Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումն իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի քաղաքացիական հասարակության շուրջ առկա վերջին զարգացումների վերաբերյալ, որոնք ՔՀՖ չորրորդ վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունը գնահատում է որպես հասարակական կազմակերպությունների հանդեպ իշխանությունների վերահսկողությունն ուժեղացնելու փորձ: Վերջին շրջանում նկատվում են ինտենսիվ փորձեր` ընդլայնելու և տարածելու Հայաստանի նախագահի հովանու տակ գործող Հանրային խորհրդի վիճահարույց մոդելը, որի համաձայն` Հանրային խորհուրդը ձգտում է նախագահի հրամանագրով ստեղծված խորհրդակցական մարմնից վերածվել Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կառույցի: Այդ մարմինը մշակել է քաղաքացիական հասարակության զարգացման հայեցակարգ, որն ի թիվս այլ դրույթների, պաշտպանում է ՔՀԿ-ների և պետական կազմակերպությունների "փոխներթափանցվածության" սկզբունքը, հռչակում է "քաղաքացիական ներուժի համախմբման" անհրաժեշտությունը, առաջարկում է տարբեր նախարարություններին կից հասարակական խորհուրդների ձևավորում, նշում է, որ անհրաժեշտ է "կարգավորել" արտաքին ֆինանսավորումը և ստեղծել ֆինանսավորման կենտրոնացված հաստատություն, նշում է, որ հարկավոր է "առանձնակի վերահկողություն" և հաշվեքննական (աուդիտորական) ստուգումների ենթարկել բարեգործական կազմակերպությունների գործունեությունը: Այս մոտեցումներն ակհնհայտորեն վտանգում են միավորումների ազատության սկզբունքը, կարող են հանգեցնել անկախ հասարակական վերահսկողություն իրականացնող կազմակերպությունների օտարացմանը, քննադատական ձայների լռեցմանը, լայն և իրական հանրային մասնակցության փոխարինմանը իմիտացիոն ժողովրդավարությամբ: Ակնկալվում է, որ այս միտումների կիզակետը կարող է դառնալ "Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի մասին" օրենքի ընդունումը: Հանրային խորհրդի նախաձեռնությունը հատկապես մտահոգիչ է, քանի որ հաջորդել է և մասամբ հիմնված էր ավելի վաղ տարածված` Հայաստանի Հանրապետությունում ԵՄ խորհրդատվական խմբի առաջարկների վրա, որոնք ի սկզբանե ուղղված էին քաղաքացիական հասարակության ամրապնդմանը: Թեև վերջին ամիսների ընթացքում հավաքների ազատության ուղղակի պաշտոնական սահմանափակումների դեպքեր չեն գրանցվել, սակայն առանձին հարցերի շուրջ մի շարք խաղաղ միջոցառումներ, այդ թվում` բազմազանության խնդիրների, կանանց, սեռական փոքրամասնությունների իրավունքների, ենթարկվել են ոտնձգությունների` բռնության հակված խմբերի կողմից: Մտահոգության առիթ է այն, որ այս ոտնձգությունների հետ կապված` ՀՀ իրավապահ մարմինների կողմից չի իրականացվել պատշաճ քննություն և պաշտոնապես չի պարզվել, թե ով է պատասխանատվություն կրում այդ հարձակումների համար: Բացի այդ, մի շարք դեպքերում պետական պաշտոնյաները, ինչպես նաև իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, որոշ ՔՀԿ-ների մեղադրել են այն բանում, որ նրանք վտանգում են երկրի անվտանգությունը և ազգային ինքնությունը: Վերը ն շված գործընթացներն անկախ ՔՀԿ-ների կողմից դիտվում են որպես վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից ձեռնարկած` քաղաքացիական հասարակության ոլորտում վերահսկողություն հաստատելու փորձերի շարունակություն: Այդ փորձերը մասնավորապես ընդգրկում էին արտաքին ֆինանսավորման սահմանափակումներ պարունակող օրինագծերի առաջադրումը, ՔՀԿ լոբբինգի խոչընդոտների ստեղծումը, գործադիրի լիազորությունների ավելացումը` ՔՀԿ-ների հանդեպ վերահսկողության և դրանց լուծարման հարցերում, և այլն: Մենք դատապարտում ենք Հայաստանի իշխանությունների այն նախաձեռնությունները, որոնք կարող են խոչընդոտել ՔՀԿ-ների աշխատանքը, և պահանջում ենք կազմակերպությունների ազատության սկզբունքի անվերապահ ապահովում` միջազգային պարտավորությունների համաձայն:

ՔՀՖ չորրորդ վեհաժողովի հայաստանյան պատվիրակություն Ստոկհոլմ, Շվեդիա