Մենք` Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս հայտնում ենք մեր խորը մտահոգությունը և վրդովմունքը Հայաստանում շրջակա միջավայրի վերաբերյալ վերջին ժամանակաշրջանում ընդունվող որոշումների ապազգային բնույթի և անօրինական գործընթացների կապակցությամբ, մասնավորապես նկատի ունենալով 2008թ. օգոստոսի 14-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ընդունված` Սևանա լճից ջրի բացթողումները մինչև 360 մլն. խոր. մետր (նախորդ տարիների համեմատ 2 անգամ ավելի) ավելացնելու մասին որոշումը: Հիշեցնում ենք, որ Սևանա լիճը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է և դրա օգտագործումը պետք է բացառապես բխի նրա` որպես խմելու ջրի աղբյուրի պահպանման նպատակից` հաշվի առնելով խմելու ջրի սղությունը ողջ աշխարհում: Սևանա լճի մակարդակի բարձրացման խոչընդոտումը ցանկացած նկատառումներով կարող է սպառնալ Սևանի ողջ էկոհամակարգին: Համոզված ենք, որ Սևանա լճից ջրի բացթողումների ավելացումը և, հետևաբար, լճի մակարդակի իջեցումը բխում է մի խումբ մարդկանց շահերից: 2008թ. օգոստոս ամսին ընդունված որոշումը կարող է նախադեպ հանդիսանալ հաջորդ տարիներին ևս վերադառնալու նույն հարցին և տարբեր պատրվակներով խոչընդոտելու Սևանա լճի մակարդակի բարձրացումը: Դրան են ուղղված Սևանա լճի ափերի մաքրման աշխատանքների դանդաղումը, Որոտան-Արփա թունելի գործարկման հետաձգումը, ավտոմայրուղիների վերանորոգման հապաղումները, արտակարգ եղանակային պայմանների շահարկումը, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ առաջարկությունները և այլն: Տարակուսանք ենք հայտնում Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի «փորձագիտական եզրակացության» կապակցությամբ և կասկածի տակ դնում լճի մակարդակի իջեցման և լճի բացասական հաշվեկշռի հանգեցնող բացթողումներին հավանություն տվող «փորձագետների» անկախությունն ու անկաշառությունը: Արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության տարբեր կառույցների կողմից ստեղծված տարբեր խորհուրդներում ու հանձնաժողովներում հասարակության ներկայացուցիչների ներգրավումը, փաստացիորեն, հանդիսանում է ժողովրդավարության ու թափանցիկության իմիտացիա: Երկրի համար ռազմավարական կարևորագույն ռեսուրսի համար ճակատագրական նշանակության որոշումը չի ներկայացվել և քննարկվել նույնիսկ այնպիսի կառույցներում, ինչպիսիք են` երկրի կայուն զարգացումն ապահովելու և տնտեսական, սոցիալական ու բնապահպանական խնդիրները հավասարակշռելու նպատակով ՀՀ վարչապետին կից ստեղծված Կայուն զարգացման խորհուրդը կամ շրջակա միջավայրին առնչվող որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ հիմնված Օրհուսի կենտրոնի Փորձագետների խորհուրդը: Հայտարարում ենք, որ Սևանա լճից ջրառի կրկնապատկման վերաբերյալ որոշումը ՀՀ կառավարության և ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է առանց ջրառի պահանջարկի բազմակողմանի ու գիտական ուսումնասիրության և հիմնավորման, առանց նման միջոցառման արդյունքում հնարավոր էկոլոգիական վնասների գնահատման, առանց շահագրգիռ կողմերի` այդ թվում` Սևանա լճի առափնյա գյուղերի բնակչության պատշաճ իրազեկման ու ներգրավման: Այդ որոշման արդյունքում խախտվում են ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը, ՀՀ Ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածը, «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածները: Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող շրջակա միջավայրին առնչվող քաղաքականությունը և գտնում, որ նրանք չեն կատարում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրենց պարտավորությունը` ապահովելու շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը և բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Պահանջում ենք`  «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում անհապաղ վերականգնել 170 մլն. խոր. մետր ջրառի առավելագույն շեմը, որը սահմանվել է ոչ թե մեկ-երկու կառույցների կողմից ներկայացված կասկածելի հիմքերի, այլ գիտահետազոտական ինստիտուտների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքում. * հայտնաբերել և հանրությանը տեղեկացնել, թե ինչ պատճառներով է առաջացել ջրի սակավության խնդիր Արարատյան դաշտավայրում, ինչպես է ծախսվել Ազատ ու Ապարան ջրամբարների ջուրը 2008թ.-ին. * ձեռնարկել անհապաղ միջոցառումներ Սևանա լճի ափերը իրավախախտումներով կառուցված շինություններից ազատելու, լիարժեք մաքրելու և ջրի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելու ուղղությամբ. * բացահայտել ՀՀ օրենսդրության խախտումները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին, մասնավորապես, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված պաշտոնատար և այլ անձանց: Տեղեկացնում ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ զանգվածը ներկայացնող ներքոստորոգյալ կազմակերպություններիս համար Հայաստանի Հանրապետության պետական կառույցների հետ շրջակա միջավայրի հետ կապված հարցերով հնարավոր կլինի համագործակցել այն դեպքում, եթե` * ստանանք վերը շարադրված մեր պահանջների պատշաճ արձագանքը. * համոզվենք, որ ՀՀ կառավարությունը շրջակա միջավայրի հետ կապված որոշումների կայացման գործընթացներում ցուցաբերում է քաղաքական կամք և գործում ՀՀ օրենսդրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան. * վստահ լինենք, որ պետական կառույցները իրապես հաշվի են նստում հասարակական կազմակերպությունների կարծիքների ու առաջարկությունների հետ և ոչ թե վերածում նրանց մասնակցությունը իմիտացիայի:

Քաղաքացիական հասարակության 96 կազմակերպություններ