական, տնտեսական, իրավական և սոցիալական ինստիտուտները պաշտպանված են:

Վերադառնալ վերև


8. Հնարավո՞ր է արդյոք որոշ հասարակություններում կոռուպցիան դիտարկել իբրև բնականոն կամ ավանդական երևույթ

Քննադատները փաստարկում են, որ բազմաթիվ ոչ արևմտյան մշակույթներում բնականոն ավանդույթ է հրապարակավ նվեր տալն ու վերցնելը: Իհարկե, մշակութային հարաբերականության և նեո-գաղութատիրության վերաբերյալ բանավեճը վիճահարույց է: Նորմերն ու արժեքները կախված են համատեքստից և տարբեր մշակույթներում զանազանվում են միմյանցից: Աշխարհի որոշ երկրներում նվեր տալը բանակցելու և հարաբերություններ հաստատելու մաս է կազմում: Այդուհանդերձ, բոլոր մշակույթներում էլ կան որոշակի սահմաններ, որոնցից այն կողմ գործողությունը դառնում է կոռումպացված և անընդունելի: Իշխանության ակնհայտ չարաշահումը անձնական շահի համար, պետական կամ ընդհանուր դրամիջոցների գրպանումը անընդունելի է բոլոր մշակույթների և հասարակությունների համար:

Վերադառնալ վերև


9. Համատեղելի՞ են արդյոք ժողովրդավարությունն ու կոռուպցիան

Ժամանակակից ժողովրդավարությանը բնորոշ է կառավարող մարմինների իշխանության գալը` ժողովրդի կողմից լիազորված քաղաքական մանդատով: Իշխանությունը լիազորելով ենթադրվում է, որ այն կկիրառվի ի շահ լայն հանրության և ոչ թե ի շահ այն անհատի, ով ձեռք է բերել այդ մանդատը: Այսպիսով, կոռուպցիան` ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումը անձնական օգուտ ստանալու նպատակով, ըստ էության հակասական է և ժողովրդավարության հետ անհամատեղելի: Դժբախտաբար, դա չի նշանակում, թե ժողովրդավարական երկրներում կոռուպցիա չկա: Գայթակղությունը ամենուր մնում է որպես մարտահրավեր: Ահա թե ինչու առավել կարևոր է վերահսկողության մեխանիզմներ կիրառել և համակարգային խոչընդոտներ հաստատել` մարդկանց արգելելով չարաշահել իրենց իշխանությունը: Նման մեխանիզմները առավել դյուրությամբ են կազմվում և ներմուծվում հաստատված ժողովրդավարական համակարգերում, քան «նոր» ժողովրդավարացված երկրներում, ինչպես նաև ոչ ժողովրդավարական համակարգերում:

Վերադառնալ վերև


10. Հնարավո՞ր է արդյոք պայքարել կոռուպցիայի դեմ

ԹԻ-ն վստահ է, որ հնարավոր է իրականացնել կոռուպցիայի վերահսկողություն, եթե կառավարության, գործարարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները աշխատեն միասին և համաձայնության գան կիրառվող չափանիշների և ընթացակարգերի հարցում: ԹԻ-ի նպատակն է սահմանել և ներմուծել այնպիսի ռազմավարություններ և մեխանիզմներ, որ կոռուպցիայի դրսևորումները դարձնեն եթե ոչ անհնարին, գոնե քիչ հավանական և պատժելի, թե՛ ազգային և թե՛ միջազգային մակարդակով: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ հաջող իրականացված հակակոռուպցիոն քաղաքականությունը, որի շնորհիվ կոռուպցիան նվազեցվում է կառավարելի մակարդակի, կրթության և հանրային աջակցության հետ մեկտեղ անպայմանորեն ներառի նաև կանխարգելիչ և բացահայտման միջոցներ:

Վերադառնալ վերև