Այս 2008 թվականի փետրվարի 19-ի Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրությունները, ինչպես նախորդ տարիների 1996, 1998, 2003 թթ. նախագահական ընտրությունները և 2005 Սահմանադրական հանրաքվեն խայտառակ ձևով խեղաթյուրվեցին պաշտոնապես իրավասու մարմինների կողմից` գործի դնելով պետական ռեպրեսիաների մեքենան և հանցավոր մեխանիզմները: Այդ են վկայում թե հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելության և մոնիթորինգի տվյալները, ընտրություններին թեկնածու առաջադրած քաղաքական կուսակցությունների գնահատականները, և թե հենց ինքը` հասարակությունը, որի հարյուր հազարավոր ներկայացուցիչներն այսօր իրենց ուղղակի պոռթկումն են արտահայտում Ազատության հրապարակում: Այսուհանդերձ, այս ամենը համապատասխան գնահատականի չարժանացավ եվրոպական կառույցների կողմից: ԵԱՀԿ-ի կողմից փետրվարի 20-ին տրված գնահատականը, որ «Հայաստանի նախագահական ընտրությունները անցկացվել են հիմնականում երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան» փաստորեն իշխանությունների կողմից քարտ բլանշ հադիսացան հետագա հանցագործությունների, և իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների դեմ գործողություններ իրականացնելու համար: Այսպիսի գնահատականով, եվրոպական կառույցների օժանդակությամբ Հայաստանի իշխանությունների կողմից հետևողականորեն իրականացվող իրավախախտումների գործընթացը հասնում է իր տրամաբանական հաղթանակին` կեղծված ընտրություններով ժողովրդավարական պետություն: Մենք գտնում ենք, որ այս իրավիճակում Հայաստանում վերջ է դրվում ժողովրդավարության կայացման գործընթացին: Քաղաքացին վերջնականապես զրկվում է իր կարևորագույն` քաղաքացի լինելու, իր կամքը արտահայտելու ազատ իրավունքից: Քաղաքացու հիմնարար իրավունքներից մեկը` ազատ ընտրելու իր երկրի պետական իշխանությունը, մեր երկրում կրում է դեկլարատիվ բնույթ: Այդ կամքը որոշվում է և ռեպրեսիվ մեթոդներով թելադրվում իշխանության կողմից` հասարակությանը ներքաշելով հանցավոր գործընթացների` ընտրակաշառքի բաժանում, շանտաժ, ձայների կեղծում,վարչական ռեսուրսների չարաշահում, ահաբեկում, ծեծ և այլն: Այդ անառողջ վիճակը պայմանավորված է նաև ազատ մամուլի բացակայությամբ: Ավելին, իշխանությունները արդեն նախապես հիմնավորում են իրենց ռեպրեսիաները իրավունքի համար պայքարող քաղաքացիների դեմ: Իրավիճակը ճիշտ նույն ճանապարհով է ընթանում ինչպես և 2003 ապրիլի 13-ի գիշերն էր, երբ իշխանությունները դաժանորեն ցրեցին քաղաքացիների խաղաղ ցույցը` ծեծ ու ջարդ անելով անպաշտպան մարդկանց, ժուռնալիստերին, կուսակցության ղեկավարներին,պատգամավորներին: Հետագայում, սակայն պետական մարմինները չիրականացրեցին Եվրախորհրդի առջև ստանձնած պարտավորությունը` որևէ պատիժ որևէ մեկը չկրեց: Այս պարագայում անիմաստ է դառնում ցանկացած հասարակական գործունեություն: Մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ջանքերը անտեղի և անհեթեթ են դառնում, իրավապահ մարմիններին ուղղված դիմումները և հասարակությանը ուղղված կոչերը` ծիծաղելի: Իսկ քաղաքացու համար միակ ճանապարհը դառնում է թերևս քաղաքացիական անհնազանդությունը և բողոքը, ինչի վառ դրսևորումներն են Ազատության հրապարակի հանրահավաքները: Մենք` ներքոստորոգրյալներս, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ ՀՀ Նախագահական ընտրությունների գործընթացը ընթացել է հանցավոր ուղիով բոլոր փուլերում: Հայաստանի ողջ հասարակության շահերից է բխում ապահովել մարդու իրավունքը ազատ իր կամքը դրսևորելու ընտրությունների միջոցով` անկախ քաղաքական կողմնորոշումից: Հայաստանում ընթացող այսօրվա հասարակական բողոքը չի կարող դիտարկվել իբրև զուտ քաղաքական պայքար կամ իշխանության զավթման փորձ, այն քաղաքացիական ընդվզում է` ոտնահարված իրավունքի համար, հանուն իրական ժողովրդավարության հաստատման: Այլևս ՀՀ քաղաքացին այլընտրանք չունի քան ընդվզելը` միջոցների ընտրության մեջ քաղաքացիները ազատ են, իսկ դրանց հետևանքների պատասխանատվությունը ընկնում է այս իրավիճակը հրահրող Հայաստանի Հանրապետության իշխանությունների և նրանց աջակցողների վրա, այդ թվում հատկապես գնահատական տվող եվրոպական կառույցների: ԵԱՀԿ-ից պահանջում ենք

  • Մանրամասնորեն ուսումնասիրել ՀԿ-ների և քաղաքական ուժերի մասնակցությամբ ներկայացված օրինախախտումների փաստերը, վերանայել գնահատականը:
  • Օգտագործել բոլոր հնարավոր լծակները իշխանություններին զերծ պահելու ռեպրեսիվ համակարգի կիրառումից` ինչպիսիք են բանակը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը:

ԵԱՀԿ-ին առաջարկում ենք վերանայել դիտորդների ընտրության, վերապատրաստման գործընթացները` հետագայում այլ երկրներում ևս «տոտալիտար» համակարգի հաստամանը չնպաստելու համար:

«Հույս» ՀԿ
«Փաստաբաններ մարդու իրավունքների համար»
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Միջնաբերդ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Սեդա Մելիքյան, քաղաքացի
Ժաննա Ալեքսանյան, լրագրող
Գայանե Շագոյան, քաղաքացի
Լալա Ասլիկյան, քաղաքացի