Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

23.11.2015

Պաշտոնական տվյալներով Հայաստանում աղքատությունը 2 տոկոսով նվազել է

Ս.թ. նոյեմբերի 23-ին Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, ըստ որի՝ 2014թ. Հայաստանում աղքատությունը նվազել է 2 տոկոսային կետով և կազմել 30 տոկոս: Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով, տարօրինակ է, որ ԱՎԾ-ն աղքատության շեմ է ընտրել 40 264 դրամը, այն պարագայում, երբ նույն ԱՎԾ գնահատմամբ՝ 2014-ին նվազագույն սպառողական զամբյուղը Հայաստանում կազմել է գրեթե 58 հազար դրամ: Կառավարության հռչակած տնտեսական աճը, փաստորեն, չի անդրադառնում աղքատության մակարդակի վրա: «Սա հստակ է և նաև նշանակում է, որ պետությունը մեծ հաշվով իր սոցիալական գործառույթները ճշգրիտ կերպով չի կարողացել ամրագրել և չի կարողացել աղքատ խավին զերծ պահել նման կարգի ցնցումներից»։ 


23.11.2015

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի տնօրենին նոր մեղադրանք է առաջադրվել` երեխաների նկատմամբ խոշտանգման համար

Բյուրեղավանի «Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենին առաջադրված ֆինանսական չարաշահումների մեղադրանքն ավելացվել է երեխաների նկատմամբ խոշտանգման մեղադրանքով: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկությունները հաստատվել են նաև ՀՀ քննչական կոմիտեից (ՔԿ)` հավելելով, որ նոր մեղադրանքը ևս արդեն ուղարկվել է դատարան: ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել են դպրոցի տնօրեն Գայանե Մարգարյանի կողմից երեխաների նկատմամբ կիրառված խոշատնգումների մի քանի դրվագներ, որոնց մասին ժամանակին ահազանգում էին նաև լրատվամիջոցներն ու հասարակական կառույցները, այդ թվում՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ):

 


21.11.2015

ԱլԳ ՔՀՖ բանաձևը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների գործընթացի վերաբերյալ

21 նոյեմբերի, 2015թ.

Կիև, Ուկրաինա: Մենք՝ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի՝ Կիևում ընթացող 7-րդ տարեկան համաժողովի մասնակիցներս, կիսելով ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեր գործընկերների մտահոգությունը, հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող Սահմանադրության փոփոխությունների գործընթացը չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին և անընդունելի է  ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային հանրության համար:  


21.11.2015

Կայուն մեծամասնության գաղափարը իչիք է դարձնում պառլամենատարիզմի հետ կապված հույսերը

Փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել է սահմանադրության փոփոխությունների նախագծում առկա այն ռիսկերը, խնդիրները, որոնց մասին քաղաքացին պետք է իրազեկ լինի նախքան հանրաքվեին մասնակցելը: Նյութում նշված է. «Նրա խոսքով, անհաջող ձևակերպումներ կան մարդու իրավունքներին վերաբերող գլխում, որոնք կասկածի տակ են դնում որոշ իրավունքների պաշտպանության հարցը. մասնավորապես, խնդիրներ կան սոցիալ-տնտեսական իրավունքի, արդար դատաքննության ինստիտուտի, ապացույցների թույլատրելիության և այլ հարցերի հետ կապված»:


20.11.2015

Փոխնախարար. «Դիլիջանի կենտրոնի ապրանքները որակով ու գնով համապատասխանում են պահանջներին»

Ս.թ. նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանը, անդրադառնալով Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի համար իրականացվող շռայլ ծախսերի մասին հրապարակումներին, հայտարարել է, որ անիրատեսական գնումներ չեն իրականացվել: «Ազատությունը» նշել էր, որ ուսումնական կենտրոնի լոգասենյակների կահավորման նպատակով բյուջեից ծախսվել է 37 միլիոն դրամ: Լոգասենյակների համար թանկարժեք պարագաները ձեռք էին բերվել մեկ անձից գնման եղանակով: Ֆինանսների նախարարության  ներկայացրած պարզաբանման մեջ նշվել է, որ գնման հրավերն ուղարկվել է երեք կազմակերպության, և մրցույթի արդյունքում է հաղթող ճանաչվել «Իդեալ» խանութների ցանցը: Ըստ ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանի՝ իրականացվել է ոչ մրցակցային բնույթի գնում: «Երբ կամայական հնարավոր մատակարարի մասնակցությունը տվյալ մրցույթին սահմանափակված է, դա արդեն ոչ մրցակցային ձեռքբերում է։ Այնինչ, ՀՀ օրենսդրությամբ գնումների նախընտրելի ձևը բաց մրցույթն է»։


20.11.2015

Սահմանադրության մասին՝ համառոտ. անիմացիոն տեսանյութերի հայերեն տարբերակներ` պատրաստված ԹԻՀԿ-ի կողմից

Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտը (International IDEA) սույն անիմացիոն տեսանյութերով նպաստում է քաղաքացիական կրթությանը՝ աջակցելով սահմանադրության ստեղծման գործընթացներին: Տեսանյութերի հայերեն տարբերակները պատրաստվել են Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) նախաձեռնությամբ: Դրանք հանրամատչելի բացատրում են սահմանադրականության և սահմանադրության մշակման հիմնական գաղափարները՝ օգնելով քաղաքացիներին հասկանալ ինչ է սահմանադրությունը, ինչու է այն մեզ հարկավոր, ինչպես է մշակվում սահմանադրությունը, ինչպես է այն առնչվում մեր կյանքին և ինչու է կարևոր:    


20.11.2015

Հանրաքվեի նախապատրաստական գործընթացում վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ ամփոփագիր

1-16 նոյեմբերի, 2015թ.

2015թ. հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների  նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին» որոշումը,  որի հիման վրա ՀՀ նախագահը 08.10.2015թ. հրապարակեց հրամանագիր՝ հանրաքվեի օր նշանակելով 2015 թվականի դեկտեմբերի 6-ը: Հանրաքվեի պաշտոնական քարոզարշավը մեկնարկեց 2015 թվականի հոկտեմբերի 10-ից:

Սույն ամփոփագրում ներառված են տեղեկություններ նոյեմբեր ամսվա առաջին կեսին հանրաքվեի քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի ակնհայտ կամ հնարավոր օգտագործման վերաբերյալ:


19.11.2015

«Դիտակետում». 34% աղքատություն, 1700 ծառայողական մեքենա

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Դիտակետում» հաղորդաշարն անդրադարձել է պետական բյուջեի միջոցների չարաշահումներին: Չնայած ՀՀ կառավարության ներկայացրած տվյալների համաձայն տարեցտարի բարելավվում են Հայաստանի համախմբված բյուջեի ցուցանիշները, այդ ցուցանիշների առարկայական դրսևորումներ ազգաբնակչության կենսամակարդակում դեռևս չեն նկատվում: Մեր երկրում աղքատության պաշտոնական ցուցանիշը շարունակվում է մնալ տարածաշրջանում ամենաբարձրը՝ 34%, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 55 հազար դրամ: Այդ կապակցությամբ «Դիտակետում»-ը զրուցել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի հետ, ով հիմնավորել է, թե ինչու է ներկա աճը հրամցված ավելի շատ, քան իրականը:


19.11.2015

Հայկական ժամանակ. «Ֆինանսների նախարարությունում հաշվել չգիտե՞ն»

Ս.թ. նոյեմբերի 19-ին «Հայկական ժամանակը» «Ֆինանսների նախարարությունում հաշվել չգիտե՞ն» վերնագրով հոդվածում անդրադարձել է ՀՀ ֆինանսների նախարարության (ՖՆ) հրապարակած մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ պարզաբանմանը` ի պատասխան ս.թ. նոյեմբերի 13-ին «Ազատության» «Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները «անարդյունավետ են ծախսվում»» նյութի: Վերջինս ներկայացրել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանի կարծիքը ՖՆ Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները անարդյունավետ ծախսելու վերաբերյալ:


18.11.2015

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ

Ս.թ. նոյեմբերի 13-ին «Ազատությունը» նյութ էր հրապարակել ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի Դիլիջանում կառուցվող մասնաշենքի վերաբերյալ «Ֆիննախի Դիլիջանի ուսումնական կենտրոնում պետական միջոցները «անարդյունավետ են ծախսվում»» վերնագրով: Այդ կապակցությամբ «Ազատությունը»  դիմել էր Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գնումների փորձագետ Արտակ Մանուկյանին, ով թանկարժեք գնումները համարել է պետական միջոցների անարդյունավետ ծախս: Ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը (ՖՆ) հրապարակել է պարզաբանում մի շարք ԶԼՄ-ների ՖՆ ուսումնական կենտրոնի Դիլիջանի մասնաշենքին վերաբերող տեղեկատվության վերաբերյալ: