Գլխավոր էջ Առաքելություն և նպատակներ

Առաքելություն և նպատակներ

ԹԻՀԿ առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու  ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

Տեսլական

Կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունք­ների հասնելու համար ԹԻՀԿ-ն իր երկարարատև տեսլականն է սահմանել «Ձևավորել պայքարող քաղա­քացի հանուն կոռուպցիայից զերծ Հայաս­տա­նի», որն ընկած է կազմակեր­պու­թյան 2016-20թթ ռազմավարու­թյան հիմքում:

Նպատակներ

Կազմակերպության նպատակներն են`

  • աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը,
  • աջակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը,
  • նպաստել հանրային ռեսուրսների, այդ թվում` պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը,
  • խթանել ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներում:

Արժեքներ

Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինավորությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Մոտեցում

ԹԻՀԿ-ը հետամուտ է համագործակցել պետական իշխանության մարմինների հետ այն նախաձեռնությունների շուրջ, որոնք դրական ազդեցություն են նախատեսում ընթացիկ բարեփոխումների համար կամ խթանում են հանրային նոր քաղաքականություն, և սկզբունքային հակադրություն է ցուցաբերում իշխանության այն որոշումներին, որոնք ակնհայտորեն սպառնում են արդյունավետ կառավարման իրականացմանը:

Կազմակերպության ջանքերն ուղղված են տեղական և ազգային մակարդակներում համակարգային փոփոխությունների խթանմանը և ոչ թե անհատական բնույթի շահերի պաշտպանությանը: Այս համակարգային մոտեցման հիմքում ընկած է օրինավորության ազգային համակարգը:

Արդյունավետ կոալիցիաներն ու դաշինքներն առանցքային դեր են խաղում հանրային քաղաքականության ոլորտներում որոշումներ կայացնողներին կազմակերպության դիրքորոշումը ներկայացնելու և քաղաքական փոփոխություններին ուղղված լոբբինգ իրականացնելու գործում: Դրանք ներառում են քաղաքացիական հասարակության այլ խմբերին, գիտական շրջանակներին, զանգվածային լրատվամիջոցներին, միջազգային կազմակերպություններին: