Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Օգնենք մեզ, գնենք մերը
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Հոկ
9

Օգնենք մեզ, գնենք մերը

ՀՀ կառավարության նիստում քննարկման է դրված «պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակներում իրականացվելիք մի գործարք: Ըստ այդմ, կառավարությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի այն պետական ու համայնքային ծառայողներին, որոնք կկամենան հիպոթեկային վարկով բնակարաններ ձեռք բերել Երևանի Արաբկիր և Քանաքեռ համայնքների սահմանագծում «Միկշին» ընկերության կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքային համալիրում, որը պատրաստ կլինի 2017 թ., մեկ քառակուսի մետրի գինը կլինի մոտ 300 հազար դրամ. հենց այդքան է տվյալ տարածքում բնակարանների մեկ քմ-ի շուկայական գինը: Ի դեպ, կառուցապատող ընկերության ընտրության մրցույթ հայտարարված չի եղել: «Միկշին» ընկերության սեփականատերը Տիգրան Հարությունյանն է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի որդին: Մ.Հարությունյանը Սերժ Սարգսյանի մանկության ընկերներից է: Տ.Հարությունյանը նաև «կարմիր գծերից» հայտնի «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության բաժնետերերից է ու նաև ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի քեռորդին է: Իսկ «Միկշինը» պետական ռեգիստրում գրանցվել է դեռ 2007 թ., բայց Հայաստանի առաջին 1000 հարկատուների ցանկում չկա: Այսպիսով՝ ծրագրի բարեհունչ վերնագրի ետևում իրականում ընկած է կոնկրետ մի ընկերությանը հովանավորելու նպատակ:

Հեղինակ՝ Հայկ Գևորգյան