Գլխավոր էջ Հիմնադիր նախագահ

Հիմնադիր նախագահ

Ամալյա Կոստանյան

ԹԻՀԿ հիմնադիր նախագահ

Ամալյա Կոստանյան  

Ամալյա Կոստանյանը ծնվել է 1960 թ. մարտի 10-ին, Երևանում: Լինելով գիտնական և ԵՊՀ-ի շրջանավարտ կենսաֆիզիկոսի դիպլոմով (1981)` նա ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան ԵՊՀ-ում (1990) և աշխատել է Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում (1984-1996): 1996 թ. նա ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ)` ստանալով քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում: Նա ներգրավված է եղել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության, Միավորված ազգերի կազմակերպության, ՏԱՍԻՍ-ի ծրագրերի իրականացման մեջ, ինչպես նաև հետազոտական աշխատանք է կատարել ՀԱՀ-ում: 1998 թ. ԱՄՆ Տեղեկատվական գործակալության Էդմունդ Մասքի մրցանակին արժանանալով`նա սովորել է ԱՄՆ Դյուքի համալսարանի Թերի Սանֆորդի անվան քաղաքական հետազոտությունների դպրոցում, որտեղ նա ստացել է Միջազգային զարգացման քաղաքականության մագիստրոսի կոչում (2000):

2000 թ. հուլիսին արևմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ, ովքեր մեծ ցանկություն ունեին իրենց ավանդը ներդնել Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների գործում, Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Արդյունավետ կառավարմանն ուղղված իր ակտիվ ջանքերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ): ԹԻՀԿ-ը ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի անդամ է 2008-ից ի վեր:

Ամալյա Կոստանյանը եղել է ԹԻՀԿ նախագահ մինչև հանկարծամահ լինելը 2010 թ. սեպտեմբերին:

Էդմունդ Մասքի ծրագրի 10-ամյակին նվիրված միջոցառմանը ԱՄՆ Պետական դեպարտամենտը Ամալյա Կոստանյանին շնորհվել է Հայաստանից Մասքի ծրագրին մասնակցած առավել աչքի ընկած շրջանավարտի կոչում` «Կովկասյան տարածաշրջանում ՀԿ-ների զարգացման» գործում իր ներդրումն ունենալու մեջ (2002):

2008 թ.-ից Ամալյա Կոստանյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության խորհրդի նախագահ և Հայաստանի հելսինկյան կոմիտեի խորհրդի անդամ: Գործընկերները նրան բնութագրում են որպես լավ առաջնորդ և աջակից, մարդու իրավունքների խիզախ պաշտպան, ում ոգին, բարձր ինտելեկտը, հումորը և էներգիան նրանց ոգեշնչել ու առաջնորդել է դժվարին պահերին:

Ամալյա Կոստանյանը իր ներդրումն է ունեցել Հայաստանին վերաբերող մի շարք զեկույցներում: Նա ԹԻՀԿ-ի կողմից հրապարակված 17 գրքերի հեղինակ ու համահեղինակ է:

2010 թ. նոյեմբերի 7-9 Բանգկոկում տեղի ունեցած Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարեկան ընդհանուր ժողովը որոշեց «սահմանել Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ, որը շնորհվելու է ԹԻ հակակոռուպցիոն շարժման գերազանց գործունեության համար»:

Նա հետմահու արժանացավ ԱՄՆ դեսպանության ,Խիզախ կինե մրցանակին` հաշվետու և թափանցիկ կառավարման խթանմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական հասարակության ներգրավվածության ամրապնդմանն ուղղված իր տասնամյա գործունեության համար:

ԹԻՀԿ-ն և Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունը սահմանել են Ամալյա Կոստանյանի անվան ամենամյա մրցանակ, որը շնորհվելու է Հայաստանում հակակոռուպցիոն գործունեության մեջ նշանակալի դերակատարում ունեցող և/կամ սկզբունքային, ազնիվ ու անշահախնդիր քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած անձանց/գործիչներին: