Գլխավոր էջ Պատմություն

Պատմություն

2000 թ. հուլիսին արևմուտքում կրթություն ստացած իր համախոհ ընկերների հետ, ովքեր մեծ ցանկություն ունեին իրենց ավանդը ներդնել Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների գործում, Ամալյա Կոստանյանը հիմնադրել է «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Արդյունավետ կառավարմանն ուղղված իր ակտիվ ջանքերի շնորհիվ մեկ տարվա ընթացքում` 2001 թ. հոկտեմբերին կազմակերպությունը հավատարմագրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» (ԹԻ) համաշխարհային հակակոռուպցիոն շարժման կողմից որպես ազգային մասնաճյուղ: 2008 թ. փետրվարին կազմակերպությունը վերագրանցվել է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ):

Իր տասնամյա գործունեության ընթացքում ԹԻՀԿ-ը դարձել է արդյունավետ կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում հսկողություն իրականացնող առաջատար հասարակական կազմակերպություն Հայաստանում: 2010 թ. հոկտեմբերին ԹԻ քարտուղարության կողմից կազմակերպությանը շնորհվել է հավաստագիր` ի ճանաչումն կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված իր տասնամյա հավատարիմ գործունեության:

Մինչև 2010 թ. սեպտեմբերը Ամալյա Կոստանյանը ղեկավարել է ԹԻՀԿ-ը: ԹԻ նախագահ Հյուգետ Լաբելի կարծիքով Ամալյայի տեսլականի, խանդավառության և կորովի շնորհիվ էր, որ ԹԻ Հայաստանի ձայնը ազդեցիկ դարձավ երկրում և նրա սահմաններից դուրս:

2013 թ. Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) տնօրենների խորհուրդը հաստատել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կարգավիճակը որպես ԹԻ միջազգային հակակոռուպցիոն շարժման պաշտոնապես հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետությունում:

2014 թ. սեպտեմբերի 19-ին Քաունթերփարթ Ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակի կողմից Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնին (ԹԻՀԿ) շնորհվել է վկայական առ այն, որ ԹԻՀԿ-ն հաջողությամբ ավարտել է Քաունթերփարթ Ինթերնեշնլի հավաստագրման գործընթացը և իր գործունեությամբ և ընթացակարգերով համապատասխանում է վերջինիս ծրագրային, ադմինիստրատիվ և գլխավոր կապալառուին ներկայացվող պահանջներին: