Գլխավոր էջ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ

Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ

2011թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի (ԲՀՀ-Հայաստան) համատեղ նախաձեռնությամբ սահմանվել է Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը տրվում է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի:

Ամալյա Կոստանյանը եղել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ի հիմնադիրը 2000 թ.: Նա կազմակերպության նախագահն էր մեկ տասնամյակ` մինչև 2010 թ. իր հանկարծահաս մահը:

2015թ. մրցանակ

2016 թ. դեկտեմբերի 9-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպած «Պահանջատեր քաղաքացին ընդդեմ կոռուպցիայի. կոռուպցիայի դեմ պայքարում ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների գործունեությունը 2016թ․» միջոցառման ընթացքում տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը հանդես եկան ելույթներով` ներկայացնելով մրցանակի խորհուրդը:

2015թ. մրցանակը շնորհվեց «Լրագիր» վերլուծական էլեկտրոնային պարբերականի լրագրող Թեհմինե Ենոքյանին, ով 2015թ. լուսաբանելով #ԷլեկտրիկԵրևան քաղաքացիական շարժումը, աչքի է ընկել մասնագիտական բարձր հմտություններով, խիզախությամբ և սկզբունքայնությամբ, ինչը հնարավոր դարձրեց պատմության մեջ ամրագրել Հայաստանի քաղաքացիների ազատ արտահայտման ու խաղաղ պայքարի ամենացայտուն օրինակներից մեկը:

Մրցանակը հանձնեց 2014թ. մրցանակակիր, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանը։ Թեհմինե Ենքոյանը շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, հույս հայտնելով, որ երկրում խնդիրներն այնքան կքչանան, որ դրանց դեմ պայքարելու կարիք չի լինի։ Մրցանակակիրը նշեց, որ կցանկանա, որպեսզի ոչ միայն անհատ մարդիկ ու կազմակերպությունները խոսեն ու պայքարեն ընդդեմ կոռուպցիայի, այլ՝ հաշվետվողականության, թափանցիկության և մարդու իրավունքների համար պայքարին միանա ողջ ժողովուրդը, ով պետք է գիտակցի և թույլ չտա, որպեսզի ոտնահարվի որևէ քաղաքացու իրավունքը։ Նաև հավելեց, որ մրցանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլ՝ բոլոր այն լրագրողներին, ովքեր շարունակում են պայքարել և թույլ չեն տալիս, որպեսզի ոտնահարվեն իրենց և այլոց իրավունքները։

2014թ. մրցանակ

​2015 թ. հոկտեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) 15-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում  տեղի ունեցավ Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հանդես եկավ ելույթով` ներկայացնելով մրցանակի խորհուրդը:

2014 թ. մրցանակը շնորհվեց «Կանանց ռեսուրսային կենտրոն»  հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանին` Հայաստանում հանուն գենդերային հավասարության հետևողական պայքար ծավալելու համար: Լարա Ահարոնյանին ներկայացրեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, իսկ մրցանակը  հանձնեց 2013 թ. մրցանակակիր, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը: Իր շնորհակալական խոսքում Լարա Ահարոնյանը նշեց, որ մրցանակը պատկանում է ոչ միայն իրեն, այլև բոլոր այն կանանց, ովքեր պայքարում են գենդերային հավասարության համար` ընդդեմ խտրականության տարատեսակ դրսևորումների: Մրցանակը հույս և ուժ կտա իրենց ապագա մարտահրավերներին դիմակայելու համար:

Իր ԹԻՀԿ-ի 15-ամյակը շնորհավորող տեսաուղերձում Թրանսփարենսի Ինթերնեշնլ գլոբալ շարժման փոխնախագահ Ելենա Պանֆիլովան առանձին շնորհավորեց նաև մրցանակակրին:

2013թ. մրցանակ

Ս.թ. դեկտեմբերի 16-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի հրավիրած քննարկման ընթացքում տեղի է ունեցել Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը: Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը հանդես է եկել Ամալյա Կոստանյանի և մրցանակի վերաբերյալ ելույթով: 2013 թ. մրցանակը շնորհվել է ակտիվիստ, լրագրող, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանին նախորդ տարվա մրցանակակիր, իրավապաշտպան ակտիվիստ Լալա Ասլիկյանի կողմից: Մրցանակը ստանալիս՝ Զարուհի Հովհաննիսյանն ասել է, որ շարունակելու է ակտիվ պայքարել, գտնվել այնտեղ, ուր ոտնահարվում են մարդու իրավունքները:

Զարուհի Հովհաննիսյան. «Ամեն մարդ, ով դուրս է գալիս հանուն մարդու խախտված իրավունքի վերականգնման, անարդարության ու բռնության դեմ պայքարի, արժանի է խորագույն ակնածանքի ու խոնարհման:Եվ այն մրցանակը, որն այսօր շնորհել են ինձ, ես կիսում եմ ձեզնից յուրաքանչյուրի հետ: Ես՝ մասն եմ ամբողջի ու միևնույն ժամանակ ամբողջացնողը, իմ կյանքով ու ստեղծագործությամբ: Կյանքի մշակույթն ինքը՝ ստեղծագործությունն է, որտեղ մարդն ազատ է, իսկ ազատությունը՝ բռնության տիրույթից այն կողմ է»:

2012թ. մրցանակ

2012թ. ապրիլի 16-ին «Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը. ԵՀՔ ծրագրից դեպի ասոցացված համաձայնագիր» քննարկման ավարտին տեղի է ունեցել Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակի հանձնման արարողությանը: Մրցանակը հանձնվել է երկրորդ անգամ և շնորհվել է 2011-ին սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձի` Լալա Ասլիկյանին:

Քննարկումը, որ կազմակերպել է Գործընկերություն հանուն բաց հասարակության նախաձեռնությունը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ, անցյալ տարվանից սկիզբ է դրել ամենամյա միջոցառումների շարքին` նվիրված ԹԻՀԿ հիմնադիր և նախագահ, քաղաքացիական հասարակության վառ ներկայացուցիչ Ամալյա Կոստանյանի հիշատակին:

2011թ. մրցանակ

2011 թ. դեկտեմբերի 9-ին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (ԲՀՀ-Հայաստան) նշել են Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի շնորհման արարողությամբ: Մրցանակը հանձնվել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին: Նրա կարծիքով մրցանակն ինքը ծանր է, իսկ այն պահելը՝ ավելի ծանր: «Սակայն ես կտանեմ այդ ծանրությունը և կպահեմ այն իր անվանը համարժեք պատասխանատվությամբ», – ասել է Զեյնալյանը երախտիքի իր խոսքում:

Միջոցառմանը ներկա էին քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական առաքելությունների, պետական հաստատության ներկայացուցիչներ, Ամալյայի ընկերներն ու գործընկերները` հարգանքի տուրք մատուցելու Ամալյայի կենդանի հիշատակին և ներկայացնելու մրցանակի անդրանիկ դափնեկրին:

ԲՀՀ-Հայաստանի փոխնախագահ Դավիթ Ամիրյանն ու ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն իրենց հուշերն են ներկայացրել Ամալյայի մասին` կարևորելով նրա դերը որոշումներ կայացնելիս և մարտահրավերներին դիմակայելիս: Ամալյայի կարծիքն ու խորհուրդները վճռորոշ էին բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան:

Ամալյայի գաղափարները էական են նաև նրանց համար, ում բախտ չի վիճակվել իրեն ճանաչելու, այդ թվում` Թրանսփարենսի Ինթերնեշնլի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Աննա Կոխի ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատու Դեյվիդ Ստիվենսոնի համար, ովքեր նույնպես նրա հիշատակն ու ժառանգությունը վառ կպահեն: Աննա Կոխը մեջբերում է կատարել Ամալյայի իսկ հարցազրույցից, ինչը խիստ օգտակար ու ոգեշնչող է այսօր: «Ի թիվս այլ գործոնների` կոռուպցիան ներկայումս խոչընդոտում է Հայաստանի քաղաքական կայունությունը, ժողովրդավարական զարգացումն ու տնտեսական աճը: Այն նաև խաթարում է հայ հասարակության բարոյական հենքը»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով Ամալյան մեր հասարակության աղն էր, որ հասարակությանը դարձնում է համեղ, հետաքրքիր, աշխույժ: Ամալյայի մահը մեծ կորուստ էր հայ հասարակության համար:
Դիմելով ԹԻՀԿ աշխատակիցներին` Ամալյայի եղբայր Հովհաննես Կոստանյանը նշել է. «Ես ցանկանում եմ, որ Ամալյա Կոստանյանի արած գործը դուք բոլորդ շարունակեք, ու գա մի օր, որ մենք էլ այդ գործի կարիքը չունենանք, այսինքն լինի օրինական ու անկաշառ հասարակություն»: