Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

03.03.2016

Սիվիլնեթ. Ընտրական օրենսգիրքն ամրագրում է վերարտադրման հնարավորությունները

Հրապարակվել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծային տարբերակը, որով թերևս սահմանվելու են առաջիկա 10 տարիների քաղաքական հարաբերություններն ու ընտրական գործընթացները Հայաստանում: Այս ընտրական օրենսգիրքը ոչ միայն չի բարելավվել, այլ ադապտացվել է գործող ընտրական կեղծարարական մեխանիզմին, կան բազմաթիվ նորամուծություններ, որոնց մեխանիզմները հստակեցված չեն: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը և «Բեկում» ժողովրդավարության աջակցության կենտրոնի նախագահ Արթուր Մինասյանը Սիվիլնեթի հետ զրուցել են նոր Ընտրական օրենսգրքի նախագծի բացերի մասին։


03.03.2016

Ազատություն TV. Քննարկում ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ

Ազատություն TV. Կառավարությունը հաստատել է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, սակայն, քաղաքացիական հասարակության համոզմամբ իշխանությունը խախտել է տեղեկացված լինելու իրենց իրավունքը: Ազատություն TV-ի եթերում Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ որոշակի գաղտնիության ռեժիմով է քննարկվել նախագիծը, և ընթացակարգերի խախտումը վարչական մարմինների կողմից այնքան էլ խրախուսելի չէ: Նա նաև ներկայացրել է քաղաքացիական հասարակության առաջարկները, որոնք ընտրական օրենսգրքի նախագծում բացակայում են:


03.03.2016

ԸՕ նախագծի մշակման գործընթացը անօրինական է. ԹԻՀԿ-ն պահանջում է հանրային քննարկումներ

1in.am. Ընտրական օրենսգրքի հրապարակումից ժամեր անց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) հայտարարություն է տարածել, որով իր մտահոգությունն է հայտնել նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ: ԹԻՀԿ իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը դիտարկում է որպես գաղտնիության ռեժիմում գրված, հանրությունից թաքցված, ոչ մասնակցային փաստաթուղթ: Նախագիծը մշակելիս ներառականության, ընդհանուր կամահայտնության, կողմերի համաձայնության գործընթացներ տեղի չեն ունեցել:  


03.03.2016

«Վտանգավոր նորամուծություններ»՝ նոր ընտրական օրենսգրքի նախագծում

Ազատություն ռադիոկայան. Փակ դռների ետևում մշակված ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը, որ հաստատվել է կառավարության նիստում, չի արտացոլում քաղաքացիական հասարակության ակնկալված բարեփոխումները, պնդում են 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված սահմանադրության հանրաքվեն դիտարկած կազմակերպությունների, այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչները: Ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի՝ նախագծում անգամ հետընթաց կա: Սահմանափակվել են դիտորդի, վստահված անձի և ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքներն ու հնարավորությունները՝ սկսած հավատարմագրվելուց մինչև տեղամասում գտնվելու գործողությունների շրջանակը, կարծես փորձելով ընտրական գործընթացը հեռու պահել անգամ հանրային աչքից:


02.03.2016

Հայտարարություն ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործընթացի անօրինականության վերաբերյալ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության զարգացման համար ընտրական համակարգի բարեփոխման  և ընտրական օրենսգրքի բարելավման իրական անհրաժեշտությունը՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում նոր ընտրական օրենսգրքի նախագծի մշակման և ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգ ներկայացնելու գործընթացի անօրինականության վերաբերյալ:  


02.03.2016

30 միլիոն դոլարի վարկ ՀՀ էներգետիկ համակարգի բարելավման համար

Ս.թ. փետրվարի 18-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների այն ժամանակվա նախարար Երվանդ Զախարյանը ՀՀ կառավարության նիստին Համաշխարհային բանկից 30 միլիոն դոլարի վարկ վերցնելու մասին արտաօրակարգային հարց է մտցրել: Սակայն, հստակ ձևակերպում չի տրվել, թե ինչի համար է այդ նոր պարտքը: Այդ թեմայի շուրջ Հայկական ժամանակը հարցազրույց է վերցրել տնտեսագետ, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանից: Ըստ Արտակ Մանուկյանի՝ այդ վարկը և դրա հետ կապված հիմնավորումները փաստում են, որ այն պլանավորված չի եղել և իր հիմքում չունի որևէ ռազմավարություն։


01.03.2016

Մամուլի ակումբ. ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններ

Երևանի մամուլի ակումբի «Մամուլի ակումբ» հեռուստահաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հաղորդման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենց մտահոգություններն են արտահայտել ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործընթացի անօրինականության, իրենց հուզող խնդիրները օրենսդրությունում տեղ չգտնելու, միջազգային կազմակերպությունների հանձնարարականները իշխանությունների կողմից ընտրողաբար կիրառելու, իշխանությունների ոչ թափանցիկ աշխատանքի և այդ պայմաններում լրատվամիջոցների դերի, ինստիտուցիոնալ հիշողության բացակայության և հասարակությանը մտահոգող այլ հարցերի շուրջ:


29.02.2016

«Քաղհասարակությունը չի հավատում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարի խոստմանը»

Ազատություն ռադիոկայան. Քաղաքացիական հասարակությունը «իմիտացիա» է որակում Դաշնակցության և Հանրապետականի համաձայնագիրը, որով նրանք խոստանում են պայքարել կոռուպցիայի դեմ, ավելին` տարանջատել բիզնեսը իշխանությունից: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպիցոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշում է՝ եթե իշխող Հանրապետականը իսկապես ցանկանում էր պայքարել կոռուպցիայի դեմ և տարանջատել բիզնեսը իշխանությունից, ապա դա առանց Դաշնակցության էլ կարող էր անել: Իսկ Դաշնակցությունը այն ամենակարող ուժը չէ, որին կհաջողվի ստիպել Հանրապետականին փոխել վարքագիծը: «Բացի դրանից, եթե նայենք ովքեր են պայքարում կոռուպցիայի դեմ, մի փոքր ավելի ծաղրի է նման։ Այն մարդիկ, ում մասին մենք տարիներ շարունակ նշում ենք, որ հովանավորում են բիզնեսներ կամ գտնվում են կոռուպցիոն սկանդալների մեջ, հայտնվում են կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի մեջ»,- ընդգծեց Տիգրանյանը։


29.02.2016

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկում

ՀՀ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է ներկայացվի ՀՀ ազգային ժողով մինչև մարտի 1-ը: Սակայն մինչև վերջին օրը ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ քաղաքացիական հասարակությունը ծանոթ չեն իրենց թիկունքում մշակված փաստաթղթին: Նման տեսակետ է արտահայտվել ս.թ. փետրվարի 29-ին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ, որը կազմակերպել էր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փոխտնօրեն Սոնա Այվազյանը բանախոսել է «Հանրային վերահսկողություն. ընտրությունների թափանցիկության և հաշվետվողականության ապահովման միջոց» թեմայով: Նա անդրադարձել է ընտրությունների նկատմամբ հանրային փաստացի վերահսկողությանը, որը որոշ առումով կա՛մ անհնարին է, կա՛մ անարդյունավետ: Նա այդ վերահսկողությունն ավելի արդյունավետ  դարձնելու  համար առաջարկներ է ներկայացրել:


25.02.2016

Ինչպես կազմակերպել արդյունավետ ջատագովություն

Ինչպե՞ս հասնել հանրային քաղաքականության փոփոխության ջատագովության միջոցով: Ինչպե՞ս ձևակերպել հիմնախնդիրը, որ այն տեղ գտնի իշխանության օրակարգում: Ինչպե՞ս ձևակերպել նպատակը և ներգրավել շահագրգիռ կողմերի: Այս և այլ հարցեր են քննարկվել և ներկայացվել «Արդյունավետ հաղորդակցության և քարոզարշավների կազմակերպում» թեմայով ինտերակտիվ սեմինար-դասընթացին: Դասընթացին մասնակցել են երկու տասնյակ կազմակերպություններ,  ներկայացնելով այդ հարցերի շուրջ սեփական փորձն ու մարտահրավերները և  դասեր քաղելով միմյանց ու Թրանսփարենսի Ինթերնեշնլ Ուկրաինայի մասնաճյուղի փորձից: Այն ներկայացնում էր դասընթացավար, ԹԻ Ուկրաինայի գործադիր տնօրեն, հանրային քաղաքականության փորձագետ Ալեքսի Խմարան: