Մենք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, արձանագրելով, որ. - 2008թ. նախագահական ընտրություններից հետո անցկացված խաղաղ ցույցերն ու երթերը կեղծիքներով և բռնարարքներով ուղեկցված ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքի արտահայտություն էին, նաև բողոք` ընդդեմ ազատ խոսքի սահմանափակումների, մարդու իրավունքների ճնշման և հանցագործների անպատժելիության տարեցտարի սաստկացող մթնոլորտի, - ս.թ. մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի կիրառումը և ձերբակալությունները իշխանությունների կողմից սանձազերծված սադրիչ ու հանցավոր քայլեր էին, որոնք էլ հենց մարտի 1-ի և 2-ի գիշերվա ողբերգական իրադարձությունների հիմնական պատճառներն են, - խաղաղ ցուցարարներին Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում զինված ուժերի կողմից շրջափակելը, մարտական գնդակներ կիրառելը ևս ՀՀ իշխանությունների կազմակերպած սադրանք և սեփական ժողովրդի դեմ ուղղված հանցագործություն են, - ս.թ. մարտի 1-ից մտցված արտակարգ դրությամբ քաղաքացիներին լրատվական շրջափակմամբ ճնշելը, գրաքննությունը, անձանց և կազմակերպություններին արտահայտման իրավունքից զրկելը, համատարած բռնություններ և քաղաքական հետապնդումներ ծավալելն այսօրվա իշխանությունների հակաժողովրդավարական էության ևս մեկ բացահայտում են, - ՀՀ սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության չապահովումն ապացուցում է իրեն ժողովրդավարական և իրավական պետություն հռչակած երկրում անկախ ու արդար դատական իշխանության բացակայությունը, - հետընտրական ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում բռնատիրության իրավական ամրապնդմանն ուղղված օրենքների ընդունումը, որը ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված միջազգային կոնվենցիաների խախտում է, հերթական անգամ հավաստում են երկրի օրենսդիր մարմնի` Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարների կցորդ լինելը, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից ընտրությունների ընթացքում իրականացված համատարած և համակարգային կեղծիքներն ու խախտումները, հետընտրական շրջանում ծավալված բռնությունները, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումներն ու քաղաքական հետապնդումները, որոնք սքողվեցին «սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու» պատրվակով: Պահանջում ենք իշխանություններից` - անհապաղ ազատել բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել «վհուկների որսը»` ԱԱԾ-ի և ոստիկանության համատարած հետապնդումներն ու ահաբեկումները ՀՀ բնակչության հանդեպ, - վերացնել Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարված` բռնատիրության իրավական ամրապնդմանն ու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակմանն ուղղված փոփոխությունները, - դադարեցնել ստահոդ, սադրիչ, անհանդուրժողականություն սերմանող և միակողմանի լուսաբանումները լրատվամիջոցներում, ինչն արդյունք է իշխանությունների կողմից դրանց անօրինական և ամբողջական վերահսկողության: Դիմում ենք միջազգային հանրությանը` - անցկացնել անկախ միջազգային քննություն` բացահայտելու մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուներին, - միջոցներ ձեռնարկել կանխելու Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումները, նպաստել իրական ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող հանրակարգերի կայացմանը: Հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակությունը վճռական է պայքարելու մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների ապահովման համար և չի ընկրկելու իշխանությունների կամայականությունների ու բռնաճնշումների առջև:

«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» հ/կ, «Զարթոնք-89» «Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խումբ, «Էկոտուրիզմի ասոցիացիա» հ/կ, «Ընդդեմ իրավական կամայականության» «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Կանանց հանրապետական խորհուրդ «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ, «Կրթության ասպարեզ» հ/կ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտե Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Հույս» հ/կ «Մենք +» հ/կ, «Պետական կարիքների զոհեր» հ/կ «Սուրբ Սանդուխտ տիկնանց միություն» «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ, «Փաստաբանները մարդու իրավունքների համար» «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ