Խորհրդարանը գործադիր իշխանության նկատմամբ իր վերահսկողական լիազորություններն իրականացնում է, ի թիվս այլ գործիքների, նաև պետության ֆինանսական գլխավոր փաստաթղթի՝ պետական բյուջեի հաստատման ու դրա կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով։ Զսպումների և հակակշիռների այս մեխանիզմի իրացումը հնարավորություն է տալիս հնարավորինս բացառել չարաշահումները՝ դրանով իսկ ապահովելով իշխանության թևերի բնականոն գործունեության համար սահմանադրական երաշխիքների պահպանումը։

2020 թվականին աշխարհում կորոնավիրուսի համավարակը ստիպել է պետություններին էապես վերանայել նաև պետական կառավարման ապարատի գործունեության մեթոդները՝ համավարակի վտանգավոր հետևանքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու և բնակչության կյանքին ու առողջությանը սպառնացող անմիջական վտանգները չեզոքացնելու նպատակով։ Այդ հիմնավորմամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ Ազգային Ժողովը սույն թվականի ապրիլի 29-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որով կառավարությունն Ազգային Ժողովից ստանում է առանց Ազգային Ժողովի համաձայնության 2020 թվականի պետական բյուջեում օրենքով սահմանված 3%-ի սահմանաչափը գերազանցող վերաբաշխումներ իրականացնելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով հաստատված պետական բյուջեի պակասորդը ավելացնելու և այդ ավելացված մասը ֆինանսավորելու համար լրացուցիչ պարտքեր ներգրավելու իրավունք։ Օրենքի համաձայն՝ սույն իրավական ռեժիմը գործելու է կառավարության 2020 թվականի պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելիս։ Օրենքի հիմնավորումներում մատնանշվել են ընդհանրական թվեր, մասնավորապես՝ նախատեսվում է 150 մլրդ դրամի չափով սոցիալ-տնտեսական աջակցության փաթեթ՝ ներառելով՝ 80 մլրդ դրամ տնտեսական երկարաժամկետ զարգացման, 25 մլրդ դրամ՝ ընթացիկ իրացվելիության խնդիրների լուծման համար ձեռնարկություններին աջակցության, 25 մլրդ դրամ՝ սոցիալական աջակցության և 20 մլրդ դրամ՝ պահուստային միջոցներ՝ անհրաժեշտ վերաբաշխումներ իրականացնելու համար։ Ընդ որում՝ անհասկանալի են տնտեսական երկարաժամկետ զարգացման օրակարգը, ձեռնարկությունների շրջանակը, սոցիալական աջակցության թիրախները։

Առհասարակ՝ ՀՀ Ազգային Ժողովի կողմից իր վերահսկողական գործիքներից որևէ չափով հրաժարումը խնդրահարույց է, այդ թվում՝ արտակարգ դրության կամ իրավիճակի կամ դրանց առնչվող անորոշության պարագայում, քանի որ դրանով նվազում է հանրային կառավարման գործընթացների թափանցիկությունը և ավելանում են կոռուպցիա ծնող գործոնները։ Սույն օրենքով նաև ստեղծվում է անցանկալի նախադեպ, որը կարող է գործարկվել նաև այլ ժամանակներում։

Սույնով հորդորում ենք ՀՀ իշխանություններին հետայսու ձեռնպահ մնալ նման պրակտիկայից։ Մինչ այդ, կոչ ենք անում․

ՀՀ կառավարությանը՝ քննարկվող ծրագրերի իրագործման ողջ գործընթացն իրականացնել առավել թափանցիկ և հաշվետվողական, քան նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ,

ՀՀ Ազգային Ժողովին՝ նախատեսված 150 մլրդ դրամի չափով վերաբաշխման ենթակա ծախսերի նկատմամբ ամենամսյա կատարողականի հաշվետվություն պահանջել կառավարությունից՝ դրանով թեկուզ post factum իրականացնելով պատշաճ խորհրդարանական վերահսկողություն պետական բյուջեում կատարվող փոփոխությունների նկատմամբ։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ