Գլխավոր էջ Նորություններ

Նորություններ

31.03.2016

ՀՀ ՄԻՊ 2015 թ. տարեկան հաղորդումն անդրադարձել է ԹԻՀԿ գնումների մոնիտորինգին

Հրապարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թ. ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդման գնումների մասում անդրադարձ է կատարվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ)  «ՀՀ պետական գնումների մոնիտորինգային հաշվետվություն 2014-2015թթ.» զեկույցին, և կան մի շարք հղումներ, նաև՝ առաջարկների հետ կապված:


30.03.2016

Պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքների ներկայացում և քննարկում

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Օրինավորության խթանումը պաշտպանության ոլորտում» ծրագրի շրջանակներում կատարել է պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրություններ, որոնց արդյունքները ներկայացվել են և քննարկվել ս.թ. մարտի 30-ին:


30.03.2016

lratvakan.am. ընտրական օրենսգրքի ենթատեքստերը «Թարմ ուղեղով» հաղորդաշարում

Լրատվական ռադիոյի եթերում «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրը Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն է: Նոր օրենսգրքով լինելու է քողարկված մեծամասնական, անուղղակի ռեյտինգային քվեարկություն: Ըստ Հոկտանյանի՝  չկա լուրջ ցանկություն, միտում ընդունելու քաղաքացիական հասարակության և ընդդիմության  առաջարկները: Այն, ինչ սպասվում էր ՀՀ ընտրական օրենսգրքից, ունեցանք: Կա մի նախագիծ, որը առավելագույնս հեշտացնելու է վերնախավի շահերը ներկայացնող իշխող քաղաքական ուժի՝ իշխանության մեջ մնալը և որևէ կերպ չի արտացոլում քաղաքացու շահը:


30.03.2016

Առավոտ. ՊՆ գույքի օտարման գործընթացում մի շարք մութ գործարքներ կան

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) փորձագետները ներկայացրել են պաշտպանության նախարարության կողմից կատարված պետական գնումների, պաշտպանության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների արդյունքները: Պաշտպանության ոլորտի ակտիվների օտարման գործընթացում մի շարք մութ գործարքներ կան: Հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վիրաբ Խաչատրյանի ներկայացմամբ՝ ՊՆ-ի գույքի օտարման կասկածելի գործարքներից մեկն օրինակ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի օտարումն է:


30.03.2016

Առավոտ. «Ավանգարդ» ՍՊԸ-ն ՊՆ-ի է՛լ լվացքն է արել, է՛լ հացն է թխել, է՛լ ռադիոտեխնիկա ու մեքենա է մատակարարել

Առավոտ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) պետական գնումների քաղաքականության փորձագետ Արտակ Մանուկյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության գնումների գործընթացում կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրության արդյունքները: Արտակ Մանուկյանը ՊՆ-ի գնումներն ու պետական փողերն արդյունավետ ծախսելու մի շարք առաջարկություններ է արել, այդ թվում՝ խոշոր գնումներն, օրինակ՝ բենզին, դիզվառելիք, հացահատիկ և այլն կատարել անմիջապես միջազգային բորսաներից  այլ ոչ թե միջնորդավորված ընկերություններից:


30.03.2016

1in.am. ԹԻ-ի բարձրացրած հարցերի վերաբերյալ Սեյրան Օհանյանը հանձնարարականներ է տվել

1in.am. ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության «Պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ» 2015թ. ուսումնասիրության ՀՀ պաշտպանության համակարգին վերաբերող զեկույցին: Իսկ պաշտպանության ոլորտում գնումների և ակտիվների օտարման հարցերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման թեմատիկ ուսումնասիրությունների վերաբերյալ նախարարությունը նպատակահարմար է համարում իր դիրքորոշումը ներկայացնել ավելի ուշ, գրավոր, հանգամանալից վերլուծությունից հետո:


28.03.2016

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հայտարարությունը ՀՀ ընտրական oրենսգրքի նախագծի բարելավման աշխատանքներին մասնակցելու մասին

ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է հայաստանյան քաղաքացիական հասարակության 200-ից ավելի կազմակերպություններ, իր համերաշխությունն է հայտնում  Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի նոր նախագծի շուրջ քննարկումներում  հանրային մասնակցության ապահովմանն ուղղված գործընթացին և ՔՀՖ ՀԱՊ անդամ կազմակերպությունների առցանց քվեարկության արդյունքում՝ միանում է ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման շուրջ քաղաքական ուժերի ներկայացրած 4+4+4 (իշխանական կոալիցիա, ոչ իշխանական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ) ձևաչափով բանակցություններում մասնակցության պատրաստակամության մասին մի շարք ՀԿ-ների կողմից կազմված հայտարարությանը:


26.03.2016

Առավոտ. «Հնարամիտ վարորդնե՞ր են հայտնվել, որ հարբածությունը թանկարժեք ալկոտեստերով պիտի ստուգեն»

Առավոտ. Ս.թ. մարտի 23-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետները ներկայացնելով պետական գնումների իրենց ուսումնասիրությունը՝ նշել էին, որ ՀՀ ոստիկանությունը 2015 թ. գնել է հատը 1 միլիոն 98 հազար դրամանոց 45 հատ ալկոտեստեր: Բացի այս, անցյալ տարի ոստիկանությունը ձեռք է բերել Ճանապարհային երթևեկության հսկման սարքեր՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների նկարահանման և արձանագրման, պարեկային ավտոմոբիլների համար համակարգով նախատեսված համապատասխան տեխնիկական միջոցներ. պայմանագիրը կնքվել է առավելագույն գին առաջարկած ընկերության հետ:


25.03.2016

media.am. որպեսզի ձևական բնույթ չկրի Բաց կառավարման գործընկերության նախաձեռնությունը

media.am-ն անդրադարձել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) հայաստանյան ծրագրերին: ԲԿԳ հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խումբը կազմված է ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից: ԲԿԳ հայաստանյան ծրագրերի մշակման աշխատանքային խմբի անդամ, Թրանսփարեսնի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ տեղեկատվության թափանցիկությունը որպես կոռուպցիայի կանխարգելիչ մեխանիզմ շատ կարևոր է, բայց միայն թափանցիկ լինելը չի նշանակում, թե կոռուպցիա չկա: Ծրագրված է Հայաստանում 11 ոլորտների ֆինանսական գործունեության տվյալներն ինտերնետով հասանելի դարձնել հանրությանը (առայժմ՝ պետական գնումներ, առողջապահություն, կրթություն, հանքարդյունաբերություն, համայնքներ և այլն): Աշխատանքի կոնկրետ փուլերի կատարման համար կա հստակ ժամանակացույց:


25.03.2016

A1+. բանավեճ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի խնդրահարույց դրույթներ թեմայով

ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ մարտի 25-ին A1+-ի տաղավարում տեղի է ունեցել բանավեճ, որի ընթացքում վեր են հանվել նախագծում առկա հիմնական խնդրահարույց դրույթները և հնչել են առաջարկներ փոփոխություններ կատարելու համար: Բանավեճի մասնակիցներից է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը: Ըստ Տիգրանյանի՝ էլեկտրոնային քվեարկության մեխանիզմը ներդնելով, այնպես չէ, որ բացառվում է կրկնաքվեարկությունը, որովհետև ընտրողների ռեգիստրը մեկ միասնական սերվերով, ցանցով միացված համակարգ չէ: Սա նշանակում է, որ ընտրողների բազաները առանձին են տարբեր ընտրատարածքներում և որևէ երաշխիք չկա, որ տարբեր ընտրատարածքի ընտրողների ցուցակներում նույն անձը չի կրկնվում երկրորդ կամ երրորդ անգամ: