Մենք` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում նախընտրական շրջանի, ընտրաշրջանի և երկրում առկա հետընտրական գործընթացների վերաբերյալ: Միջազգային դիտորդների գնահատականը, որը կառավարության և վերջինիս կողմից վերահսկվող լրատվամիջոցների կողմից փորձ է արվում ներկայացնել դրական լույսի ներքո, քննադատական էր: Սակայն զեկույցի առաջին երկու նախադասությունների և գնահատականի փաստերի միջև այս ակնհայտ հակասության արդյունքը դարձավ այն, որ կառավարությունը մեջ բերեց միջազգային դիտորդների գնահատականի միայն այդ պարբերությունը` օրինականացնելու ընտրության արդյունքները: Մինչդեռ միջազգային դիտորդները զեկույցում մատնանշել են լրատվության գրաքննության, ընտրողներին վախեցնելու, քվեներ գնելու, ինչպես նաև այլ փաստեր և իրենց այցելած 16 տոկոս ընտրատեղամասերի քվեների հաշվարկը անվանել են «վատ» կամ «շատ վատ»: Նման պրակտիկան որպես «մի քայլ առաջ» և ազատ և արդար ընտրությունների անցկացնելու պարտավորություներին համահունչ որակելը հարցականի տակ է դնում ժողովրդավարության, ժողովրդավարական չափորոշիչների և սկզբունքների գաղափարը և ավելի նվազեցնում ժողովրդավարական բարեփոխումների չափանիշները: Մի շարք ներքոստորագրյալ կազմակերպություններ որպես դիտորդ են հանդես եկել ընտրության օրը և հետևել գործընթացներին մինչ փետրվարի 19-ը և դրանից հետո ընկած ժամանակահատվածում: Բռնությունների դեպքերը բազմաթիվ են և փաստագրված են մեր զեկույցներում: Մեզ համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում Լրատվության ազատության/ լրատվության մատչելիության, բռնությունների, կոռուպցիայի և վարչական ռեսուրսների օգտագործման և հասարակական գործիչների ձերբակալության երևույթները: Կետերից մեկը, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը մատնանշել է իր միջանկյալ զեկույցում, վերաբերում է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահություն ձևավորելուն: Խոր անվստահությունը և հաճախ արծարծվող հասարակական ապատիան/անտարբերությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի ժողովրդի ինքնապահպանման հակազդեցությունն ընդդեմ անպատժելիության մթնոլորտի նրանց շուրջ, որոնք ընտրակեղծիքներ են իրականացրել բոլոր նախկին ընտրությունների ժամանակ: Ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները տագնապալի են և անկասկած կխորացնեն հասարակության անվստահությունը: Մենք կարծում ենք, որ այնքան ժամանակ, քանի դեռ ընտրական կեղծիքները չեն հետաքննվում և պատժվում, վստահություն չի լինի գործընթացի, ինչպես նաև դատա-իրավական համակարգի նկատմամբ: Մենք կարծում ենք, որ վերոհիշյալ խնդիրների և բռնությունների շուրջ միայն բաց և լայն զանգվածներին ներառող հասարակական քննարկումների միջոցով է հնարավոր վերականգնել հասարակական վստահության մթնոլորտը: Ելնելով վերը նշվածից` մենք գտնում ենք, որ այս ընտրությունները չեն իրականացվել ժողովրդավարական արժեքների և պրակտիկայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումներին համահունչ: Մենք համոզված ենք, որ այն մոտեցումը, որն իշխանությունները կկիրառեն ընտրախախտումները հետաքննելիս ցույց կտա վերջիններիս վճռականությունը` գործել ժողովրդավարական ազատ և արդար ընտրություններ անցկացնելու կանոնների համաձայն: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը` օրինական պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր պատասխանատու են այն բռնարարքների համար, որոնց մենք և այլ դիտորդներ ականատես ենք եղել: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը տեր կանգնել Հայաստանի կառավարության` ընթացակարգերին ենթարկվելու պարտականության կատարմանը և պահանջել հետաքննության հստակ փաստաթղթագրում և պատշաճ պատիժ` օրենքը խախտողների նկատմամբ: Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներ ունեցող ձեռբակալությունները: Սրանք անպատժելիության կոչեր չեն, այլ կոչ կառավարությանը` օրինակ ծառայել Հայաստանի ժողովրդի համար և գործել օրենքի շրջանակներում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել օբյեկտիվ եզրակացություններ` ելնելով իրենց սեփական փաստերից և հարցականի տակ չդնել ժողովրդավարության, ժողովրդավարական չափորոշիչների և սկզբունքների գաղափարը, ինչպես նաև չպատվազրկել դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններին:

«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ, Մամուլի բազմազանության ինստիտուտ, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ - Հայաստան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Երևանի մամուլի ակումբ