Հակակոռուպցիոն բնագավառում լավագույն ներդրման համար մրցանակ
Տարածաշրջանային զարգացման կենտրոն / Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Հայաստան կազմակերպության կողմից շնորհվող մրցանակ «Հայաստանում հակակոռուպցիոն բնագավառում լավագույն ներդրման համար»
2003 թվականի հուլիսի 30-ին Տարածաշրջանային զարգացման կենտրոն/Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Հայաստան կազմակերպությունը շնորհեց իր առաջին տարեկան մրցանակը «Հայաստանում հակակոռուպցիոն բնագավառում լավագույն ներդրման համար»: Մրցանակի նպատակն է արժանին մատուցել պետական հաստատությունների, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների կամ միջազգային հանրության այն ներկայացուցչին, որոնք ցուցաբերել են իսկական նվիրվածություն, հետևողականություն և եռանդ կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մրցանակի շնորհմամբ կազմակերպությունն արժեվորում է այն անհատներին և կազմակերպություններին, ում խիզախությունը, վճռականությունը և նվիրվածությունը կարող են ծառայել որպես լավագույն օրինակ կոռուպցիայի դեմ պայքարում:
2005 մրցանակ
ՏԶԿ/ԹԻ – Հայաստանը շնորհեց իր 2005թ մրցանակը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում խոշոր ներդրում կատարելու համար «Հայկական Ժամանակ» թերթի լրագրող Հայկ Գևորգյանին: Մրցանակը հանձնվեց 2005թ. դեկտեմբերի 12-ին, «Գոլդեն Թյուլիփ Հոթել Երևան»-ում «Լեհաստանի փորձը կոռուպցիայի դեմ պայքարում» ամփոփիչ սեմինարի բացման արարողության ժամանակ:
2004 մրցանակ
ՏԶԿ/ԹԻ – Հայաստանը շնորհեց իր 2004թ մրցանակը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի գործում խոշոր ներդրում կատարելու համար «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանին: Մրցանակը հանձնվեց 2004թ. հունիսի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում Թրանսփարենսի Ինթերնեշնլի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի «Ժողովրդավարական կառավարման համակարգի ձևավորումը թափանցիկության և մասնակցության միջոցով» վերնագրով հանդիպման ժամանակ:
2003 մրցանակ
Առաջին մրցանակը շնորհվել է 2003թ. հուլիսի 31-ին «Հակակոռուպցիոն տեղեկատվական կենտրոն» ծրագրի շնորհանդեսի ժամանակ 2000-2003թթ. Հայաստանում ԵԱՀԿ դեսպան պարոն Ռոյ Ռիվին: Վերջին երեք տարիների ընթացքում ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակը, դեսպան Ռոյ Ռիվի ղեկավարությամբ, համակարգել է Հակակոռուպցիոն համատեղ աշխատանքային խմբում ներգրավված դոնոր կազմակերպությունների հակակոռուպցիոն գործունեությունը Հայաստանում, աջակցել է քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին, ինչպես նաև առանցքային դեր է խաղացել Հայաստանում հակակոռուպցիոն օրակարգի մշակման գործընթացում: