Հայտարարություն «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագծի կապակցությամբ
2018 թվականի գարնանը ժողովրդական ոչ բռնի պայքարի ուժով Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտից դուրս մղվեցին տարիներ շարունակ երկրի քաղաքացիներին հարստահարող, նրանց իրավունքները ոտնահարող և տարրական շահերն արհամարհող կառավարիչները։ Հեղափոխության արդյունքում երկրի ղեկը ստանձնած նոր առաջնորդների նկատմամբ կտրուկ աճեցին քաղաքացիների պահանջները և սպասելիքները։ Մասնավորապես, ակնկալվում է, որ ընտրյալ Ազգային ժողովը և նրա կողմից նշանակված կառավարությունը պետք է գործադրեն բոլոր հնարավոր ջանքերը՝ երաշխավորելու ՀՀ սահմանադրության հիմքերն՝ ունենալու ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, և այդ համատեքստում՝ վերականգնելու սոցիալական արդարությունը, որի դեմ առաջին հերթին ուղղված էր ժողովրդական ապստամբությունը։
ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հունվարին ՀՀ Ազգային Ժողով ներկայացվեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որում առաջարկվեցին հսկայածավալ փոփոխություններ և դրանք ընդունվեցին առաջին ընթերցմամբ։ Այդուհանդերձ, Նախագիծը խիստ խնդրահարույց համարվեց գործարար և սոցիալական տարբեր շերտերի ու խմբերի համար։
Աշխատողների տեսանկյունից վիճելի են գնահատվել եկամտային հարկի համահարթեցմանն առնչվող դրույթները, որոնց համաձայն նվազելու են միջին և բարձր աշխատավարձ ստացող սուբյեկտների եկամտային հարկի դրույքաչափերը և հավասարեցվելու ցածր աշխատավարձ ստացող սուբյեկտների եկամտային հարկի դրույքաչափին։ Միաժամանակ, բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով բարձրացվելու են լայն սպառման մի շարք ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը բերելու է ցածր եկամուտ ստացողների ծախսերի ավելացմանը: Բացի այդ, նախագծով նվազելու է բիզնեսի շահութահարկի, շահաբաժնի հարկի դրույքաչափը՝ հավասարեցելով եկամտային հարկի դրույքաչափին՝ այդպիսով ակնկալելով եկամտային հարկի ստվերի կրճատում։
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների համատեքստում խիստ մտահոգիչ ենք համարում դրա առաջ մղման գործընթացները և հիմնավորումները։ Մասնավորապես․
- Չի մշակվել հարկային փոփոխությունների ամբողջական հայեցակարգ, որով առավել համապարփակ և ընկալելի կներկայացվեր առաջարկվող փոփոխությունների ամբողջական փաթեթը և փիլիսոփայությունը՝ փոխանակ կցկտուր շեշտադրելու զուտ տնտեսական զարգացմանն ու ստվերից դուրս բերմանը միտված նպատակներն ու միջոցառումները։
- Չի կատարվել Նախագծով առաջարկվող կարգավորումների ազդեցության գնահատում, այդ թվում՝ բյուջետային և սոցիալական։ Չի վերլուծվել նախագծի ընդունման արդյունքում հարկային փոփոխությունների ազդեցությունը պետական բյուջեի վրա և կորուստների հետևանքները հենց «տնտեսական հեղափոխության» համատեքստում։ Չկան տվյալներ, թե որքան է կազմում բարձր աշխատավարձով վճարվող չգրանցված և բարձր աշխատավարձը ցածր ձևակերպված աշխատատեղերի թիվը և որքանով դրա արդյունքում կփոխհատուցվեն հնարավոր բյուջետային կորուստները։ Չի վերլուծվել հարկային փոփոխությունների ազդեցությունը աղքատ կամ աղքատության եզրին գտնվող խավի վրա։
- Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ավելի վաղ փուլում չեն քննարկվել շահագրգիռ կողմերի ազդակիր շրջանակների հետ, ինչի արդյունքում նախագծի առանձին հատվածների հրապարակային դառնալուն պես առանձին խմբեր ստիպված էին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներով պաշտպանել իրենց նեղ շահերը։ Կազմակերպված խորհրդարանական լսումներն, ըստ էության, կրեցին իմիտացիոն բնույթ, քանի որ հնչեցված մտահոգությունները իրենց արտացոլումը չգտան բովանդակության և գործընթացի մեջ։
- Սոցիալական արդարությանն առնչվող մտահոգություններին արձագանքելով ՀՀ կառավարությունն առաջարկում է փոխել անշարժ գույքի հարկման դրույքաչափերը, սակայն դա առավել նպատակահարմար և տրամաբանական կլիներ դիտարկել փաթեթով՝ քաղաքականության հիմքում ունենալով համապարփակ և ոչ հատվածային հաշվարկներ։ Կային նաև առաջարկություններ սահմանելու չհարկվող շեմ՝ որոշ չափով թեթևացնելու աղքատների հարկման բեռը, սակայն, ցավոք, դրան ընթացք չի տրվել, ինչը կարող է չարվել՝ հաշվի առնելով սոցիալական արդարության տեսլականի բացակայությունը։ Նման պայմաններում կասկածի տակ է դրվում ինչպես քաղաքականություն վարողների նեղ նպատակադրումը և հանրային շահին հետամուտ լինելու նրանց ցանկությունը, այլև բուն պրոֆեսիոնալիզմը և ռեֆորմներ անելու կարողությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ եկամտային հարկի համահարթեցմանն առնչվող փոփոխություններն ազդեցություն են թողնելու հասարակության սոցիալապես առավել խոցելի շերտերի վրա, ինչպես նաև անվստահություն են սերմանելու հանրային լայն զանգվածների մոտ, կոչ ենք անում ՀՀ Ազգային Ժողովին Նախագծի եկամտային հարկի համահարթեցմանն առնչվող դրույթների ընդունումը հետաձգել՝ դրանց անդրադառնալով փաթեթային և համապարփակ լուծումներով՝ առանցքում ունենալով սոցիալական արդարության և դրա ընկալման հաստատումը։
Այս մոտեցման պարագայում միայն կապահովվի սոցիալական պետության պարտավորությունների կատարումը սեփական քաղաքացիների նկատմամբ և հարկային քաղաքականության առավել լայն ընկալումն ու ընդունումը։