Մենք ներքոստորագրյալներս, խիստ մտահոգված ենք այն փաստով, որ ժողովրդավարական գործընթացները վերականգնելու նվազագույն պահանջները, որոնք շարադրված են ԵԽԽՎ թիվ 1609 և 1620 բանաձևերում և որոնք հրատապ են ճանաչվել ՀՀ կառավարության կողմից, չեն իրականացվել, փոխարենը իշխանությունների կողմից նոր սահմանափակումներ են կիրառվում: Մենք, մասնավորապես, մտահոգված ենք հավաքների ազատության հիմնարար իրավունքով, որն ամրագրված է Մարդու իրավունքների հռչակագրով և ՀՀ սահմանադրությամբ: Արտակարգ դրությանը հաջորդած ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիական հասարակութանը շարունակաբար թույլ չեն տվել մի շարք կարևոր (սկսած մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից և ավարտած կրոնի ազատության) թեմաներով միտինգներ, քննարկումներ, տեսաֆիլմերի ցուցադրումներ և կլոր սեղաններ անցկացնել: Հյուրանոցների, կինոթատրոնների և բիզնես կենտրոնների համար սովորական է դարձել ՀՀ կառավարության և առկա իրավիճակի հանդեպ քննադական մոտեցում ունեցող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին տարածքի վարձակալման հարցում մերժելը: «Արմենիա-Մարիոթ», «Կոնգրես», «Անի պլազա» և այլ հյուրանոցներ, ինչպես նաև «Մոսկվա» կինոթատրոնը շարունակաբար մերժել են դահլիճի վարձակալությունը քաղաքացիական հասարակության կողմից անցկացվող միջոցառումների համար; դրանք պիտակավորելով որպես «քաղաքական: Որոշ հյուրանոցներ բացեիբաց ասել են, որ հրահանգ ունեն դահլիճները վարձով չտալ այնպիսի միջոցառումների համար, որոնք կարող են քաղաքական համարվել և ստիպված են զանգահարել «համապատասխան մարդկանց» միջոցառումների «քաղաքական» լինելու բնույթը ստուգելու համար: Որոշները բանավոր ասել են, որ իրենց չի թույլատրվում դահլիճները վարձով տալ այդ կարգի նպատակների համար, սակայն իրենց գրավոր պատասխաններում նշել են այլ կարգի տարբեր արդարացումներ, ինչպես օրինակ, տեխնիկական խնդիրները կամ դահլիճների զբաղված լինելը: Դահլիճները վարձով չտալու համար գործարարների վրա գործադրված ճնշումը դուրս է իրավական որևէ համատեքստից. մասնավոր ընկերությունների կողմից դահլիճները վարձով տալու գործընթացները կարգավորող որևէ օրենք գոյություն չունի: Նման հակաժողովրդավարական դրսևորումները նոր և լուրջ հարված են հասցնում ժողովրդավարությանը և շուկայական տնտեսությանը: Ստորև բերված են իրավական կազմակերպությունների և գործողությունների միայն որոշ օրինակներ, որոնց համար մերժվել է վարձակալության պայմանագրի տրամադրումը: * սեպտեմբեր ամսին «Կոնգրես» հյուրանոցը մերժել է «Ընդդեմ իրավական կամայականությանե հիմնադրամ» կողմից կազմակերպված միջոցառումը, Սայաթ-Նովայի անվան դպրոցի ուսուցիչների աշխատանքից ազատման հարցի վերաբերյալ (աշխատանքային իրավունքների պաշտպանության գործ): Բանավոր բացատրության մեջ ասվում էր, որ այն քաղաքական բնույթի է: * «Կոնգրես» հյուրանոցը սկզբում հաստատել, իսկ հետո մերժել է հյուրընկալել հոկտեմբերի 9-ի հանրապետությունում տեղի ունեցող գործընթացներին (հեռարձակման մասին օրենքի վերջին փոփոխությունները, լրատվամիջոցների ազատության/լրատվության մատչելիության խախտումները, հավաքների և միավորման ազատությունը, համատարած կոռուպցիան և իշխանության չարաշահումը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հաշվետվությունը և ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի իրականացումը հանրապետությունում) առնչվող հիմնական մտահոգությունները քննարկելու Գործընկերության միջոցառումը: Բանավոր բացատրվել է, որ իրենք չեն կարող հյուրընկալել «քաղաքական» միջոցառումներ, և որ Բաց հասարակության ինստիտուտը մերժում կստանա նաև մնացած բոլոր հյուրանոցներից: Զուգահեռաբար, նույն խնդրանքը ներկայացվել էր նաև «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցին: Վերջինս ստիպված է եղել «որոշում կայացնողներից» ճշտել, թե նրանք կարող են թույլ տալ միջոցառման հյուրընկալումը: * «Մոսկվա» կինոթատրոնը սկզբում համաձայնել, սակայն հետո հրաժարվել է ցուցադրել «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի պատվերով Տիգրան Պասկևիչյանի նկարահանած «Օտարում» ֆիլմը նույնիսկ նախնական պայմանավորվածության համաձայն գումարներն արդեն փոխանցված լինելու պարագայում: Բանավոր պաշտոնական պատասխանը եղել է այն, որ իրենք չեն կարող թույլ տալ «քաղաքական բնույթի» ֆիլմերի ցուցադրում: «Քաղաքական» համարելու պատճառն այն է եղել, որ դրվագներից մեկում երևում է Լևոն Տեր-Պետրոսյանը: Հետագայում ֆիլմի ցուցադրումը մերժվել է ինչպես «Մարիոթ», այնպես էլ «Կոնգրես» հյուրանոցների կողմից: Միջոցառման անցկացումը նախատեսված էր հոկտեմբերի 10-ին, սակայն, վերոհիշյալ պատճառներից ելնելով, կազմակերպիչները ստիպված էին ցուցադրումը տեղափոխել հոկտեմբերի 27-ին, Թեքեյան մշակույթի կենտրոնում: * Հայաստանի հելսինկյան կոմիտեն ստիպված էր պայքարել, որպեսզի հյուրանոցում տարածք վարձակալեր` «Բռնությունը դպրոցներում» թեմայով նյութի ներկայացման համար: * «Անի» և «Կոնգրես» հյուրանոցները մերժել են հյուրընկալել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինարը, կրոնական հանդուրժողականության թեմայով, «Էրեբունի» հյուրանոցը սկզբում համաձայնել է, հետո հրաժարվել հյուրընկալել միջոցառումը: Ըստ պաշտոնական բացատրության ազատ դահլիճներ չկային, որը, ինչպես մենք պարզեցինք, ճիշտ չէր: Մենք գտնում ենք, որ այս իրավիճակը խորապես անհանգստացնող և անընդունելի է մի երկրի համար, որն ընդգրկված է Եվրոպական նոր հարևանների քաղաքականության ծրագրում` մեկ անգամ ևս ընդգծելով ժողովրդավարական արժեքների ու սկզբունքների գերակայությունը երկրի համար: Մենք կոչ ենք անում ՀՀ կառավարությանը` դադարեցնել իշխանության չարաշահումը, ինչը հակասում է ժողովրդավարական բոլոր նորմերին և ազատ տնտեսական համակարգին: Մենք նաև կոչ են անում բոլոր գործարարներին տեղի չտալ իշխանությունների ճնշմանը, որի պատճառով ՀՀ քաղաքացիներ զրկվում են հավաքների ազատության և խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից: Պետք է այժմ վերջ տալ Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված իրավունքների այս չարաշահումներին` իրավունքներ, որոնք հայ ժողովուրդն ինքն է իրեն տվել: Ստորագրված է

«Ասպարեզ» ժուռնալիստների ակումբ, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ-Հայաստան, Երևանի մամուլի ակումբ, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, «Ինտերնյուս» Մամուլի աջակցության ՀԿ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, «Կրթության ասպարեզ» ՀԿ, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ, Հայաստանի հելսինկյան կոմիտե, Հայաստանի հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Մամուլի բազմազանության ինստիտուտ, «Մենք պլյուս» ՀԿ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ