Հունիսի 19-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ նախաձեռնել են սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններ, որոնցով նախատեսվում է սահմանափակել սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարով, իսկ այդ ժամկետից երկար պաշտոնավարած դատավորներին ազատել պաշտոնից: Նախագծով նաև նախատեսվում է դադարեցնել Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում (բայց ոչ ՍԴ դատավորի):

Հայաստանի Հանրապետությունը տարիներ շարունակ զավթված է եղել կոռուպցիոն ռեժիմի կողմից և դատական համակարգը եղել է այդ զավթման և՛ օբյեկտը, և՛ ակտիվ մասնակիցը: Մասնավորապես՝ սահմանադրական դատարանը տարիներ շարունակ իր որոշումներով լեգիտիմացրել է կեղծված ընտրությունները և անհնարին դարձրել երկրում քաղաքական, հետևաբար՝ նաև տնտեսական ու սոցիալական փոփոխությունները: 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված էր դատական համակարգի, նաև՝ սահմանադրական դատարանի որոշ չափով անկախացում, այդ թվում՝ սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետի սահմանափակում և դատարանի նախագահի՝ դատավորների կողմից ընտրություն: Սակայն, միևնույն ժամանակ, կոռումպացված ռեժիմի կողմից ներդրվել էր տվյալ բարեփոխումը փաստացիորեն ի չիք դարձնող դրույթ՝ հետաձգելով նշված փոփոխությունները 17 տարով:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները ողջունում են Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունը՝ որպես սահմանադրական դատարանի լեգիտիմության ապահովմանն ուղղված նախաձեռնություն:

Միևնույն ժամանակ, ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները կարծում են, որ պետության զավթումն ապահոված գործող սահմանադրությունը չի կարող ապահովել իրավական պետության սկզբունքների ապահովումը, և հորդորում են իշխանություններին սեղմ ժամկետներում նախաձեռնել իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող, պետական մարմինների լեգիտիմությունը երաշխավորող սահմանադրական փոփոխություններ:

Մինչ այդ, կոչ ենք անում արագացնել դատաիրավական համակարգի բարեփոխումները, այդ թվում՝ իրականացնելով դատավորների և իրավապահների լայնածավալ և խորքային վեթինգ, ինչը լեգիտիմ կերպով ձևավորված խորհրդարանի առաքելությունն ու պատասխանատվությունն է՝ թավշյա հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիների հանդեպ:

  1. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ
  2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
  3. «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ