Գնահատելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությունը` «Տարածաշրջանային զարգացման կենտրոն/ Թրանսփարենսի Ինթերնեշնլ - Հայաստան» հասարակական կազմակերպությունը գտնում է, որ.

  • թեև 2003թ.-ից Հայաստանում իրականացվում է Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիր, իսկ 2004թ.-ից գործում են Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն ու դրան առընթեր Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովը,
  • թեև հանրապետությունը միացել է մի շարք միջազգային հակակոռուպցիոն կոնվենցիաների ու կառույցների և ընդունել կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված բազմաթիվ օրենքներ,
  • թեև բարեփոխումներ են ընթանում պետական կառավարման մի շարք ոլորտներում

կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում կրում է իմիտացիոն բնույթ: Երկրի իշխանությունները մինչ օրս չեն ապահովում օրենքի կիրառումը — յուրաքանչյուրի հավասարությունը օրենքի առջև` անկախ պաշտոնից ու եկամտից: Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ բողոքներն ու հրապարակումները հիմնականում մատնվում են անուշադրության, կոծկվում կամ, լավագույն դեպքում, ստանում ձևական լուծում: Հասարակության մեջ աճում է ցինիզմն ու անտարբերությունը, վախն ու հուսալքությունը: Մինչդեռ, կոռուպցիայի իրական կանխարգելումը, կոռուպցիոն հանցանքների բացահայտումն ու դատապարտումը — հասարակության անհանդուրժողականությունն են հանդիսանում արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության գրավական: Համաձայն հասարակական և փորձագիտական կարծիքի` կոռուպցիայի դեմ պաշտոնական պայքարի հռչակման պահից դրա մակարդակը երկրում ոչ միայն չի նվազել, այլ նույնիսկ աճել է: Կոռուպցիայի աճին զուգահեռ ավելանում են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը, սահմանափակվում տեղեկատվության մատչելիությունը և խոսքի ազատությունը, խոչընդոտվում տնտեսական մրցակցությունը, բարգավաճում ստվերային տնտեսությունը, կեղծվում ընտրությունները ու քրեականացվում քաղաքական ասպարեզը: Սաստկանում է հասարակության բևեռացումը, աճում արտագաղթը և անկում են ապրում ազգային արժեքները: Տիրում է համատարած անօրինականության և անպատժելիության մթնոլորտ: Այդ ամենի նկատմամբ երկրի իշխանությունների դրսևորած անգործությունը հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի բացակայության ապացույց: Հաշվի առնելով, որ կոռուպցիայի նվազեցումն անհրաժեշտ պայման է երկրի քաղաքական, տնտեսական ու սոցիալական զարգացման համար, դիմում ենք

  • իշխանություններին` մինչև 2007թ. խորհրդարանական ընտրությունները պատասխան տալ հանրությանը հակակոռուպցիոն նախաձեռնությունների ձախողման համար,
  • կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին` ճնշում գործադրել իշխանությունների վրա` վերանայելու Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականությունը,
  • միջազգային կազմակերպություններին, ներդրողներին և բարերարներին` խստորեն վերահսկել Հայաստանին տրամադրվող աջակցությունը` ապահովելով դրա նպատակային օգտագործումը,
  • քաղաքացիներին` չհանդուրժել կոռուպցիան` դիմակայելով դրա դրսևորումներին առօրյա կյանքում` գիտակցելով դրա կործանարար ազդեցությունը հայ ժողովրդի և հայոց պետականության համար:

ՏԶԿ/ԹԻ - Հայաստանի անձնակազմ