2016թ. սեպտեմբերի13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Առաջին իսկ օրվանից նրա նշանակումը և ծավալած ակտիվ գործունեությունը Հայաստանի քաղաքացիների մոտ ձևավորեց ակնկալիքների նոր ալիք՝ երկրում տնտեսական և սոցիալական հնարավոր բարեփոխումների առումով: Սակայն, հարկ է նշել, որ կառավարության գործունեության օրեցօր ակտիվացման համատեքստում, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք մտահոգիչ են և կասկածի տակ են դնում ձեռնարկվող քայլերի բուն նպատակն ու դրական ելքը:

Պետական ծախսերի ուռճացված լինելն անվիճելի փաստ է Հայաստանում, ուստի ծախսերի կրճատման մոտեցումն ինքնին կարող էր ողջունելի լինել: Սակայն, ներկայում պետական ապարատի ծախսերի կտրուկ կրճատումների վերաբերյալ որոշումներն ընդունվում են հապշտապ, հիմքում չունենալով որևէ ինստիտուցիոնալ կամ արդյունավետության հրապարակային վերլուծություն ու տնտեսագիտական հաշվարկներ՝ առանց գնահատելու քաղաքացիների սոցիալական վիճակի վրա դրանց ազդեցությունը, ինչպես նաև դրա հնարավոր հետևանքները տնտեսության համար առհասարակ:

Պետական ծախսերի արդյունավետության բարձրացման և հանրային վերահսկողության կարևորության մասին հայտարարություններին զուգահեռ ընդունված «Գնումների մասին» նոր օրենքով նախատեսվում է գաղտնագրել ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ծախսերը: Ակնհայտ է, որ սա չի կարող որևէ կերպ ընկալվել որպես պետական ծախսերի արդյունավետության բարձրացմանը միտված քայլ և, ընդամենը, կասկածի տակ է դնում ծախսերի արդյունավետությանն ու թափանցիկությանն ուղղված ջանքերի իրական նպատակն ու հայտարարությունների անկեղծությունը:

Վարկաբեկված և կոռուպցիոն սկանդալներում ներգրավված բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոններից ազատումը վաղուց սպասված ու պահանջված քայլ էր: Սակայն ներկայիս պաշտոնանկությունները չեն ուղեկցվում համապատասխան բացատրություններով կամ հիմնավորումներով, թե ինչու այս կամ այն անձն այլևս չի կարող պաշտոնավարել: Որևէ հրապարակային գնահատական չի տրվում այդ պաշտոնյաների գործունեության արդյունավետությանը, չեն գնահատվում պաշտոնյաների կողմից էթիկայի խախտումներն ու շահերի բախման իրավիճակներ, քրեորեն հետապնդելի չեն դառնում նրանց դրսևորած անօրինականությունները: Այսպիսի հանդուրժողականությունը չի բացառում որոշ ժամանակ անց քաղաքական կոնյունկտուրայի բերումով նույն կամ այլ պատասխանատու պաշտոններում այս պաշտոնյաների նշանակվելու հավանականությունը և, այսպիսի պրակտիկան արդեն իսկ առկա է Հայաստանում:

Կադրային փոփոխություններն, առհասարակ, իրականացվում են առանց պատշաճ հիմնավորման և հասարակության համար անհայտ չափորոշիչներով, ինչի արդյունքում հանրային կառավարման պատասխանատու պաշտոններում նշանակվում են անձինք, որոնք թեև հանրային ընկալման մեջ ունեն չվարկաբեկված կենսագրություն, սակայն չունեն հանրային կառավարման ոլորտի համապատասխան փորձառություն: Պատշաճ չեն գնահատվում հանրային կառավարման ոլորտի առանձնահատկությունները, և պետական համակարգ է ներմուծվում մասնավոր սեկտորի աշխատելաոճ, ինչը կարող է լրջորեն անդրադառնալ կառավարման արդյունավետության վրա:

Չափազանց մտահոգիչ է ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ-ին միանալուց հետո նրա կողմից նախկինում ղեկավարվող «Գազպրոմ Արմենիա» ընկերության հազարավոր աշխատակիցների՝ ՀՀԿ-ին անդամակցելու միաժամանակյա ցանկության դրսևորումը: Սա առնվազն ողջամիտ կասկած է հարուցում անդամակցության կամավորության և վարչապետի նախկին կապերն ու ներկա ազդեցության լծակներն օգտագործելու վերաբերյալ:

Լրջագույն խնդիր է այն, որ ՀՀ վարչապետն իր 100-օրյա գործունեության ընթացքում տված հրապարակային ելույթներում և հարցազրույցներում օրակարգային չի դարձրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրությունների, արդարադատության խնդիրները: Մինչդեռ սրանք այն հիմնարար հարցերն են, որոնց վրա խարսխվում է հանրային վստահությունը և առանց դրանց լուծման ու իրավիճակի բարելավման չի կարող արդյունավետ գնահատվել որևէ կառավարության գործունեությունը:

Կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քաղաքականության փոփոխության առումով դրսևորվել են որոշակի դրական միտումներ (գույքի և եկամուտների հայտարագրման բարելավում, ապօրինի հարստացման քրեականացում, ինստիտուցիոնալ փոփոխություններին ուղղված քայլեր և այլն), ինչն անշուշտ գնահատելի է: Սակայն չափազանց կարևոր է, որ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որպես կոռուպցիոն հանցագործություններ ճանաչվեն և դատապարտվեն նաև ընտրախախտումներն ու ընտրակեղծիքները, ինչը կարող է նպաստել գործարարների մուտքը խորհրդարան կանխարգելելուն և դրանով իսկ՝ քաղաքական կոռուպցիան նվազեցնելուն: Կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ հանրային վստահություն սերմանելու համար օրախնդիր է իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքը և կոռուպցիոն դրսևորումների բացահայտումը և դատապարտումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց մակարդակում, ինչը նաև հիմքեր կստեղծի ապօրինի հարստացման վերաբերյալ օրենսդրությունն ապագայում կյանքի կոչելու և անհամաչափ ունեցվածք կուտակած պաշտոնատար անձանց պատասխանատվության կոչելու համար: