Գլխավոր էջ Վարքագծի կանոններ

Վարքագծի կանոններ

I. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պատմություն

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (այuուհետև` Կազմակերպություն) հիմնադրվել է 2000 թ: Այն Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն է, որը պարբերաբար հավատարմագրում է անցնում   Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման կողմից` ներկայացնելու այդ շարժումը Հայաստանում:

Առաքելություն

Կազմակերպույան առաքելությունն է կոռուպցիան նվազեցնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում:

Արժեքներ

Կազմակերպության հիմնական արժեքներն են թափանցիկությունը, հաշվետվողականությունը, օրինականությունը, համարձակությունը, արդարությունը և ժողովրդավարությունը:

Նպատակներ
Կազմակերպության նպատակներն են`

աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը,
աջակցել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացմանը և ընտրական ինստիտուտի կայացմանը,
նպաստել հանրային ռեսուրսների, այդ թվում` պետական և համայնքային սեփականության ու ֆինանսական միջոցների ողջամիտ, թափանցիկ և հաշվետու կառավարմանը,
խթանել ժողովրդավարական գործընթացները, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը և հասարակության մասնակցությունը երկրի կառավարման գործընթացներում:

Կառավարման կառուցվածք

Ընդհանուր ժողով
Խորհուրդ
Գործադիր տնօրեն

II.ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ

Սույն Վարքագծի կանոնները (այսուհետ՝ Կանոններ) կարգավորում են Կազմակերպության անդամների, աշխատողների և կամավորների վարքը և սահմանում են էթիկայի սկզբունքներ՝ ամենօրյա փոխհարաբերություններում: Կազմակերպության անդամները, աշխատողները և կամավորները պարտավորվում են առաջնորդվել ազնվության և պատասխանատվության բարձր չափանիշներով — գործել` հիմնվելով Կազմակերպության կողմից որդեգրած հիմնարար արժեքների ու սկզբունքների վրա:

Ընդհանուր սկզբունքներ

Կազմակերպությունը թափանցիկ է, ազնիվ, անկողմնակալ և հաշվետու իր հարաբերություններում ինչպես իր ներսում, այնպես էլ այլոց հետ: Այն ձգտում է կատարել իր պարտականությունները պատշաճ, բարեխիղճ և արդյունավետ կերպով` հարգելով իր անդամների, աշխատողների, կամավորների և գործընկերների իրավունքները:

Կազմակերպությունը չի հարում որևէ կուսակցության կամ կրոնական կազմակերպության:

Կազմակերպությունը պատրաստակամ է համագործակցելու արդյունավետ կառավարման խթանմանը ջատագով բոլոր անհատների ու խմբերի, ինչպես նաև կառավարության, քաղաքացիական հասարակության, գործարար համայնքի, լրատվամիջոցների և միջազգային կառույցների հետ: Այն հարգում է կարծիքների, դավանանքների և գաղափարների բազմազանությունը:

Կազմակերպությունը կարող է ֆինանսավորվել իր առաքելությանն ու նպատակներին չհակասող ցանկացած աղբյուրից, եթե վերջինս վարկաբեկված չէ կոռուպցիոն կամ այլ բնութի սկանդալներում:

Կազմակերպությունը երաշխավորում է, որ իր տնօրինության տակ գտնվող միջոցներն ու գույքը օգտագործվում են արդյունավետ և ծառայում են կազմակերպության խնդիրների լուծմանը:

Կազմակերպությունը հետևողական է, որ իր ծրագրերն արձագանքեն հանրային կարիքներին — ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստեն հասարակության ընդհանուր զարգացմանն ու բարեկացությանը:

Կազմակերպությունը ցուցաբերում է ճշգրտության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ` հիմնված համակողմանի ուսումնասիրության և վերլուծության վրա:

Կազմակերպության գործունեությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Կազմակերպության կանոնադրության և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ուղենիշային փաստաթղթերի վրա:

Գործնական ուղեցույց

Կառավարում

Կազմակերպությունն ունի կանոնադրություն, որը սահմանում է առաքելությունը, նպատակները, կառավարման մարմինները և կառուցվածքը:

Կազմակերպությունը երաշխավորում է, որ իր կառավարման մարմիններում ընտրված անձինք օժտված են մասնագիտական բարձր հատկանիշներով և կիսում են կազմակերպության արժեքները և նպատակները:

Կազմակերպությունը հստակորեն սահմանում է կառավարման մարմիններում ընտրված անձանց դերն ու պարտականությունները և պատշաճ կերպով տեղեկացնում դրանց վերաբերյալ:

Կազմակերպությունը գործում է մասնակցային կառավարման սկզբունքի հիման վրա` քաջալերելով աշխատողների նեգրավվածությունը որոշումների կայացման գործընթացում և երաշխավորելով ընդունվող որոշումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

 Փոխհարաբերություններ

Կազմակերպության անդամներն, աշխատողներն ու կամավորները ցուցաբերում են հարգալից և ուշադիր վերաբերմունք միմյանց նկատմամբ:

Կազմակերպության անդամներն, աշխատողներն ու կամավորները հաղորդակցվում և խորհրդակցում ենք միմյանց հետ բաց և կոլեգիալ սկզբունքով` օգնելով յուրաքանչյուրին բարեխիղճ և արդյունավետ կերպով կատարելու իր պարտականությունները:

Անձնական բնույթի տեղեկատվության հետ գործ ունենալիս` Կազմակերպության անդամներն, աշխատողներն ու կամավորները հարգում են միմյանց մասնավոր կյանքը:

Շահերի բախում

Կազմակերպությունը պարտավորվում է լինել արդար, օբյեկտիվ և անկողմանակալ` աշխատանքի ընդունման, պաշտոնեական առաջխաղացման և ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման գորընթացներում:

Կազմակերպությունը հրաժավում է այն ֆինանսական միջոցներից, որոնք տրվում են Կազմակերպությանը՝ իր առաքելությունն իրականացնելիս գործունեության անկախությունը սահմանափակելու պայմանով:

Կազմակերպությունը բոլոր պաշտոններում նշանակումներ կատարում է` ելնելով թեկնածուների արժանիքներից` բոլոր ստացված դիմումների պատշաճ ուսումնասիրությունից հետո:

Կազմակերպությունն աշխատանքի չի ընդունում անձանց, ովքեր Խորհրդի անդամների կամ աշխատողների հետ գտնվում են ազգակցական կապի մեջ, այդ թվում` ամուսին, ծնող, երեխա, քույր/եղբայր կամ ընտանիքի այլ անդամներ:

Կազմակերպությունը կարող է օգտվել այն ընկերությունների ծառայություններից, որոնցում վճարովի հիմունքներով աշխատանք են կատարում Կազմակերպության անդամները, աշխատողներն ու կամավորները, եթե վերջիններս ընդգրկված չեն որոշում ընդունող մարմնի կազմում:

Կազմակերպության անդամներն, աշխատողներն ու կամավորները բացառում են հնարավոր շահերի բախումը, իսկ դրա առկայության դեպքում հայտնում են վերադասին: Շահերի բախման իրավիճակում գտնվելու դեպքերը պետք է բացահայտվեն և հայտարարվեն նաև այլոց կողմից:  Շահերի բախման իրավիճակում գտնվելու դեպքում Կազմակերպության անդամներն, աշխատողներն ու կամավորները պարտավոր են ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց և որոշում ընդունելուց մինչև վերադասի կամ Խորհրդի կողմից համաձայնություն ստանալը:

Կազմակերպության անդամները, աշխատողներն ու կամավորները ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն ընդունում որևէ զեղչ, նվեր, շնորհ կամ հրավեր (ճաշի, մշակութային միջոցառումների, տուրիստական ուղևորությունների և այլն), որոնք կարող են ազդել իրենց պարտականությունների կատարման կամ որոշումների կայացման վրա:

Կազմակերպության Խորհրդի անդամները հայտարարագրում են իրենց գույքային և ոչ գույքային շահերը, որոնք կարող են հանգեցնել կամ ընկալվել որպես շահերի բախում:  Կազմակերպության աշխատակազմը վարում է Խորհրդի անդամների Շահերի Ռեգիստրը, որը թարմացվում է վեց ամիսը մեկ պարբերականությամբ և հասանելի է Կազմակերպության ինտերնետային կայքում (Շահերի ռեգիստրի ձևաթուղթ, Հավելված 1):

Վճարովի աշխատանք

Կազմակերպության Խորհրդի անդամները չեն վճարվում Կազմակերպության կողմից, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք իրականացնում են որոշակի փորձագիտական աշխատանք/ծառայություն Խորհրդի համաձայնությամբ:

Կազմակերպության աշխատողները կարող են կատարել վճարովի կամ կամավոր հիմունքներով աշխատանք այլ Կազմակերպությունների համար, տեղեկացնելով այդ մասին գործադիր տնօրենին կամ անմիջական ղեկավարին:

Անհատական վարք

Կազմակերպության անդամները, աշխատողներն ու կամավորները կարող են իրականացնել ցանկացած գործունեություն կամ զբաղեցնել որևէ պաշտոն, եթե դա չի խոչընդոտում իրենց պարտականությունների պատշաճ կատարմանը և չի վարկաբեկում Կազմակերպության հեղինակությունը:

Կազմակերպության անդամները, աշխատողներն ու կամավորները չեն օգտագործում Կազմակերպության գործնական կապերն անձնական նպատակներով:

Կազմակերպության անդամները, աշխատողներն ու կամավորները պետք է բացառեն իրենց անձնական, քաղաքական կապերի և/կամ գործունեության բացասական ազդեցությունը կազմակերպության քաղաքական չեզոքության վրա:

Կազմակերպության խորհրդի անդամները և գործադիր մարմինը (գործադիր տնօրեն, փոխտնօրեն) անկուսակցական են:

Գաղտնիություն, թափանցիկություն և հաշվետվողականություն

Կազմակերպության անդամները, աշխատողներն ու կամավորները պարտավոր են ապահովել իրենց գործունեության շրջանակներում ձեռքբերված տեղեկատվության գաղտնիությունը: Այս պարտավորությունը շարունակում է ուժի մեջ մնալ Կազմակերպությունից դուրս գալուց հետո 2 տարվա ընթացքում:

Կազմակերպությունը բաց է իր կողմից կայացված որոշումներում և ձեռնարկված գործողություններում` հաշվի առնելով գաղտնիության հատուկ նկատառումները:

Կազմակերպությունը թափանցիկ և հաշվետու է պետական մարմինների, համագործակից Կազմակերպությունների ու գործընկերների, դրանաշնորհատու Կազմակերպությունների, քաղաքացիների, շահառուների և այլ շահագրգիռ կողմերի հետ իր փոխհարաբերություններում:

Կազմակերպությունը կանոնավոր կերպով իրականացնում է ֆինանսական աուդիտ, որը կատարվում է անկախ աուդիտորական ընկերությունների կամ համապատասխան պետական մարմինների կողմից:

Կազմակերպությունն իր ֆինանսական կառավարումն ու հաշվետվողականությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

Կազմակերպությունը կանոնավոր և ժամանակին դրամաշնորհատու Կազմակերպություններին է ներկայացնում ծրագրային և ֆինանսական հաշվետվությունները` համաձայն նրանց կողմից տրամադրված դրամաշնորհների պայմանների:

Համագործակցություն և կապերի ստեղծում

Կազմակերպությունն աջակցում և նպաստում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցությանը, կապերի և կոալիցիաների ստեղծմանը` նրանց ջանքերն առավել արդյունավետ դարձնելու և գործողությունների կրկնողությունից խուսափելու համար:

Կազմակերպությունը սատարում է այն նախաձեռնությունները, որոնք նպաստում են տեղեկատվության և փորձի փոխանակմանը տարբեր շահագրգիռ կողմերի միջև և խրախուսում են համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացումը:

Կազմակերպությունը սատարում և օժանդակում է հանրային մասնակցությունը` ներգրավելով շահառուներին իր ծրագրերի իրականացմանը:

Բողոքարկման մեխանիզմներ

Սույն Կանոնների մեկնաբանության, կիրառման կամ ենթադրյալ խախտման հետ կապված ցանկացած մտահոգություն պետք է ներկայացվի Խորհրդի քննարկմանը:

Կազմակերպության Կանոնների խախտման վերաբերյալ անձի հայտնած մտահոգությանը չի կարող նրա նկատմամբ խտրականության կամ պատասխանատվության կիրառման հիմք հանդիսանալ:

Կազմակերպության Խորհուրդը պետք է գնահատի շահերի հնարավոր բախումը, ձեռնարկի համապատասխան միջոցառումներ այն կարգավորելու ուղղությամբ և պատասխանատվություն ստանձնի այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար:

Կազմակերպության ներսում ծագած ցանկացած վեճ պետք է լուծվի ՀՀ օրենսդրության Կազմակերպության կանոնադրության և սույն Կանոնների համաձայն:

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»
հասարակական կազմակերպության խորհրդի կողմից

«06» փետրվարի, 2014 թ.
Արձանագրություն թիվ 14/01