Գլխավոր էջ Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014) Դատավորն «ախչի»-ով է խոսում, իսկ քննիչը չի կողմնորոշվում
Կոռուպցիոն դեպքեր (2006 - 2014)
2014 Մայ
14

Դատավորն «ախչի»-ով է խոսում, իսկ քննիչը չի կողմնորոշվում

«Դատավոր Մարտիրոսյան Էդիկն ինձ ասաց, որ ոչինչ չի կարող անել, որովհետև անում է այն, ինչ իր վերադասն է ասում»,- արդեն 15 տարի է, ինչ Մելանյա Բադալյանը պայքարում է դատարանում իր ամուսնու ազգականների դեմ, որպեսզի վերջիններս չխլեն Տոլստոյ 40/1 հասցեում գտնվող իր տունը, որտեղ բնակվում է 78 թ.-ից իր երկու երեխաների հետ: 1997 թ. տունը սեփականաշնորհվել է Մ. Բադալյանի և իր երեխաների անունով: Մ. Բադալյանի նախկին ամուսնու հորեղբայրները դատական հայցով դիմել են դատարան՝ հողատարածքի և տան նկատմամբ իրենց իրավունքն ամրագրելու պահանջով: Վեճի առարկա տունը 2013 թ. հուլիսի 28-ին հրդեհվել է, և տիկինը համոզված է, որ հրդեհը պատահական չի եղել. հրդեհը բռնկվել է միայն 2 օր անց, երբ ինքը ապացուցել է, որ հակառակ կողմը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել: Հրշեջները, նրա ասելով, եկել են 45 րոպե ուշացած, մինչ այսօր փորձաքննություն է գնում: Փորձագետը եկել է իր գործն անելու միայն 6 ամիս հետո, երբ ձյուն էր եկել, և հետքերը վերացել էին: Այս ամենը կազմակերպված մեխանիզմ է, նրանք փորձում են շրջանցել այս գործը, քանի որ օրենքի մարդիկ են խառնված»: Տիկնոջ ասելով ինքը բազմաթիվ փաստեր և ձայնագրություններ ունի, թե ինչպես են քրեական գործը ոչնչացրել 5 դատախազների մակագրությամբ կամ ինչպես են վճռաբեկ դատարանի գործերը գողացել: «Եթե այս 15 տարվա դատական գործի բոլոր մութ կողմերը բացահայտվեն՝ կեղծ փաստաթղթերով հանդերձ, ապա օրենքի շատ մարդիկ խնդիրներ կունենան»,- նշում է Մելանյա Բադալյանը:

Հեղինակ՝ Սիրան Հունանյան