Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

16.04.2016

lragir.am. Բանակին ուղղված ծախսերն իրականում գնացել են պաշտոնյաների գրպանը

Lragir.am-ին տված հարցազրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշում է, որ Հայաստանում այսօր առկա կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Նա առաջարկում է ռազմական ոլորտի գնումների համար սահմանված ավելացված արժեքի հարկը չեղյալ անել: «Դրանով կփորձենք այդ գումարների հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնել: Պաշտպանության նախարարության գնումները, կլինի զենք կամ այլ գույք, այսօր հարկվում են ԱԱՀ-ով, որն անուղղակի հարկ է, գնում է պետական բյուջե, իսկ այս գումարները, հայտնի է, որ անարդյունավետ են տնօրինվում»: Տնտեսագետի երկրորդ առաջարկն այն է, որպեսզի ոլորտին ուղղված բարեգործությունները նույնպես չհարկվեն ԱԱՀ-ով: Մանուկյանի խոսքով՝ այն, որ պետությունը՝ որպես սուբյեկտ, մեզ կերակրել է այն մտքով, թե ծախսերն ուղղվում են բանակին, այսօր տեսնում ենք, որ սուտ է: Այդ գումարներն ուղղվում են իշխանությունում գտնվողների սեփական հարստացմանը:


15.04.2016

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդություն է իրականացնելու ՏԻՄ ընտրություններում

Ս.թ. ապրիլի 17-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական վերահսկողություն է իրականացնելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ընտրության ընթացքին հետևելու համար կարող եք այցելել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կայք էջ կամ հետևել ֆեյսբուքյան էջին: Սոցիալական ցանցերում ընտրությունների մասին տեղեկատվությունը տարածելու համար օգտագործվելու է հետևյալ հեշթեգը՝ #LocalElections2016


14.04.2016

1in.am. ԹԻՀԿ խորհրդի նախագահը մերօրյա խնդիրների և կոռուպցիայի մասին

«Առաջին լրատվականը» հարցադրում է՝ ո՞վ և ինչպե՞ս պետք է պայքարի կոռուպցիայի դեմ հայաստանյան իրականությունում: Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) խորհրդի նախագահ Հայկակ Արշամյանի հետ հարցազրույցում վերջինիս կարծիքով՝  արցախյան քառօրյա պատերազմի հետևանքով ի հայտ եկան մի շարք երևույթներ, և հասարակությունը գիտակցեց, որ այս ամեն ինչը հետևանք է ոչ միայն արտաքին քաղաքականության, ներքին կառավարման բացթողումների, այլև կոռուպցիայի: «Եթե Ադրբեջանը մի քանի միլիարդանոց գործարքներ է կնքում Ռուսաստանի հետ և ստանում է գերժամանակակից զենքեր, մենք ընդամենը մուրում ենք Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ, որի դիմաց կարող ենք ստանալ 80-ական կամ նույնիսկ 90-ական թթ. բնականաբար ավելի քիչ քանակությամբ զենք»:


13.04.2016

Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի մեկնաբանությունները ՀԿ-ների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը (Հունգարիա) մեկնաբանություններ է տրամադրել Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ որոշ թեմաների շուրջ, որոնք 2016 թ. հունվարին ներկայացվել են ՀՀ Ազգային ժողով: 2015 թ. Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնը մշակել և 2 շարք գրավոր մեկնաբանություններ է ուղարկել օրենքի նախագծի նախորդ տարբերակի վերաբերյալ: Բացի դրանից, 2016 թ. մարտին մշակել ենք մեկնաբանություններ կամավորականությանն առնչվող դրույթների վերաբերյալ:


12.04.2016

«Միհրան Պողոսյանը քավության նոխա՞զ….»

Եթե Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանի դեմ ներկայացված դիմումի հիման վրա պաշտոնեական դիրքի չարաշահման դեպք հայտնաբերի, կարող է դիմել Գլխավոր դատախազություն: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Եթե դիմումն ընդունվի, հանձնաժողովն ունի 30-օրյա ժամկետ՝ վարույթ իրականացնելու համար: Տիգրանյանը կարծում է, որ հանձնաժողովն իրենց դիմումը մերժելու հիմքեր չունի, այլ հարց է, թե վարույթի ընթացքում ինչ կբացահայտվի:


12.04.2016

«Ազատություն» ռադիոկայան. ոստիկանությունն ուսումնասիրում է «Հետք»-ի հրապարակած տվյալները

«Ազատություն» ռադիոկայանը հետամուտ է «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի ս.թ. ապրիլի 4-ի համարում հրապարակած «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» հոդվածի առնչությամբ ձեռք առնված միջոցներին: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարի վերաբերյալ հրապարակման առնչությամբ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով վարույթ հարուցել: «Ազատություն» ռադիոկայանին հանձնաժողովից տեղեկացրել են, որ դիմումն ուսումնասիրում են և դեռ վարույթ չեն հարուցել: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի խոսքով, սակայն, Բաղրամյան 26-ում գործող Էթիկայի հանձնաժողովը պատժիչ գործառույթներ չունի, և առավել կարևոր է հենց իրավապահ մարմինների աշխատանքը:


11.04.2016

«Մեդիամաքս». Արմեն Գրիգորյան. ապրիլյան պատերազմ՝ երկրորդ շանս

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) ընտրությունների ծրագրի համակարգող Արմեն Գրիգորյանը «Մեդիամաքս» ընկերության «Երկրորդ շանս» հատուկ նախագծում, որը նպատակ ունի քննարկումեր խթանել Հայաստանի ու Հայկական աշխարհի ապագայի շուրջ, անդրադառնում է «քառօրյա պատերազմից» քաղած դասերին: Ըստ Արմեն Գրիգորյանի՝ «քառօրյա պատերազմը»  ցույց տվեց, որ հայ ժողովորդի ներուժի համատեղման դեպքում հնարավոր է լուծել լայնածավալ խնդիրներ: Այն նաև հաստատեց, որ Հայաստանի միակ պաշտպանն ու դաշնակիցը հայկական բանակն է և աշխարհասփյուռ հայությունը։ Հայ ժողովրդի ուժերը համատեղելու լավագույն գործիքը ժողովրդավար Հայաստանն է:


08.04.2016

«Հետքի» հրապարակման հիման վրա ԹԻՀԿ-ը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով

Ս.թ. ապրիլի 8-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) ՀԿ-ն գրավոր դիմում է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ խնդրելով վարույթ հարուցել և ուսումնասիրել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի վերաբերյալ «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը:


07.04.2016

ԹԻՀԿ դիրքորոշումը՝ Միհրան Պողոսյանի օֆշորային բիզնեսի վերաբերյալ «Հետքի» հրապարակմանը ընթացք տալու մասին

«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ «hetq.am» էլեկտրոնային լրատվամիջոցի ս.թ. ապրիլի 4-ի համարում հրապարակած «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ, որն անդրադառնում է ՀՀ  գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի՝ օֆշորային գոտիներում գրանցած ընկերությունների միջոցով բիզնես վարելուն, իր պաշտոնը սեփական բիզնեսի զարգացման համար օգտագործելուն և եկամուտները թաքցնելուն: ԹԻՀԿ-ը պատրաստվում է դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Հետք» էլեկտրոնային պարբերականի հրապարակումը:


05.04.2016

4+4+4 եռակողմ քննարկումների մասնակից ՀԿ-ների ներկայացուցիչների հայտարարությունը

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններում ստեղծված ռազմական իրավիճակը՝ մենք, ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանական կոալիցիայի և ոչ իշխանական կուսակցությունների հետ  4+4+4 եռակողմ  քննարկումների մասնակից հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչներս, հայտնում ենք, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ընդունելու քննարկումների հնարավոր հետաձգման մասին կողմերի առաջարկը: