Գլխավոր էջ Հայտարարությունների արխիվ Ծրագրի ղեկավարի աշխատանքի հայտարարություն
Հայտարարությունների արխիվ
2019 Հուլ
2

Ծրագրի ղեկավարի աշխատանքի հայտարարություն

Պաշտոնը` Ծրագրի ղեկավար
Աշխատաժամանակ՝ շաբաթական 40 ժամ
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Վայրը` Երևան, Սարյան 12
Անմիջական ղեկավար՝ գործադիր տնօրեն

Աշխատանքի նկարագրություն

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման փորձառություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերի աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված՝ կազմակերպության ջանքերին։

Թեկնածուն պետք է լինի պատասխանատու և նախաձեռնող, տիրապետի հանրային կառավարման հիմնական բաղադրիչներին ու գործընթացներին,  ծանոթ լինի առնչվող օրենսդրությանը, օրենսդրական գործընթացներին, հետաքրքված լինի հակակոռուպցիոն միջազգային փորձով և հակակոռուպցիոն քաղաքականությամբ, ունենա վերլուծական միտք, գրավոր ներկայացման գերազանց կարողություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ձիրք՝ ներկայացնելու կազմակերպությունը շահագրգիռ կողմերի հետ փոխհարաբերություններում։ Թեկնածուն պետք է օժտված լինի կազմակերպչական և առաջնորդման գերազանց հմտություններով, ինչպես նաև բանակցային  կարողություններով։

Ծրագրի համակարգողի աշխատանքի պահանջներն են՝

  • Ղեկավարման/համակարգման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ծրագր(եր)ի ղեկավարման/համակարգման համար՝ ապահովելու առաջադրված խնդիրների և գործողությունների իրականացումը, նախանշված արդյունքների ստացումը, ծրագրի ընթացքի և արդյունքների վերլուծությունը, ծրագրի փաստաթղթերի ամբողջականությունը և հաշվետվությունների ներկայացումը սահմանված ժամկետներում, ծառացած խնդիրների լուծումը և մարտահրավերների հաղթահարումը, գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ արդյունավետ աշխատանքը․
  • Թիմի առաջնորդման հմտություններ, որոնք անհրաժեշտ են պահանջվող աշխատակազմի ներգրավման և կառավարման, անհրաժեշտ հմտությունների փոխանցման, մասնագիտական ուղղորդման, նպատակների առաջադրման ու գործողությունների վերահսկման, ինչպես նաև գործընկերների հետ համերաշխ համագործակցություն ապահովելու համար․
  • Փորձագիտական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են թիմի մասնագիտական ուղղորդման և աջակցության, իրականացվող ոլորտային քաղաքականության վերլուծությունների և առաջարկությունների որակի ապահովման, ըստ անհրաժեշտության՝ զեկույցների ամփոփման, ինչպես նաև շահագրգիռ կողմերի շրջանում կազմակերպության գործունեության և դրա արդյունքների պատշաճ ներկայացման համար․
  • Պրոդուկտներ մշակելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են  ծրագրի ընթացիկ և վերջնական արդյունքների ամփոփման, ոլորտային վերլուծական նյութերի ու զեկույցների կազմումն ու առաջարկությունների մշակումն ու ներկայացումն ապահովելու համար․
  • Հաղորդակցման և բանակցային հմտություններ, որոնք անհրաժեշտ են շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ պետական հաստատությունների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, փորձագետների, քաղաքացիների, միջազգային կազմակերպությունների հետ արդյունավետ հաղորդակցության ապահովման, ինչպես նաև ԹԻՀԿ գործունեությունը ներկայացնելու ու պատշաճ հաղորդագրություններ ձևակերպելու համար։

Թեկնածուին ներկայացվող պահանջներն են՝

Մասնագիտական կոմպետենցիաներ

  • բարձրագույն կրթություն կամ վերապատրաստում հանրային քաղաքականության, հանրային կառավարման, քաղաքագիտության, իրավաբանության, տնտեսագիտության կամ հանրային կառավարմանն առնչվող այլ ոլորտներում
  • առնվազն 5 տարվա ծրագրի ղեկավարման փորձ, PMP վկայագրումը ցանկալի է
  • գիտելիքներ հանրային կառավարման, հակակոռուպցիոն քաղաքականության, մարդու քաղաքական և քաղաքացիական իրավունքների, օրենսդրական գործընթացների վերաբերյալ, միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների վերաբերյալ տեղեկացվածությունը ցանկալի է
  • զեկույցների և առաջարկությունների մշակման և վերլուծական հմտություններ
  • ծրագրային առաջարկներ և հաշվետվություններ գրելու գերազանց կարողություններ
  • հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  • ՏՏ գիտելիքներ (MS Office)
  • բանավոր և գրավոր հաղորդակցման և բանակցային հմտություններ

Լրացուցիչ կոմպետենցիաներ

  • Ուշադրություն մանրամասների նկատմամբ
  • Ստեղծագործ մտածողություն
  • Նախաձեռնողականություն
  • Թիմային և անկախ աշխատելու կարողություն
  • Շարունակական զարգացման միտում
  • Բազմազան թեմաների մեջ խորանալու  կարողություն
  • Տարաբնույթ առաջադրանքներ կատարելու պատրաստակամություն
  • Սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն
  • Պատասխանատվության բարձր զգացողություն և կատարելության ձգտում
  • Հավատարմություն կազմակերպության արժեքներին

Ինչպես դիմել

Եթե դուք համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը, հետաքրքրության նամակը՝ հայերենով կամ անգլերենով [email protected] հասցեին մինչև համապատասխան թեկնածուի հավաքագրումը՝ ներառյալ՝ էլեկտրոնային նամակի թեմայի մեջ նշելով՝ Ծրագրի ղեկավար:

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի:

Կազմակերպության մասին

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.՝ ներկայացնելով Թրանսփարենսի Ինթերնեշնլ համաշխարհային հակակոռուպցիոն շարժումը Հայաստանում: Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Կազմակերպության առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:  Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար մենք սահմանել ենք երկարարատև տեսլականն՝ «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:

Մարդկային ռեսուրսների հավաքագրումն իրականացնելիս մենք առաջնորդվում ենք «հավասար աշխատանքային հնարավորություններ» սկզբունքով` բացառելով ռասայական, գենդերային, կրոնական, ազգային կամ էթնիկական, տարիքային կամ սահմանափակ աշխատունակության պատճառով որևէ խտրականության դրսևորումները՝ հիմք ընդունելով բաց և ազատ մրցակցությունը՝ անաչառ և զուրկ որևէ տեսակի առանձնահատուկ վերաբերմունքից: