Մի քանի օր առաջ մի շարք լրատվամիջոցեր հաղորդեցին, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի պողոտայում գտնվող Կենտրոնական ծածկված շուկայի շենքում սկսվել են շինարարական աշխատանքներ: Տեղում պարզվեց, որ ընթացքի մեջ են լայնածավալ շինարարական աշխատանքներ՝ այդ թվում և կանգուն շենքի միջնամասում ստորգետնյա հարկերի կառուցում: Պարզվել է նաև, որ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հանրապետական նշանակության հուշարձանի տարածքում կատարվող աշխատանքները ոչ միայն չեն համաձայնեցվել Երևանի քաղաքապետարանի հետ, այլև պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ մշակույթի նախարարության հետ: Երևանի կենտրոնական ծածկված (փակ) շուկան ունի թե' ճարտարապետական, թե' ճարտարագիտական մեծ արժեք, ինչպես նաև պատմական նշանակություն: Այն նախագծվել է ճարտարապետ Գ. Աղաբաբյանի (ում հարյուրամյա հոբելյանը նշվեց նախորդ տարի), և կոնստրուկտոր Հ. Առաքելյանի կողմից և արժանացել բազմաթիվ մրցանակների, հրապարակվել է Երևանի մասին գրեթե բոլոր հրատարակումներում: Ելնելով այս ամենից պահանջում ենք. - դադարեցնել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված (թիվ՝ 1.6.152) շինության տարածքում սկսված աշխատանքները, - համաձայն ,Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասինե ՀՀ օրենքի` քննարկել նախագծային միջամտությունները ՀՀ մշակույթի նախարարության համապատասխան ստորաբաժանումներում, - Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում լայն ու բազմակողմանի մասնագիտական քննարկման ներկայացնել նախագիծը, այդ թվում և հուշարձանի ներքին տարածությունում իրականցվող փոփոխությունները, - Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի համաձայն իրականացնել հանրության իրազեկում և անհրաժեշտ քննարկումներ: Լիահույս ենք, որ ի պատասխան այս գրության մեր հասարակությունը վկան կլինի նախորդ տարվա ընթացքում սկսված շրջահայաց և ըմբռնող մոտեցման ևս մեկ դրսևորման: Խնդրում ենք Ձեր պատասխանն ուղարկել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ գրասենյակ Երևան, Այգեստան 9-րդ փողոց, տուն 6 հասցեով, հեռ. 569910:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ, Հին և նոր քաղաք հիմնադրամ, Մեր քաղաքը ՀՔՆ, Մենք ենք այն քաղաքի տերը ՔՆ, Պահպանենք Հանրապետության հրապարակը ՔՆ, Պետական կարիքների զոհեր ՀԿ, ՈւրբանԼաբԵրևան, Փրկենք հուշարձանները նախաձեռնություն