Հայաստանի աշխատաշուկայում ներկայումս ի թիվս տարաբնույթ չկարգավորված հարաբերությունների, առկա են նաև կամավորական գործունեությանն առնչվող խնդիրներ։ Ընդ որում, դրանք իրենց լուծումը չեն ստանում գործող աշխատանքային օրենսգրքի շրջանակներում։

Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը որակապես այլ մակարդակի և հիմքերի վրա դնելու նպատակով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընթանում են աշխատանքային հարաբերությունները կարգավորող նոր օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը մշակելու գործընթացներ։

Այս առումով չափազանց կարևոր է վերոնշյալ հայեցակարգի շրջանակներում ամրագրել նաև կամավորական գործունեությանն առնչվող հարաբերությունները կարգավորող իրավանորմերի վերաբերյալ սկզբունքներ, քանզի աշխատանքային և կամավորական գործունեության տարանջատման սահմանագիծը տրամաբանորեն պետք է իրավական արձանագրում ստանա մեկ միասնական իրավական ակտում՝ աշխատանքային օրենսգրքում։

Նման դիրքորոշումն առավել քան հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

  • Կամավորական գործունեության և աշխատանքային գործունեության հետ կապված իրավահարաբերությունների տարբերակման հիմնական չափանիշներ պետք է հանդիսանան աշխատաժամանակի, հանգստի ժամանակի ինստիտուտներին վերաբերող ելակետերը և այդ իրավահարաբերությունների կողմերի իրավունքների ու պարտականությունների ծավալին առնչվող սկզբունքները։
  • Ընդ որում, այդ իրավակարգավորումների շրջանակներում պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն աշխատանքային իրավահարաբերությունների, կամավորական գործունեությանն առնչվող հարաբերությունները կառուցվում են կամաարտահայտման ազատության դրսևորման առավելագույն աստիճանի վրա և պահանջում են սահմանափակող իրավակարգավորումների նվազ մակարդակ։ Այս առումով գտնում ենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարոյթյան կողմից մշակված «Կամավորական գործունեության եվ կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծը նախատեսել է չափազանց ավելորդ իրավակարգավորումներ, ինչը չի բխում վերոնշյալ իրողություններից։

Վերոնշյալով պայմանավորված՝ առաջարկում ենք քննարկվող նախագիծը հանել շրջանառությունից և կամավորական գործունեության հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավադրույթները նախատեսել մշակման գործընթացի նախապատրաստական փուլում գտնվող աշխատանքային նոր օրենսգրքի նախագծում, որի վերաբերյալ համապատասխան իրավակարգավորումները կառաջարկենք առաջիկայում։